HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Քաղցկեղ ունեցող մարդկանց կեսից ավելին բուժվում է». հարցեր ուռուցքաբանին

«Հետք»-ը նոր շարք է սկսում, զրուցելու ենք բժիշկների հետ՝ #Բժշկիմոտ, որտեղ խոսելու ենք առողջական ամենատարածված թեմաներից։

Այս շարքում փորձելու ենք կոտրել տարբեր հիվանդությունների վերաբերյալ տարածված միֆերն ու կարծրատիպերը։ Բժիշկներին տալու ենք հարցեր, որոնց մասին երբեմն մտածում ենք, բայց չենք տալիս ու չենք դիմում, մինչև «դանակը ոսկորին չհասնի»:

Մեր առաջին զրուցակիցն է Երևանի Միքայելյան համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկայի ուռուցքաբան, ԵՊԲՀ դասախոս Արմեն Ավագյանը։

 

Նախ՝  5 պարզ հարց ուռուցքաբանության մասին.

Մարդ պետք է դիմի ուռուցքաբանի, եթե….

Պետք է մարդ դիմի ուռուցքաբանին, եթե, օրինակ, վիզուալ ունի մաշկի, խալի փոփոխություններ և այլն կամ երկարատև չբուժվող վերքեր, խոցեր։ Կամ եթե ինքը շոշափել է որևէ գոյացություն և նկատում է, որ այդ գոյացությունը չի անցնում և հակառակը, չի մեծանում, բայց երկարատև, կամ թեկուզ՝ կարճ  ժամանակ առկա է, պարտադիր պետք է դիմի։

Նաև երբ ունի կոնկրետ օրգան համակարգին բնորոշ գանգատներ, որը երկարատև է, օրինակ՝ աղիները, պաթոլոգիկ արտադրություն հետանցքից, կեղտի հետ արյուն, լորձ և այլն, պետք է անպայման դիմի բժշկի։

Ծխողները, 50-ից բարձր, երբ որ ունեն տարօրինակ հազ, թուլություն, ջերմություն և այլ, պարտադիր պետք է դիմեն բժշկի, որն էլ հետազոտի, ուղղորդի ուռուցքաբանի մոտ։

Ընդհանրապես, առաջին այցը ուռուցքաբանի մոտ չի լինում, բայց բժշկի դիմելը պարտադիր է։

Երբ ախտորոշումը հաստատվել է, խուճապի չմատնվելուց բացի, ի՞նչ անել

Եթե ուռուցքն արդեն հաստատվում է, պետք է պարտադիր դիմի ուռուցքաբանին, ոչ թե հարևանին, խնամուն, ծանոթին, գյուղի բժշկին և այլն, որը ճիշտ կպլանավորի։

Ի՞նչ պրոֆիլակտիկ ստուգումներ ու ի՞նչ հաճախականությամբ պետք է արվեն։

Հայաստանում կա սկրինինգային ծրագիր արգանդի վզիկի քաղցկեղի, որի ընդգրկվածությունը շատ քիչ է, մարդիկ չեն գնում, չեն դիմում, բայց դա անվճար է և լավ սկրինինգային մեթոդ է, իրականացվում է 1 տարին, 2 տարին մեկ անգամ և հայտնաբերում են հիվանդությունը վաղ փուլերում, որը բուժելի է։ Անպայման պետք է օգտվել սկրինինգային ծրագրերից։

Կրծքագեղձի խնդրով, առավել ևս, եթե գենետիկան ծանրաբեռնված է, 40-45 տարեկանից հետո պարտադիր տարին կամ 2 տարին մեկ անցնեն հետազոտություն, դա կլինի մամոգրաֆիկ, սոնոգրաֆիկ հետազոտություն, թե այլ, որովհետև շուտ հայտնաբերումը կբերի լիարժեք առողջացման։

Իսկ ծխող տղամարդիկ 50-55-ից բարձր, եթե ունեն հնարավորություն 2 տարին մեկ անեն թոքերի ԿՏ (համակարգչային տոմոգրաֆիա, հեղ.), որը դարձյալ շուտ կհայտնաբերի, բայց սա կապված է ծախսի հետ և, ցավոք, դեռ սկրինինգային ծրագիր չէ։

Ի՞նչ տարածված միֆեր ու կարծրատիպեր կան քաղցկեղի մասին:

Կան, իհարկե։ Քանի որ ես նաև դեղորայքային բուժմամբ եմ զբաղվում, առաջին կարծրատիպն այն է, որ եթե մարդ եկել, հասել է քիմիաթերապևտի մոտ, ուրեմն վերջ, ինքն արդեն փրկություն չունի։ Այդ միֆն ուզում եմ կոտրել ու ասել, որ ուռուցքային հիվանդությունների մեծ մասի բուժման մեջ իր պարտադիր տեղը գրավում է դեղորայքային բուժումը, քիմիաթերապիան, որն արվում է հաճախակի պրոֆիլակտիկ նպատակով, որ հիվանդությունը հետագայում չկրկնվի։

Քիմաթերապիա ինչ-որ արտասովոր բան չէ, դեղորայք է, որը ներարկվում է հաճախ՝ սովորական ձևով, ներերակային, իսկ հետևանքները կառավարելի են մասնագետի կողմից։

Հաճախ ամենատարբեր գոյացությունների դեպքում, մարդիկ ասում են՝ վերջ, ինձ մոտ քաղցկեղ է, խուճապի են մատնվում՝ առանց պատճառի։ Բայց ասենք, որ գոյացությունները լինում են բարորակ և չարորակ, և քաղցկեղը հենց չարորակն է։

Հա։ Բարորակ ուռուցքներ կան, որ վերածվում են չարորակի, սակայն բարորակները բարորակ են մնում հիմնականում, շատ քիչ դեպքեր կան, երբ վերածվում են։ Բարորակները հիմնականում, կախված տեղակայությունից, վիրահատական միջոցառումներով առողջանում են և վերանում են։ Բարորակին մենք քաղցկեղ չենք ասում։ Իսկ չարորակի դեպքում էլ, նորից ասում եմ, ինքը մեծ տոկոս առողջացում ունի, շատ մեծ տոկոս, ուղղակի սենց մի խնդիր կա. այն մարդիկ, ովքեր որ գալիս են, բուժումը ստանում են առողջացման համար, հաճախ ինֆորմացիան պահում են, չեն ուզում ներկայացնեն, որ իրենք բուժում են ստանում, չեն խոսում դրա մասին, դրա համար լավ դեպքերի, բուժվող դեպքերի մասին չեն բարձրաձայնում և չեն հանրայնացնում։ Մենք ավելի շատ ունենք բուժված հիվանդներ, քան թե կորցրած։

Կա՞ մոտավոր թիվ, թե քանիսն են բուժվում:

Կարող եմ ասել՝ կեսից ավելին։ Սա մեծ ձեռքբերում է, և պիտի հասկանանք, որ քաղցկեղը բուժելի է ցանկացած դեպքում։

___________________________________________________________________________________________________

 Հայաստանում ամեն 58-րդ բնակիչ ունի քաղցկեղ։ Թեև 2017-2020թթ.-ին (2021թ․ տվյալները մշակվում են) կյանքում առաջին անգամ չարորակ նորագոյացություն ունեցող և հաշվառված անձանց թիվը նվազել է մոտ 17,4%-ով՝ 1500 դեպքով, սակայն նույն ժամանակահատվածում քաղցկեղ ունեցող մարդկանց թիվն աճել է 13,1%-ով՝ մոտ 6500 դեպքով։ 2020թ․-ին քաղցկեղի 70 դեպք գրանցվել է մինչև 18 տարեկանների մոտ։ Տղամարդկանց մոտ ամենաշատը տարածված է թոքի քաղցկեղը, կանանց մոտ՝ կրծքագեղձի։

Օնկոլոգիական հիվանդությունների աճի տենդենց կա՞:

Ամբողջ աշխարհում աճի տենդենց կա, նաև՝ Հայաստանում, բայց որ ասեմ իրականում շատ ենք տարբերվում ամբողջ աշխարհից, սուտ կլինի։ Ստատիստիկորեն մոտ ենք ամբողջ աշխարհի ընդհանուր ստատիստիկային։  Մի ուրիշ խնդիր ենք ունեցել. մինչև 2019-2020թթ. մեր ստատիստիկան հստակ չի եղել, էլեկտրոնային բազա չենք ունեցել, զուտ թղթային ստատիստիկա է հավաքվել, որտեղ շատ է եղել մարդկային գործոնը, սխալմունքը. նույն հիվանդը կարող էր երկու անգամ ընդգրկվել, դրա համար վիճակագրությունը մի քիչ սխալ է եղել մինչև վերջերս, երբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը զարգացնում է Cancer register ասվածը, քաղցկեղային ռեգիստրը, որտեղ արդեն էլեկտրոնային ներմուծվում են հիվանդի տվյալները, իսկ կրկնակի դեպքի ժամանակ համակարգիչը բերում է։

Բայց նաև կարող էր հակառակը լինել, չէ՞։ Այսինքն՝ գրանցված դեպքերը փաստացի դեպքերից քիչ լինեին, քանի որ ոչ բոլորն են դիմում և հաշվառվում։

Կարող էր, բայց փաստը ցույց տվեց, որ որոշակիորեն պակասեց թիվը, քան թե նախորդ տարիների առաջնակի դեպքերն էին։ Աճ կա իրականում, բայց ստատիստիկան մեր սխալ է ի սկզբանե և հիմա նոր-նոր պիտի ավելի ճշգրտվի, բայց աճ միանշանակ կա։ Մենք էլ ենք դա նկատում, նաև՝ հիվանդության երիտասարդացում։ Համեմատական, պակաս է առաջնակի հիվանդների թիվը, քան, ասենք, 2018թ.-ին։  

Քաղցկեղը համարվում է համեմատաբար մեծ տարիքու՞մ հանդիպող հիվանդություն:

Այո’, այն ընդհանրապես միշտ համարվել է տարեցների հիվանդություն։ Ինչքան մարդը մեծ է, այնքան մեծ է իր մոտ քաղցկեղի զարգանալու հավանականությունը։ Բայց, միևնույն ժամանակ, նկատում ենք երիտասարդացման տենդենց, որովհետև 10-15 տարի առաջ, երբ որ մեզ համար 25-30 տարեկան պացիենտը շոկային դեպք էր, հիմա մենք ունենք մշտական բուժման մեջ գտնվող այդ տարիքի պացիենտներ։

Կանա՞նց, թե՞ տղամարդկանց շրջանում:

Երևի, ավելի շատ կանանց մոտ, նույն՝ կրծքագեղձի քաղցկեղն էլ է երիտասարդացել։

Մամոգրաֆիա չեն անում երիտասարդ տարիքում, վնա՞ս է:

Թյուր կարծիք կա ժողովրդի մեջ. էսպես է՝ կրծքագեցձի կառուցվածքից ելնելով՝ երիտասարդ տարիքում կրծքագեղձում գերակշռում է գեղձային հյուսվածքն, ու ինքն ավելի զգայուն է սոնոգրաֆիայի հանդեպ, ավելի լավ տվյալ է ստացվում, երբ որ սոնոգրաֆիա ենք անում։ 40-ից բարձրների մոտ գերակշռում է ճարպային հյուսվածքն ու զգայունությունն ավելի մեծանում է ռենտգեն ճառագայթների նկատմամբ՝ մամոգրաֆիայի հանդեպ։ Դրա համար ասում ենք, որ ավելի լավ տվյալ ստանում ենք 40-ից հետո մամոգրաֆիայով, բայց դա չի նշանակում, որ 30-ում, եթե պետք լինի, մամոգրաֆիա չենք անում, էնպես չի, որ չի կարելի կամ ինչ-որ տվյալ վատն է։

Գործոններ կա՞ն, որ նպաստում են քաղցկեղի առաջացմանն ու զարգացմանը: 

Քաղցկեղը բազմապատճառ հիվանդություն է, երբեք կոնկրետ պատճառ չի լինում։ Լինում է, որ կապում ենք ինչ-որ պատճառի հետ, որն արդեն պրոցեսն ավելի արագացրել է՝ սթրեսային գործոններից սկսած, իմունիտետ, արտաքին միջավայր, վնասակար սովորություններ, ճառագայթում և այլն, և այլն։ Օրինակ, մի 30 տարի առաջ, որ էստեղ նստած լինեինք, փորձեինք ճառագայթի աղբյուր գտնել, չէինք գտնի, բայց հիմա սովորական հեռախոսով փորձենք wifi-ին միանալ, 50-ից ավելի ալիք կլինի։

Հեռախոսի վնասկար ազդեցությունն ապացուցվա՞ծ է, որ ասում են՝ մի դրեք գրպանը, կամ սրտին մոտ՝ ճառագայթում է, կհիվանդանաք։ 

Չենք կարող ասել՝ սխալ է, բայց ապացուցված չէ, որ առաջացնում է. ներկայում ապացուցողական բժշկությամբ մենք զբաղվում ենք, բայց տարիների ուսումնասիրություն է պետք։ Կան տարբեր կարծիքներ, բայց հստակ գիտական տվյալ, որ սա առաջացնում է, սա չի առաջացնում, չկա, բայց, որպես սուբյեկտիվ կարծիք եթե նայենք, տարբեր ձևերի ճառագայթումը կարող է օրգանիզմի դիսբալանսի և փոփոխության բերել։

Սնունդը կապ ունի՞, կարո՞ղ է լինել նպաստող:

Այո’, իհարկե։ Առողջ սնունդը միշտ խրախուսվում է։ Ֆասթֆուդերը, կիսաֆաբրիկատները, տրանսճարպերը քաղցկեղածին են դրանք բոլորը համարվում, այսինքն՝ ոչ թե պարտադիր դրանք քաղցկեղ կարող են առաջացանել, այլ իրենք նպաստում են։ Գումարային պատճառները վերջնական կարող են բերել որևէ օրգանի ախտահարման։

Իսկ երբ ասում են, որ չես խոսում, կուտակում ես ներսդ, դա կարող է հիվանդությունների պատճառ դառնալ, նաև սրտաբանական և այլ, որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը, նույն՝ քաղցկեղի դեպքում, որպես պսիխոսոմատիկա։

Իհարկե, սա իր բացատրությունն ունի, պարզ է. հոգեբանական վիճակները, որոնք բերում են օրգանիզմի սթրեսին, ընթանում են իմունիտետի ընկճմամբ, իմունիտետի ընկճումը կարող է բերել ցանկացած հիվանդության։

Հանքարդյունաբերությունը կարո՞ղ է նպաստել քաղցկեղի առաջացմանը, օրինակ, Ալավերդի քաղաքում մենք ուսումնասիրել էինք քաղցկեղի դեպքերը։

Կարող է նպաստել, բայց հստակ գիտական տվյալ կամ ուղղակի կապ չունենք։

Կանանց մոտ Հայաստանում ավելի շատ կրծքագեղձի քաղցկեղն է տարածված, նաև ասում են, որ տարածաշրջանում Հայաստանի թվերն ամենաբարձրն են։

Այս մասով պետք է խոսենք տարածաշրջանի վիճակագրության մասին։ Ես վստահ չեմ ո’չ Վրաստանի ստատիստիկ ճիշտ տվյալների վրա, ո’չ հարևան մյուս երկրների, և նաև՝ Հայաստանի՝ մինչև վերջերս։ Կամաց-կամաց այդ ստատիստիկան գնում է իր ճիշտ տեղը՝ երբ որ էլեկտրոնային է դառնում, ավելի շատ նվազում են առաջնային դեպքերը, քան թե ավելանում։ Ես կասեմ, որ մենք քիչ ենք տարբերվում ամբողջ աշխարհի միջին ստատիստիկ տվյալներից, հաստատ մեծ տարբերություններ չպետք է ունենանք։

Իսկ կրծքագեղձի քաղցկեղն ամբողջ աշխարհում է համարվում խիստ տարածված հիվանդություն։ Միջին ստատիստիկ տվյալներով՝ ամբողջ աշխարհի ամեն 7-րդ կնոջ մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ։ 

Պատճառներն ուսումնասիրվա՞ծ են, թե՞ նույնպես բազմապատճառ կարող է լինել։

Բազմապատճառ է։ Կրծքագեղձն ակտիվ օրգան է, ամսվա ընթացքում միշտ իր հյուսվածքը փոփոխվում է՝ կնոջ հորմոնալ փոփոխությունների հետ, ինքը ակտիվ օրգան է, դրա համար այնտեղ ավելի հաճախ են ուռուցքային խնդիրներ զարգանում։

Որո՞նք են ռիսկի գործոնները։

Ռիսկի ֆակտորն ավելանում է, երբ դաշտանային ցիկլը սկսվել է շուտ, վաղ տարիքում, և ավելի հավանական է, որ կունենա կրծքագեղձի քաղցկեղ։ Հակառակը, եթե ուշ է սկսվում, այնքան ավելի քիչ է հավանական։

Եթե հարազատների մոտ ախտորոշված է եղել կրծքագեղձի քաղցկեղ, պացիենտի մոտ ռիսկը մեծանում է։ Վնասակար սովորությունները, ալկոհոլի մշտական օգտագործումը նույնպես ապացուցված են, որ բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը։ Այսինքն, այս ամենի գումարային պատճառով վերջում կարող է առաջանալ կրծքագեղձի քաղցկեղ։ 

Կա՞ն այլ տարածված քաղցկեղածին տարրեր, որոնք մենք հաճախ կարող ենք հանդիպել։

Ամենաառաջինը ծխախոտն է, երկրորդը՝ մեր սիրելի արևը. արևի ուղիղ ճառագայթումը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը մաշկի քաղցկեղ է առաջացնում (մելանոմա), և ինքը համարվում է վնասակար, ճառագայթման տակ ժամանակ խորհուրդ չի տրվում երկար գտնվել՝ ժամը 12:00-ից-17:00-ի միջակայքում, գարուն, ամառ, աշնան սկիզբ, այսինքն՝ երբ արևի ճառագայթներն ավելի վտանգավոր են լինում։ Ճառագայթն ուղղակիորեն վնասում է մաշկն ու ենթամաշկը։

Հայաստանում մելանոման տարածում ունի՞:

Ամբողջ աշխարհում թվով ինքը բարձր չէ, միջինը մոտ 60-70 առաջնակի դեպք է Հայաստանում տարեկան գրանցվում, բայց ինքը շատ խիստ ուշադրության արժանանում է նրանով, քանի որ ախտահարում է երիտասարդ և միջին տարիքի մարդկանց հաճախ, և շատ ագրեսիվ ուռուցք է. նկատելուց մինչև 4-րդ ստադիա զարգացում կարող է մի քանի ամիս տևել, և պացիենտը միանգամից կարող է դառնալ անբուժելի։ Այլ ուռուցքների դեպքում, օրինակ, կրծքագեղձի, իհարկե, խորհուրդ չենք տալիս ձգձգել, որ կասկած լինի, միանգամից դիմել բժշկի, բայց եթե երկու ամիս հետո դիմեն բժշկի, կարող է դեռ խնդիրն այդքան էլ խորացած չլինի։

Ճառագայթների մասով՝ գեղեցկության սրահներում օգտագործվող սարքերի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարո՞ղ են ազդել։

Սոլյարիների վնասակար էֆեկտն ապացուցված է նույն՝ մաշկի քաղցկեղի դեպքում, ապացուցված է գիտականորեն։ Մնացած ճառագայթման մասին հստակ ինֆորմացիա, հստակ գիտական տվյալներ չկան, բայց նման բաներից ես խորհուրդ կտամ հնարավորինս քիչ օգտվել։

Այլ քաղցկեղածին նյութեր կա՞ն:

Շինարարության մեջ կան. ազբեստը, որը բավականին կիրառվում էր խորհրդային և հետխորհրդային երկրներում, աշխարհում արգելված նյութ է, բայց Հայաստանում դեռ հանդիպում ենք։ Ազբեստը խիստ քաղցկեղածին է, և դա ապացուցված է։ 

Տղամարդկանց մոտ Հայաստանում ամենաշատը հանդիպում է թոքի, շնչափողի, բրոնխի քաղցկեղ։ Սա ինչո՞վ է պայմանավորված։

Հիմնական պատճառը ծխելն է։ Իմ դիտարկմամբ՝ ներկայում երիտասարդներն ավելի քիչ են ծխում, բայց ավագ սերնդում եզակի մարդիկ կան, որ չեն ծխում։ Ծխելն ապացուցված է, որ 100%-ով առաջացնում է թոքի քաղցկեղ, ուղղակի մարդիկ կան, որ այդ տարիքին չեն հասնում, էդքան չեն ապրում։

70 տարեկանից բա՞րձր:

Հիմնական խումբն այդ տարիքին մոտ է։ Մարդ կա՝ ասում է 40 տարի ծխում եմ, քաղցկեղ չի առաջացել, ուղղակի այդ մարդը 70-80 տարեկանում մահանում է ինչ-որ այլ պատճառով, բայց որ ապրեր 90 տարի, ինքը կունենար նաև թոքի քաղցկեղ, որովհետև երկարատև ծխելն ամեն դեպքում մեծ տարիքում առաջացնում է քաղցկեղ։ Ծխախոտն իր մեջ պարունակում է 50-ից ավելի ապացուցված քաղցկեղածին նյութեր։ Եթե այդ նյութերը 40 տարի մշտական ազդում են նույն հյուսվածքի վրա, դա մի օր պետք է բերի խնդրի առաջացման։

Հայաստանում քաղցկեղի բուժման ամենատարածված տարբերակը վիրաբուժականն է՝ մոտ 60%, դեղորայքայինը՝ 20%, ճառագայթային և քիմիա 3-5%։ Վիրաբուժականը համարվում է առավել արդյունավե՞տ, թե՞ դա կապված է քաղցկեղի ստադիայից։

Հիվանդության բուժման պլանավորումը զարգացած երկրներում արվում է բժշիկների խմբի միջոցով, որոնք որոշում են պացիենտի բուժման ճիշտ տակտիկան. այդտեղ ներառվում են տարբեր մասնագետներ՝ ուռուցքաբան, վիրաբույժ, ճառագայթային բժիշկ, դիագնոստիկ բժիշկ և այլն։ Ամբողջ տվյալները մշակելով՝ ընտրում են լավագույն տարբերակը։

Հայաստանում ներդրվում է և գնալով ավելի է զարգանում այդ ուղղությունը, բայց մինչև վերջին տարիները դա չի գործել, և անհատական մակարդակով է հիվանդի մոտեցումը եղել։ Այսինքն՝ ճիշտ մոտեցումներ ժամանակին չեն եղել։

Վիրաբուժական բուժումը հաճախ է կիրառվում։ Այն կիրառվում է 1-3-րդ ստադիաների ուռուցքների բուժման մեջ։ 

Իսկ 4-րդ ստադիայի դեպքո՞ւմ:

Հայաստանում ընդհանուր հայտնաբերելիությամբ՝ ավելի հաճախ հայտնաբերում են հենց 4-րդ ստադիայի ուռուցքները։ 30-40%-ի մոտ ախտորոշվում է 4-րդ ստադիա՝ ուշ դիմելիության պատճառով։ Ավտոմատ, այդ մասսան պետք է վիրաբուժության չգնար, բայց երբեմն լինում է, որ անիմաստ գնում են։

Արդեն դա օգուտ չէ՞:

Կոպիտ չասեմ՝ հակացուցված է, բայց բուժական նպատակով օգուտ չէ, դա մարդու ապրելիությունը չի ավելացնում։

Դեպքեր կան, երբ մարդը պետք է ճառագայթվի, նոր վիրահատվի, բայց վիրահատությունն անխուսափելի է, ռադիկալ, արմատական բուժում անելու համար վիրահատությունը գրեթե անբաժան մասն է։ 

Հետո կարող է լինել արդեն դեղորայքայի՞ն, ճառագայթայի՞ն:

Այո՛, որպեսզի կրկնությունը բացառենք, փորձենք կրկնության ռիսկը նվազեցնել։ Քիմիաթերապիան՝ դեղորայքային բուժումը, իրականում ներկայում բավական լավ մակարդակի վրա է Հայաստանում, որովհետև այն միջազգային պրոտոկոլները, բուժման սխեմաները, որոնք արվում են, գրեթե բոլորն էլ մենք իրականացնում ենք Հայաստանում տարբեր կլինիկաներում, նորմալ, բավականին որակով։

Քաղցկեղի բուժման շատ դեղեր գրանցված չեն, անհրաժեշտության դեպքում ի՞նչ եք անում, դիմու՞մ եք Առողջապահության նախարարությանը, որ տրամադրեն։

Պետությունը դեղորայքային բեռը, ցավոք սրտի, չի կարող վերցնել իր վրա, դա անհնար է, իսկ համավճարը (պետությունը տարվա կտրվածքով որոշակի գումար է նախատեսում պացիենտի համար, կարգ կա՝ 300 000 դրամ, չկա՝ 180 000 դրամ, սա կազմում է դեղորայքային ծախսի 1-5%-ը, հեղ.) շատ փոքր մաս է կազմում։ Դեղորայքային բուժման հատվածն ամենաթանկարժեք մասն է քաղցկեղի բուժման ամբողջ աշխարհում։ Հայաստանում, կարծում եմ, դեռ իրական չէ, որ կարողանա պետությունը փակել դեղորայքային ծախսատարությունը։

Վերջին տարում շատ լավ ծրագիր է իրականացվում կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար. «Հերցեպտին» դեղորայք կա, որը շատ թանկարժեք է, և որը ժամանակին պացիենտները չէին կարողանում ստանալ, պետությունն այդ բեռը վերցրեց իր վրա։ Մի դեղի միջին ներարկային գինը 350 000-400 000 դրամ է, այդ դեղի մոտ 17-18 ներարկում է պահանջվում։ Ծրագիրը լիարժեք գործում է արդեն 2 տարի (հաստատված չարորակ ուռուցքների վիրահատումը նույնպես անվճար է)։ 

Լավ, բայց նույնիսկ եթե պետությունն այդ դեղի մասով բեռը վերցնում է իր վրա, բայց կան քաղցկեղի բուժման համար նախատեսված մի շարք դեղեր, որոնք գրանցված չեն։

Դեղերի մեծ մասը երևի գրանցված չէ։ Գրանցումը գումար արժե, և ամեն ինչ գումարն է թելադրում, որովհետև գրանցող ֆիրման, որ բերի, պետք է գումար ներդնի, գրանցի, վաճառի, էնպես չի, որ սա տարածված «Պարացետամոլ» է, որ մարդը, ոնց էլ չլինի, տարին մի քանի անգամ կօգտագործի։ Դրա համար դեղերի մեծ մասը գրանցված չեն, զուտ նախարարության թույլտվությամբ է բերվում։ Այդ հարցն էլ է բաց մնում և ինչ-որ տեղ պետք է լուծում ստանա։

Ստացվում է, որ նույնիսկ եթե հիվանդը գումար ունենա, դարձյալ չի կարող իմանալ՝ որտեղից դեղ գնել՝ list.am-ից, «անցումի տակից», «ձեռքի վրայից»։

Մենք՝ բժիշկներս, գիտենք՝ որտեղ ինչ դեղ կա։ Երբեմն մենք ասում ենք՝ ստեղ կա, և անունը դուրս է գալիս այնպես, որ մենք ուղղորդում ենք, բայց մենք չենք ուղղորդում, որովհետև պարզապես ասում ենք, որ գիտենք՝ որտեղ կա։ 

Քաղցկեղի հայտնաբերումից հետո մարդիկ հիմնականում ձգտում են մեկնել արտերկիր։ Հայաստանում մասնագետներն ասում են, որ դրա կարիքը չկա, քանի որ բուժումը բոլոր երկրներում իրականացվում է նույն դեղերով, մեթոդներով և այլն։ Մենք ունե՞նք այդ հագեցվածությունը, որ վստահ լինենք, որ Հայաստանում մարդը կկարողանա նույն օգնություննը ստանալ, ինչ արտերկրում։

Թեև կոպիտ է հնչում, բայց գումար ունեցողի համար, այո’։ Հնարավորություն ունեցող մարդը դեպքերի մեծ մասում կստանա այն բուժումը, ինչ-որ կստանար արտասահմանում։ Բուժման սխեմաներն ու պրոտոկոլները ստանդարտիզացված են ամբողջ աշխարհում։ Ցավոք, օնկոլոգիայի բուժումն էժան չէ։

Հայաստանում եղած բուժման սարքավորումները համապատասխանո՞ւմ են ներկայիս պահանջներին։

Ճառագայթային բուժման ոլորտը շատ արագ է զարգանում, և տարին տարվա վրա նոր սարքեր են դուրս գալիս, որոնց արժեքն իրականում շատ թանկ է, և աշխարհին հավասար Հայաստանում քայլելը սուտ է, բայց մեր սարքավորումները վատը չեն, նոր են։ Ունենք վերջին սերնդի ապարատներից, բայց դրանք մասնավոր սեկտորինն են։ Նախատեսվում է նաև թարմացնել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային սարքավորումները։

Այսինքն՝ չկա՞ այնպիսի խնդիր, որ այնպիսի սարք պետք լինի կամ այնպիսի միջամտություն, որ Հայաստանում հնարավոր չլինի իրականացնել:

Ցավոք, կա։ Նորագույն տեխնոլոգիաներից՝ Գամմա-դանակ, Կիբեր-դանակ (ճառագայթային բուժման ձևեր են, հեղ.), նման տեխնոլոգիաներ կան, որոնք կիրառվում են և դեռ հասանելի չեն Հայաստանում, բայց, կարծում եմ, մոտակա տարիներին դրանք էլ հասանելի կլինեն։ Լինում է, որ անհրաժեշտության դեպքում հիվանդին ստիպված ուղղորդում ենք արտերկիր, որ բուժումները ստանա։

Կա՞ն քաղցկեղի այնպիսի տեսակներ, որոնք համարվում են առավել վտանգավոր և ոչ այնքան:

Ցանկացած դեպքում, ուռուցքը լավ է բուժվում, երբ որ շուտ են դիմում, երբ ցածր ստադիայում է՝ գրեթե բոլոր տեսակները։ Բայց եթե խմբավորենք ավելի բարենպաստ ելքով հիվանդություններ և ոչ ավելի բարենպաստ ելքով, կարող ենք ասել, որ բարենպաստ ելքով ենք համարում կրծքագեղձի քաղցկեղը, որը շատ ուսումնասիրված է, հաստ աղու ուռուցքները, եթե 4-րդ ստադիա չէ։

Վատ խմբի մեջ կարող ենք դասել ենթաստամոքսային գեղձի ուռուցքները, լյարդ, լեղիների ուռուցքները, որոնք շատ դժվար են ենթարկվում բուժման. և’ վիրաբուժական բուժումն է դժվար, և’ դեղորայքային թերապիայի հանդեպ են հաճախակի կայուն լինում։ Նաև՝ գլխուղեղի ուռուցքները։

Թոքը հարաբերական միջին դիրք է զբաղեցնում, եթե իհարկե, շուտ է հայտնաբերվում։

Ըստ քաղցկեղի ստադիաների՝ որքա՞ն է բուժման հավանականությունը։

Նայած օրգան, բայց առաջին ստադիայում բուժումը ձգտում է մինչև 100%-ի։ Երկրորդում՝ մոտ 70-80% հավանականություն ունենք, որ կարող ենք առողջացնել։ Երրորդում՝ մինչև 50%։ Չորրորդում արդեն առողջացնելու մասին չենք խոսում, առողջացնելու դեպքերը եզակի են, օրինակ, լիմֆոմա, կամ ամորձու ուռուցքներ և այլն, բայց ուռուցքի հիմնական տեսակները շատ փոքր տոկոս ունեն, որ կարող են առողջանալ։

Ռեցիդիվներ, հիվանդության կրկնություններ հաճա՞խ են լինում։

Նույնպես, կախված է ստադիայից։ Օրինակ, եթե երրորդ ստադիայի ուռուցքներն ենք բուժում, 5 տարի գտնվում են հսկողության տակ (բոլոր ստադիաները 5 տարի են հսկվում, հեղ.), կրկնության ռիսկն այդ խմբում բարձր է՝ 40-50%, բայց կրկնությունն էլ, երբ որ շուտ հայտնաբերում ենք, մենք ունենք միջոցներ նորից պայքարելու առողջացման համար երբեմն։ 5 տարուց հետո էլ մեր պացիենտներին ասում ենք, որ գոնե տարին մեկ այցելեն, տեսադաշտից չկորեն։

Դիմելիության մասին, ասում են, որ վերջին տարիներին շատացել է, նկատե՞լ եք նման բան։

Պատճառ կա, որ շատացել է։ Նախ, սոցփաթեթի շնորհիվ պետական աշխատողները տարին 1-2 անգամ պարտադիր պրոֆիլակտիկ ստուգումներ են անցնում։ 

Նույնը, քովիդը թոքի քաղցկեղի դեպքում դառավ սկրինինգ, և շատ շուտ սկսեցինք հայտնաբերել թոքի քաղցկեղը (կորոնավիրուսի բուժման, ախտորոշման ժամանակ տարածված էր թոքերի ԿՏ հետազոտությունը, հեղ.)։ Շատ-շատ հայտնաբերեցինք նոր սկսվող ուռուցքներ, և քովիդը փրկեց մարդկանց կյանքերը։

Քովիդը դրական կողմ ունի փաստորեն… 

Այո, վաղ դիմելիությունը։

Հայաստանում կան մարզեր, որտեղ օնկոլոգներ չկան:

Օնկոլոգների դեֆիցիտ կա, և դիպլոմավորված օնկոլոգներ Հայաստանում շատ չեն, բայց բացը կլրացվի։ Եկող սերունդը շատ լավն է, խելացի և ձգտող։ Կարծում եմ նաև՝ որակական փոփոխություններ կլինեն ամբողջ համակարգում։

Մեկնաբանություններ (2)

Հասմիկ
Բարև ձեզ բժիշկ ջան մայրիկիս մոտ քաղձգեն հայտնաբերել փոր մեջ ջուրը ունի հավաքված կարող եք խորհրդի տալ
Մետաքսե
Իսկ ինչու ենք անտեսում 100-ավոր դեղաբույսերի թուրմերի օգտակար հատկությունների մասին, որոնք իրականում օգնում են ուռուցքների վերացմանը,այլ ոչ թե բուժմանը։ Վերջին ժամանակներում անտեսում են բժիշկները բույսերի առեղծվածային օգտակարության մասին։ Հարց է ծագում. ինչու? Ես այժմ գիրրք եմ գրում այդ թեմայով, գիտականորեն հաստատված։ Բուսաբուժությունը ցավոք սրտի համարվում է անտիկ, ոչ պետքական, որոշ մարդիկ չեն հավատում, բայց արի ու տես որ այդպես չէ։ Բույսերից թուրմեր պատրաստող մասնագետներ են հարկավոր,այլ ոչ թե օնկոլոգներ։Շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter