HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վանեցյանն ասում է՝ Ֆրանսիայի հրապարակում իր համար անընդունելի մարդիկ կան․ բողոքի ակցիաների 18-րդ օրը

«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր՝ մայիսի 12-ին, «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով բողոքի ակցիա են իրականացրել Երևանի մետրոպոլիտենում։ Նրանք գնացքներից մեկի վագոնի հատակին փակցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը՝ վրան խաչ քաշած։

Ընդդիմադիրների մի խումբ էլ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների լուսանկարներով է ակցիա իրականացրել։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք ուզում են հասկանալ՝ արդյոք ԵՄ պատվիրակությունը գոհ է այս օրերին ոստիկանական ուժի կիրառումից և արդյոք համաչափ է համարում այդ ուժի կիրառումը։

«Դուք ֆինանսավորել եք այս բարեփոխումները, որպեսզի այս մարդիկ այսպիսի ուժ կիրառե՞ն»,- նշել են նրանք։

ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ «Armlur»-ին տված հարցազրույցում նշել է, որ Ֆրանսիայի հրապարակում կան մարդիկ, որոնք իր համար անընդունելի են:

«Ես իրենց այստեղ գտնվելը համարում եմ հարված շարժմանը, անուններ չեմ հնչեցնելու։ Բայց չենք կարող ասել՝ գիտեք, դուք գնացեք այստեղից։ Եթե սա լիներ «Պատիվ ունեմ» խմբակցության, «Հայաստան» խմբակցության միջոցառումը, կկարողանայինք ասել՝ սա մեր միջոցառումն է, գնացեք այստեղից, բայց սա համազգային շարժում է։ Այստեղ կան մարդիկ, որոնք խոսում են ընդդիմադիր դիրքերից և նույնականացվում են մեզ հետ, բայց մենք համաձայն չենք իրենց մտքերի հետ։ Մենք որոշ չափով պատասխանատու ենք հարթակից ելույթ ունեցող մարդկանց համար»,- ասել է Վանեցյանը։

Ֆրանսիայի հրապարակից «Դիմադրության» երթը շարժվել է դեպի Գլխավոր դատախազություն:

Երթի մեկնարկից առաջ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արամ Վարդևանյանը հիշեցրել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները դիմել էին դատախազություն, որպեսզի ստանան տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, նաև պահանջել էին, որ Նիկոլ Փաշինյանին ներգրավեն որպես մեղադրյալ։

«Հիմա ծնողները հավաքվում են Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելու, որ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի»,- տեղեկացրել է պատգամավորը՝ առաջարկելով երթով շարժվել դեպի Դատախազություն ծնողների կողքին կանգնելու և պահանջին միանալու համար։

Վերադառանալով Ֆրանսիայի հրապարակ՝ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է․ «1994 թվականի մայիսի 12-ին մեր փառապանծ բանակը զինադադար պարտադրեց Ադրբեջանին: Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, մայիսի 12-ը մեր համար հաղթանակի օրն էր: Նախորդ տարի մայիսի 12-ին, այս իշխանության գործունեության հետևանքով ադրբեջանական զորքերը մտան Սյունքի մարզ և գրավեցին Սև լճի տարածքը: Այդ ագրեսիայի պատասխանը իշխանության կողմից եղավ այն, որ ի՞նչ եք կարծում այդ լճի 30 տոկոսի համար պետք է գնայինք նոր բախումների: Սա է էսօրվա իշխանության պատկերը։

Մենք մայիսի 12-ի հաղթանակի օրը վերականգնելու ենք: Նիկոլի ամենամեծ հանցագործություններից մեկը նաև այն է, որ այս ամբողջ մեղքը փորձում է բարդել բանակի ու ժողովրդի վրա»։

Ըստ Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին բոլոր ուղղություններով է խաբել:

«Խոստացել էին ժողովրդավարություն, բայց բերել են բռնապետություն: Նրանք չեն հարգում քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքը: Տեսնում եք, թե ինչ են անում ընտրված համայնքների ղեկավարների նկատմամբ: Խոստացան նաև սեր և համերաշխություն, բայց բերեցին ատելություն և պառակտում: Ասեցին՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հիմա էլ ասում են, որ Արցախը Ադրբեջան է։ Հետևաբար հետ կանգնել չկա, պետք է հեռացնենք և վերջ»,- նշել է նա:

ԱԺ փոխնախագահը նաև հայտնել է, որ շարժման շնորհիվ գործընթացներ են տեղի ունենում նաև ոստիկանությունում:

«Բազմաթիվ արժանապատիվ սպաներ և ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, կատարել Փաշինյանի հրահանգները և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից: Ինձ փոխանցեցին, որ մայոր Թովմասյան Խաչիկը, որը կարմիր բերետավորներից է, այսօր դիմում է գրել և դուրս եկել համակարգից: Նույնը արել է նաև ավագ լեյտենանտ Նարեկ Հարությունյանը»,- ասել է նա:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ վաղը՝ ժամը 14։00-ին, Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք է նախատեսված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter