HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հղի կնոջ վրաերթի գործով ոստիկանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 13-ին՝ լուսաբացին, քննել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկան Արամ Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու մերժել այն:

Նավասարդյանը կշարունակի մնալ ազատության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել: Չի հաջողվել փրկել նաև պտղի կյանքը:

Դեպքից հետո պարզ է դարձել, որ կինը վրաերթի է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով: Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատարը: Վերջինս ձերբակալվեց:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ համապատասխանաբար՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը:

Նավասարդյանին, սակայն, ի սկզբանե դեպքի վայրը լքելու մեղադրանք չի առաջադրվել, մեղադրանք է առաջադրվել միայն Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Երեկ՝ մայիսի 12-ին, Նավասարդյանը կրկին ձերբակալվել է, նրան նաև ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեղադրանք է առաջադրվել, կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը, փաստորեն, մերժվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter