HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 79-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 79-րդ օրվա առավոտյան ամփոփման գլխավոր  նորությունները.

  • Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն առավոտյան տեղեկագրում գրում է, որ Դոնբասում ռուսաստանցիները հարձակվում են, Խարկովի մարզում պաշտպանվում և նահանջում, իսկ մնացած հատվածներում շարունակում ռմբակոծությունները։
  • Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը մայիսի 12-ի իր ամփոփագիր վերլուծության մեջ ենթադրել է, որ ռուսական բանակը ստիպված հրաժարվել է Իզյումից հարավ հարձակվելու և Դոնբասում ուկրաինական ողջ խմբավորմանը շրջափակելու իր պլաններից և հիմա կենտրոնացած է առավել փոքր մասշտաբներով խնդիրների իրագործման վրա։
  • Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ Ֆինլանդիան, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ին անդամակցության դիմում կներկայացնի արդեն հաջորդ շաբաթվա կեսերին։ Մոտավորապես այդ ժամանակ էլ նման քայլի կդիմի նաև Շվեդիան։

Լուգանսկի իշխանությունները հայտարարել են, որ վերջին մեկ օրվա ընթացքում մարզը ավելի քան 30 անգամ ռմբակոծվել է։

Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ Սևերոդոնեցկի հրթիռակոծության հետևանքով վնասվել է 7 բնակելի բազմահարկ շենք, Լիսիչանսկում՝ մեկը։ Այնտեղ նաև այրվել է ածխի պահեստներից մեկը, հրդեհը հնարավոր է եղել հանգցնել։

Պայթեցվել է Սևերսկի Դոնեց գետի վրա գտնվող երեք կամուրջ, որոնք կարևոր էին ոչ միայն ռուսական զորքերի մատակարարումների, այլև Խարկովի մարզում ուկրաինական հնարավոր հակահարձակման համար։

Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով արբանյակային լուսանկարները։

Այսպես, պայթեցվել են այն կամուրջները, որոնք գտնվում են Ստարի Սալտով և Ռուբեժնոյե (չշփոթել Ռուբեժնոյե քաղաքի հետ) գյուղերի մոտ, ինչպես նաև Պեչենեժի ջրապատնեշը։

Այդ շրջանում ևս երկու ոչ մեծ կամուրջ կա, որոնք գտնվում են Օգուրցովկա և Բուրգրովատկա գյուղերի շրջանում։ Թե ինչ վիճակում են դրանք ներկայում գտնվում, անհայտ է։ Ուժեղ ամպամածության պատճառով արբանյակային լուսանկարներում դրանք չեն երևում։

Թե կոնկրետ որ կողմն է պայթեցրել Սևերսկի Դոնեցի վրա կամուրջները, հայտնի չէ։ Ռուսական կողմը պատասխանատվությունը գցում է ուկրաինական զորքերի վրա։ CNN-ն էլ, իր հերթին, գրում է, որ դա քիչ հավանական է, քանի որ կամուրջներն անհրաժեշտ են Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման համար։

Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին

  • Ռուսաստանն էական ջանքեր է ներդնում Սլավյանսկի և Կրամատորսկի ուղղությամբ առաջընթաց ունենալու համար։ Այդ ուղղությամբ հիմնական թիրախը այդ շրջանում ուկրաինական ուժերի շրջափակումն է՝ նրանց մեկուսացնելով երկրի արևմուտքից ժամանող ստորաբաժանումների աջակցությունից և մատակարարումներից։
  • Ուկրաինական զորքերը հաջողությամբ կանխարգելել էին Դոնբասում գետի վրայով ռուսական ուժերի առաջխաղացման փորձը։
  • Լուսանկարները վկայում են, որ Սևերսկի Դոնեց գետի մոտ՝ Սևերոդոնեցկից արևմուտք, Ռուսաստանը կորցրել է, առնվազն, մեր գումարտակային մարտավարական խմբի զրահատեխնիկա, ինչպես նաև պանտոնային կամուրջների կառուցման սարքավորումներ։
  • Հակամարտության պայմաններում գետի վրայով անցումների անցկացումը խիստ ռիսկային փորձ է և վկայում է այն ճնշումների մասին, որոնք առկա են ռուսական հրամանատարության վրա՝ Ուկրաինայի արևելքում որևէ էական առաջընթացի հասնելու համար։ Ռուսական զորքերը որևէ էական հաջողությունների չեն կարողանում հասնել, չնայած այդ շրջանում ուժերի կենտրոնացմանն ու Կիևի և Չեռնիգովի մարզերից ստորաբաժանումների վերաբաշխմանը։

ՄԱԿ-ի պարենի ծրագրի ղեկավարը Պուտինին կոչ է արել բացել ուկրաինական նավահանգիստները։

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դևիդ Բիզլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել բացել Օդեսան և Ուկրաինայի մյուս նավահանգիստները, որպեսզի միլիոնավոր մարդկանց հնարավոր լինի սովից փրկել։

«Աշխարհում միլիոնավոր մարդիկ կմահանան նրանից, որ այդ նավահանգիստներն արգելափակված են»,- Բիզլին ասել է CNN հեռուստաընկերությանը։

CNN-ը, հղում անելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությանը, հիշեցնում է, որ Ուկրաինան աշխարհում եգիպտացորենի, հացահատկի, վարսակի, արևածաղկի ձեթի և սերմերի գլխավոր արտահանողներից մեկն է։

Ռուսական նավատորմը, պատերազմի սկզբում, գրավել էր Ազովի ծովի ուկրաինական նավահանգիստները և փակել նավերի ելքը այդ երկրի սևծովյան նավահանգիստներից։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Ռուսաստանում ավտոպահեստամասերը թանկացել են միջինում 30 %-ով։

Ինչպես գրում է «Коммерсант»-ը, մատակարարումների հետ դժվարությունները հանգեցրել են ավտոմեքենայի թափարգելների, ապակիների և լուսարձակների պակասուրդին, որի պատճառով գները, որոշ քաղաքներում, շուրջ 6 անգամ թանկացել են։ Նաև խափանումներ են գրանցվել ավտոմեքենաների էլեկտրոնիկայի մատակարարումների ոլորտում։

Լուսանկարը՝ Ricardo Moraes/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter