HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայիդ ալ Նահայանը

73 տարեկան հասակում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայիդ ալ Նահայանը։ Այդ մասին այսօր՝ մայիսի 13-ին, հայտնել է արաբական WAM գործակալությունը։

«Նախագահի գործերով նախարարությունը ԱՄԷ ժողովրդին, արաբական և իսլամական ժողովուրդներին և ողջ աշխարհին հայտնում է ազգի առաջնորդի, նրա հովանավորի, պետության ղեկավար, Նորին մեծություն Խալիֆա բին Զայիդ ալ Նահայանի մահվան մասին, որը մահացել է այսօր՝ ուրբաթ»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Նա Էմիրությունների հիմնադիր Զայիդ ալ Նահայանի ավագ որդին էր։

Վերջին տարիներին ԱՄԷ նախագահը գրեթե չէր զբաղվում պետական գործերով՝ այն հանձնարարելով թագակիր արքայազն, Աբու Դաբիի մայրաքաղաքային էմիրության ղեկավար Մուհամեդ բին Զայիդին։

Խալիֆա բին Զայիդ ալ Նահայանը ծնվել էր 1948 թվականին ԱՄԷ Էլ Այն օազիսում։ 1966 թվականին դարձել էր Աբու Դաբիի էմիրության արևելյան շրջանի գլխավոր դատավոր, իսկ 1969 թվականին՝ Աբու Դաբիի թագակիր արքայազն և էմիրության պաշտպանության դեպարտամենտի ղեկավար։ 

Զբաղվել է Աբու Դաբիի պաշտպանության ուժերի ստեղծմամբ, որի հիման վրա էլ ավելի ուշ ստեղծվել էին ԱՄԷ զինված ուժերը։ 1971-1974 թվականներին եղել է Աբու Դաբիի վարչապետ, պաշտպանության և ֆինանսաների նախարար։ Արաբական Միացյալ Էմիրությունները հիմնադրվեց 1971 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ միավորվեցին Աբու Դաբիի, Դուբայի, Շարժայի, Աջմանի, Էլ Ֆուջեյրայի և Ումմ ալ-Կուվեյնի էմիրությունները, իսկ 1972 թվականի փետրվարին դրան միացավ նաև Ռաս էլ Խայմի իշխանությունը։

1974 թվականին Խալիֆա բին Զայիդ ալ Նահայանն զբաղեցրեց Աբու Դաբիի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը, իսկ 1976 թվականին նշանակվեց ԱՄԷ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ՝ ղեկավարելով ԱՄԷ գլխավոր շտաբը։

2004 թվականի նոյեմբերի 2-ին, հոր մահից հետո, նա ժառանգեց Աբու Դաբիի կառավարչի պաշտոնը, իսկ այնուհետ դարձավ ԱՄԷ բարձրագույն խորհրդի անդամ։ 2004 թվականի նոյեմբերի 3-ին բարձրագույն խորհուրդը 5 տարի ժամկետով նրան ընտրեց երկրի նախագահի պաշտոնում։ Արդյունքում, նա վերընտրվեց նաև 2009, 2014 և 2019 թվականներին։ 

Խալիֆա բին Զայիդ ալ Նահայանի անունով է կոչվում աշխարհի ամենաբարձր շենքը՝ Բուրջ Խալիֆան, որը բացվել է 2010 թվականին։

Լուսանկարը՝ REUTERS/Stephanie McGehee

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter