Փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ Օլգա Սանիկովային գտնելու նպատակով
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը 10:50-ին ԱԻ պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ հրամանատար մայոր Մհեր Ղուկասյանի ղեկավարությամբ, մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետի «Վոլգա» կոչվող հատված` 09.05.2022թ ժամը 16:00-ի սահմաններում գետի տվյալ հատվածում անհետացած ՌԴ քաղաքացի, Օլգա Սանիկովային (ծնված. 1975թ, բնակվում է Ստեփանակերտ քաղաքում ) որոնելու նպատակով:
«Հասնելով դեպքի վայր՝ խումբը գնահատել է իրավիճակը, քննարկել հնարավոր բոլոր սցենարներն ու օպերատիվ կերպով սկսել որոնողական աշխատանքները, որին ակտիվ կերպով մասնակցել են նաև ոստիկանության ծառայողները:
Որոնողական աշխատանքների ընթացքին և անձնակազմի գործողություններին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանը:
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ծառայության տնօրենը ենթակա անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:
Նույն օրը՝ ժամը 15:20-ին նշված տարածք են մեկնել նաև ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի ու կապի բաժնի աշխատակիցները, ովքեր առավել բարդ տեղանքներում որոնումներն իրականացնելու համար կիրառել են նաև անօդաչու թռչող սարք: Ցավոք որոնումները դեռևս արդյունք չեն տվել, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- նշված է ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան էջում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել