HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կեղծ փաստաթղթերով Հայաստան եկած ուղեւորներին հետ տանելը կմնա նրանց բերած ավիաընկերությունների ուսերին

«Ավիացիայի մասին» գործող օրենքի համաձայն՝ ավիաընկերությունը պատասխանատվություն է կրում փոխադրման ժամանակ ուղեւորի ստացած վնասվածքների, ուղեբեռի կամ բեռի կորստի, ոչնչացման կամ վնասման դեպքերում։ Բացի դրանից՝ չվերթի ուշացման դեպքում փոխադրողը պարտավոր է հոգալ ուղեւորի կարիքները․ 2 ժամ ուշացման դեպքում՝ ապահովել սննդով, 4 ժամի դեպքում՝ տրամադրել հաղորդակցության միջոցներ, 8 ժամի դեպքում՝ ապահովել կացարանով։ Փոխադրողը պատասխանատու է նաեւ թռիչքի ուշացման հետեւանքով ուղեւորների, ուղեբեռի կամ բեռի կրած վնասների համար։

Կառավարությունն իր վերջին նիստում հավանություն տվեց «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ անելու նախագծին, որով նախատեսվում են ավիափոխադրողի պատասխանատվության նոր պայմաններ։

Ըստ առաջարկվող օրինագծի՝ ավիափոխադրողն այսուհետ պատասխանատվություն է կրելու ՀՀ օդանավակայաններում ուղեւորների եւ օդանավի անձնակազմի պահպանության եւ խնամքի համար՝ օդանավը լքելու պահից մինչեւ ՀՀ սահմանն անցնելու թույլտվություն ստանալը։ Բացի դրանից՝ փոխադրողը պատասխանատվություն է կրելու ՀՀ օդանավակայաններում այն ուղեւորների պահպանության եւ խնամքի համար, որոնց մուտքը Հայաստան չի թույլատրվել ոչ պատշաճ ձեւակերպված կամ կեղծ փաստաթղթերի պատճառով։ Այդ դեպքում փոխադրողը պարտավոր է տվյալ ուղեւորին սահմանային անցակետից տեղափոխել օդանավակայանի տարանցիկ սրահ եւ ապա նրան փոխադրել թռիչքի մեկնակետ՝ անհրաժեշտության դեպքում հոգալով կենցաղի եւ սննդի հետ կապված կարիքները։

Այսինքն՝ տրամաբանությունն այն է, որ եթե ոչ պատշաճ ձեւակերպված կամ կեղծ փաստաթղթեր ունեցող ուղեւորը նստել է տվյալ ավիաընկերության օդանավն ու հասել Հայաստան, սակայն ՀՀ սահմանային անցակետում չի կարողացել մուտք գործել երկիր, ապա ավիափոխադրողը պարտավոր է նրան տեղափոխել այն օդանավակայան, որտեղից բերել է։

Եթե ավիափոխադրողը չպահպանի օրենքի պահանջները, ապա կենթարկվի պատասխանատվության։ Այս դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվում է սահմանել 500.000 դրամ տուգանք։

Օրինագիծը մշակած տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածի պահանջներով։

Ըստ այդմ՝ փոխադրողը պատասխանատվություն է կրում իր կողմից իրականացվող չվերթին կեղծ ճամփորդական փաստաթղթեր ունեցող ուղեւոր ընդունելու, միջազգային բժշկասանիտարական կանոնների եւ դրանց հետ կապված պահանջների խախտումով ուղեւոր ընդունելու դեպքերում, ինչպես նաեւ վայրէջքի օդանավակայանում օդանավից դուրս գալու պահից մինչեւ երկրի պետական սահմանը հատելը ուղեւորների անվտանգության ապահովման ու խնամքի համար, բացի դրանից՝ այն ուղեւորների համար, որոնց մուտքը երկիր մերժվել է ոչ պատշաճ կերպով ձեւակերպված կամ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու պատճառով։

Նախագիծը դեռ պետք է ներկայացվի Ազգային ժողովի ընդունմանը։

Լուսանկարը՝ «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Լևոն Ղազարյան
Ես կառաջարկեի որպեսզի օրենքում հստակ գրեին: Ավիաընկերությունը և ավիատոմսերի վաճառքի գործակալները պարտավոր են գործառությունների իրականացման կետերում ունենալ համապատասխան մասնագետներ, սարքավորումներ, կրիմինալիստիկայի լաբորատորիաներ քննության ենթարկելու ուղրորի կողմից ներկայացված անձնագիրը, բժշկական տեղեկանքները և այլ փաստաթղթեր որոնք տրվել են բացառապես պետական պատկաներիություն ունեցեղ կառույցների կողմից: Թռիչքի օդանավակայանի սահմանապահ, անձնագրային, սանիտարական վերահսկող կառույցներին մեր հարկատուների հաշվին տրամադրել հարմարավետ բազմոցներ և սուրճ, իրերց ծառայությունը հանգիստ և հարմարավետ անցկացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter