HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զանգվածային սպանություն ԱՄՆ Նյու Յորքի նահանգում. կա 10 զոհ

Վերջին տվյալներով՝ 10 մարդ է զոհվել ամերիկյան Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետի տարածքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Ոստիկանությունը դա համարում է հանցագործություն, որն իրականացվել է ռասսայական ատելության հողի վրա։ BBC-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում ձերբակալվել է 18-ամյա սպիտակամորթ մի երիտասարդ։ Կասկածյալը Փեյթոն Գենդրոնն է, որը նույն նահանգի Քոնքլին քաղաքից է։

Կասկածյալը շաբաթ օրը ցերեկը մտել է սուպերմարկետ և կրակ բացել։ Ոստիկանների խոսքով՝ նա տեսախցիկ է օգտագործել՝ հարձակումն առցանց հեռարձակելու համար։ «Մենք հետաքննում ենք պատահարը՝ որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն և ռասսայական հողի վրա հիմնված բռնի ծայրահեղականության դեպք»,- Բուֆալոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սթիվեն Բելոնգիան։

Ենթադրվում է, որ կասկածյալը տեղաշարժվել է մի քանի ժամ, որպեսզի հասնի Բուֆալո քաղաքի շրջան, որը հիմնականում բնակեցված է սևամորթներով։ Բուֆալոյի ոստիկանության կոմիսար Ջոզեֆ Գրամալիի խոսքով՝ զոհերի մեծ մասն աֆրոամերիկացիներ են։ Եվս 3 մարդ, բոլորը սուպերմարկետի աշխատակիցներ, վիրավորվել են։ Կենսաթոշակի անցած ոստիկանը, որը սուպերմարկետում պահակ էր աշխատում, փորձել է վնասազերծել հարձակվողին, սակայն սպանվել է։

Ոստիկանոթյունը հայտնել է, որ հարձակվողը զինված է եղել բավականին լավ հրացանով, նրա վրա եղել է զրահաբաճկոն և սաղավարտ։ Դեպքի վայր ժամանած լրացուցիչ ուժերի հետ նա փորձել է առճակատման մեջ մտնել, սակայն այնուհետ զենքը ցած է դրել, ձերբակալվել է, իսկ այնուհետ՝ կալանավորվել։

Դատարանը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Սպասվում է, որ մի քանի օր անց կասկածյալը կկանգնի դատարանի առաջ՝ առաջին մակարդակի սպանության մեղադրանքով։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատման (Նյու Յորք նահանգում մահապատիժն արգելված է)։

CBS-ի հետ զրույցում ոստիկանության աղբյուրը պատմել է, որ հարձակման ժամանակ տղամարդը ռասսայական բնույթի վիրավորանքներ է հնչեցրել։ «Սա ամենավատ սարսափն է, որին կարող է բախվել ցանկացած համայնք, մենք հիմա տառապում ենք, մենք վրդովված ենք։ Մենք չենք կարող այդ հանցագործին թույլ տալ կիսել մեր համայնքը կամ մեր երկիրը»,- լրագրողներին հայտարարել է Բուֆալոյի քաղաքապետ Բայրոն Բրաունը։

Նկարագրելով հարձակման հետևանքները՝ տեղական Buffalo News պարբերականին մի ոստիկան պատմել է. «Դա նման է սարսափ ֆիլմի, սակայն իրական։ Դա ոնց որ Արմագեդոն լինի»։

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոուքուլը տեղի ունեցածն անվանել է «բռնության ամոթալի գործողություն»։ 

Բուֆալոյում տեղի ունեցածի մասին զեկուցվել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ «Նախագահը և առաջին տիկինն աղոթում են բոլոր զոհերի և նրանց հարազատների համար»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Ավելի ուշ, Ջո Բայդենը հայտարարել է, որ անհրաժեշտ է պայքարել ներքին ահաբեկչության և ԱՄՆ-ում ռասիզմի դրսևորումների դեմ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter