HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմության կարծիքով՝ իրենց շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը․ բողոքի ակցիաների 21-րդ օրը

«Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչև վերջ, և այս պայքարն ավարտելու ենք հաղթանակով»,- այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ֆրանսիայի հրապարակում հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ իր համար հեշտ չի եղել ասել, որ մի կողմ են դնում կուսակցական պատկանելությունը և համախմբվում մեկ գաղափարի շուրջ։

«Ի պատիվ Դաշնակցության՝ մենք դա արեցինք, դա արեցին նաև բոլոր քաղաքական ուժերը: Դրանով ուղերձ հղեցինք, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է հանուն երկրի, երկրի վիճակը օրհասական է, սա ամենևին նախընտրական պայքար չէ․․․ Ես և իմ ընկերները պայքարի առաջին օրը հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ, այս պայքարի հաջողության համար դնելու ենք ամեն ինչ, ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, գնալու եմ շարքերի առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածն իմ վրա եմ վերցնելու, ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար։ Նիկոլն ու Ալիևը կարծում էին, որ ժողովուրդն այլևս գործոն չէ, կարող են միմյանց հետ պայմանավորվել և ժողովրդին պարտադրել նոր զիջումներ։ Մենք ցույց տվեցինք, որ այդպես չէ՝ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել, տեր է իր երկրին, տեր է իր հայրենիքին»։

Այնուհետև Սաղաթելյանն արձանագրեց այս օրերին ընդդիմության գրանցած հաջողությունները․

«Առաջինը՝ «Դիմադրություն» շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը։ Առնվազն հանրային դաշտում իշխանությունը սկսել է քողարկել իր իրական նպատակները, փորձում է կեղծել իրականությունը և չունի համարձակություն ասելու այն, ինչին տանում են այս երկիրը:

Երկրորդը՝ երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի հետ և միջոցով երկրում հակահայ ծրագրեր իրականցնողները, իսկ մեր դաշնակիցների ու գործընկերների համար գնալով ակնհայտ է դառնում, որ Նիկոլը կորցրել է իր լեգիտիմությունը և նրա հետ այլևս որևէ բան պայմանավորվելն անիմաստ է։ 

Երրորդը՝ շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված, իր շահերին հակառակ որևէ լուծում, հետևաբար Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։

Չորրորդը՝ շարժումն ակնհայտ է դարձրել, որ մեր երկրում կա իշխանությունների հեռացման հանրային պահանջ, որը ձևակերպեցինք մայիսի 4-ին և խորհրդարանում ներկայացրինք այդ կապիտուլյանտին»,- նշել է ԱԺ փոխխոսնակն՝ ասելով, որ դա բավարար չէ, պետք է ձեռքբերումներն անշրջելի դարձնել՝ հեռացնելով իշխանությանը։

«Ես հիմա զգուշացնում եմ Նիկոլին սպասարկող և այս իշխանության հենարան հանդիսացող օլիգարխներին։ Եթե ուշքի չգաք, եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու։ Դադարեցրեք ֆինանսավորել ֆեյքերի ֆաբրիկաները, նպաստել դավաճան իշխանության մնալուն, եթե այդպես շարունակեք, հատ-հատ պատասխան եք տալու»,- ասել է նա։

Ըստ Սաղաթելյանի՝ երկրին առաջին հերթին պետք է համերաշխություն, կայունություն և անվտանգություն․

«Պետք է վերականգնենք մեր ներքին միասնությունը։ Հանդարտ ու գրագետ աշխատանքով կառուցենք ուժեղ Հայաստան: Ուժեղ ու կայացած պետության երեք հիմնասյուներն են՝ տնտեսությունը, բանակը և արտաքին քաղաքականությունը։ Նայեք, թե ովքեր են ներկայացնում այդ կենսականորեն կարևոր համակարգերը Հայաստանում»։

Պատագամավորը ներկայացրել է իշխանությանը հեռացնելուց հետո ընդդիմության առաջին երեք քայլերը․ «Պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերակենդանացում։ Սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն պետք է ստեղծենք մրցունակ ու առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն։ Կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն՝ մարտունակ,  սպառազինություններով հագեցած  զինված ուժեր, ոչ միայն պաշտպանողական, այլ հարկ եղած դեպքում նաև հարձակվողական բանակ։ Մուրացիկ դիվանագիտության փոխարեն՝ ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով, Արցախի ու Հայաստանի շահերն սպասարկող օրակարգով»։

ԱԱԾ նախկին տնօրեն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ, խոսելով պատերազմի մասին, վստահեցրել է՝ բոլոր մեղավորները պատժվելու են։

«Անկեղծ ասած, մի քիչ հիվանդ էի։ Իշխանական մամուլն ու ինչ-որ մարդիկ սկսեցին ասել՝ շարժումը տապալվել է, պառակտվել է, գնացել են։ Հիմա եկել եմ այստեղ, որ ասեմ, լսե՛ք, ծոծրակներդ կտենեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի»,- ասել է նա։

Վաղն առավոտյան՝ ժամը 8։00-ից, ընդդիմադիրները կսկսեն բողոքի ակցիաները, տեղի կունենան ավտոերթեր։

«Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ հանրահավաք տեղի չի ունենալու: Իսկ երեքշաբթի օրը ես համարում եմ շատ կարևոր օր, այդ օրն առավոտյան՝ ժամը 8:00-ին, ամբողջ մայրաքաղաքում պետք է տեղի ունենան անհնազանդության ակցիաներ, մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, որոնք պետք է դուրս գան փողոց, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»,- հայտնել է Իշխան Սաղաթելյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter