
ՌԴ քաղաքացիների մի մասը չի պլանավորում երկար մնալ Հայաստանում, բայց կան բիզնեսներ, որտեղ մշտական աշխատող են գրանցում․ ԿԲ խորհրդի անդամ
2021-ի դեկտեմբերի դրությամբ գնաճը կազմել է 7,4%, միջին գնաճը` 7,2%: 2021 թ․ ընթացքում Կենտրոնական բանկի կանխատեսումները մի քանի անգամ ճշգրտվել են` արտաքին միջավայրից եկող գնաճային ռիսկերը զսպելու նպատակով: Այս մասին խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԲ խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանը` ներկայացնելով 2021 թվականի տարեկան հաղորդումը:
Խաչատրյանի խոսքով` ԿԲ-ն տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 4,25-ից բարձրացրել է մինչև 7,75%:
«Մենք ունենք արտաքին պահանջարկի էական աճ, միջազգային այցելուներ, որոնք ստեղծել են և´ պահանջարկ ոչ ռեզիդենտների կողմից, և´գնաճային ճնշումներ են ավելացրել: Իհարկե, գնաճային ճնշումներ են ավելացել նաև անորոշությունների աճի պայմաններում: Մարտ ամսվա կանխատեսման մեջ դեռևս պահպանվում են անորոշությունները` կախված նրանից, թե ինչքան երկարատև կլինեն ոչ ռեզիդենտների կողմից պահանջարկի և կապիտալ ներհոսքի էֆեկտները»,- ասաց Խաչատրյանը:
ԿԲ ներկայացուցիչը մի քանի թվային ցուցանիշներ ներկայացրեց միջազգային առևտրի վերաբերյալ, ըստ որի՝ ՌԴ-ի հետ Հայաստանն ունի 2,5 միլիարդ դոլար արժողությամբ առևտուր, որից 1,7 միլիարդ դոլարը ներմուծումն է: Խաչատրյանը հավանական համարեց առևտրի կրճատումը:
Նրա խոսքով` ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած անձանց կողմից ՀՀ ուղղվող գումարների նվազում կա, դրան զուգահեռ` աճել են միջազգային այցելուների կողմից դեպի ՀՀ ուղղվող փոխանցումները: Ըստ նրա` քանակական առումով այդ փոխանցումները քիչ չեն, բայց գումարային առումով բավական շատ են և էականորեն ազդել են դինամիկայի վրա:
«ՌԴ քաղաքացիների ներհոսքի ալիքը ևս մեծ անորոշություններից մեկն է, մենք չգիտենք իրենց վարքագիծը, փորձում ենք հարցումներ անել: Ըստ այդ հարցումների` քաղաքացիների որոշ մասը չի պլանավորում շատ երկար մնալ Հայաստանում, բայց ունենք բիզնեսներ, որտեղ մշտական աշխատող են գրանցում: Դա սիգնալ է, որ էդ մարդկանց պլանները երկարատև են: Մեզ համար ինդիկատիվ կլինի սեպտեմբեր ամիսը, թե որքան հայտ կլինեն դպրոցներում սովորելու համար»,- ասաց նա:
Ըստ ԿԲ ներկայացուցչի` ռուս-ուկրաինական կոնֆլիկտի և Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման հետևանքով ընթացիկ տարում սպասվում է համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղում, իսկ Ռուսաստանի պարագայում՝ տնտեսական անկում, ինչն էլ իր հերթին Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն կունենա:
Մեկնաբանել