HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

«Պանդորայի փաստաթղթեր»․ Վրաստանում ՀՀ դեսպանի որդին ու եղբայրը ծրագրել էին օֆշորի միջոցով արտերկրում ներդրումներ կատարել

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Արա Սադոյանը եւ նրա եղբոր՝ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի որդին՝ Ալֆրեդը, տարիներ առաջ ընկերություն են հիմնել օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ)՝ արտերկրում ներդրումներ կատարելու համար:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (International Consortium of Investigative Journalists, ICIJ) ու դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», շարունակում են ուսումնասիրել տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք լրագրողներն անվանել են «Pandora Papers»: Այս փաթեթում առկա ավելի քան 27 հազ. հատ ընկերություններն ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազ. մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրի եւ տարածքային միավորի հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում, որը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից երբեւէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է, կան նաեւ ընկերությունների շահառու սեփականատեր հանդիսացող հայեր, այդ թվում՝ պաշտոնյաներ ու գործարարներ, նրանց փոխկապակցված անձինք:

Փաստաթղթերն արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից: Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորային գոտիներում ձեւական ընկերություններ հիմնել ամենատարբեր նպատակներով: Այդ 14-ից մեկը «Trident Trust Group»-ն է, որը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԲՎԿ-ում, որը կոչվում է «Trident Trust Company (B.V.I.) Limited»։ Սադոյանների վիրջինյան ընկերության գործակալը հենց սա է եղել։

2011-ի մայիսին, երբ այս գործակալի գրանցման հասցեում հիմնադրվել է Սադոյանների «Belair Worldwide S.A.» ընկերությունը, դրա սեփականատերերից Ալֆրեդ Սադոյանը դեռ 20 տարեկան էլ չկար եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող էր: Նրա հայրը՝ ՀՀԿ-ական Ռուբեն Ալֆրեդի Սադոյանը, այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էր (2007-2017 թթ.): 2017-ի հոկտեմբերից Ռ. Սադոյանը ՀՀ դեսպանն է Վրաստանում: Պաշտոնյայի կրտսեր եղբայրը՝ Արա Սադոյանը, 2012-2018 թթ. Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր, իսկ 2008-2010 թթ. եղել է մաքսային տեսուչ:

Ներկայում դեսպան Սադոյանի որդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ-ի կարգավորող մարմինն է) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի օգնականն է։

Ալֆրեդ եւ Արա Սադոյանները «Belair Worldwide S.A.»-ի տնօրեններն էին նաեւ: Նախապես ծրագրվել էր, որ նորաստեղծ ընկերության 50.000 բաժնեմասերը (յուրաքանչյուրը՝ 1 դոլար արժողությամբ) կիսվելու են նրանց երկուսի միջեւ, այսինքն՝ յուրաքանչյուրն ունենալու էր 25.000 դոլարի բաժնեմաս: Սակայն շուտով ծրագրերը փոխվել էին:

2011-ի հունիսին «Belair Worldwide S.A.»-ի նոր տեր է դարձել շվեյցարական «RBS Coutts Bank»-ը: Այս բանկը, ի թիվս այլ ծառայությունների, զբաղվում էր նաեւ կապիտալի կառավարմամբ: Սա կարեւոր հանգամանք է, քանզի «Trident Trust»-ի եւ «RBS Coutts Bank»-ի աշխատակիցների նամակագրությունից պարզ է դառնում, որ բանկն իրականում դարձել էր «Belair Worldwide S.A.»-ի ձեւական տեր, իսկ շահառու (բենեֆիցիար) սեփականատերերը Ալֆրեդ եւ Արա Սադոյաններն էին: Այսինքն՝ բանկը ոչ միայն կառավարելու էր նրանց ակտիվները, այլեւ քողարկող գործոն էր լինելու:

«RBS Coutts Bank»-ի եւ «Trident Trust»-ի նամակագրության մեջ որպես Սադոյանների բիզնես ներկայացված են Հայաստանում գրանցված շինարարական «Բելլիս», թափառող կենդանիների ստերիլիզացմամբ ու վնասազերծմամբ զբաղվող «Յունիգրաֆ-Իքս» եւ գովազդային ծառայություններ մատուցող «Յունիվերսալ Գրաֆիքս» (ներկայում կոչվում է «Օնլիադ») ընկերությունները: Սակայն իրականում Սադոյանների կազմակերպությունները շատ ավելին են, քան այս երեքը:

Ինչ վերաբերում է «Belair Worldwide S.A.»-ին, ապա այն երկար կյանք չի ունեցել: «Trident Trust»-ի աշխատակիցների 2011 թ. օգոստոսի նամակագրությունը ցույց է տալիս, որ Սադոյաններն այդպես էլ չեն կատարել ընկերության գրանցման համար անհրաժեշտ վճարումները, ինչի հետեւանքով այն ջնջվել է (strike off) վիրջինյան ռեեստրից: Այլ խոսքերով՝ ընկերության գրանցման գործընթացն այդպես էլ ավարտին չի հասցվել: ԲՎԿ-ի օրենսդրության համաձայն՝ 7 տարի շարունակ ջնջված կազմակերպությունները ինքնաբերաբեր լուծարվում են (dissolve), եթե մինչ այդ նրանք չեն կատարում համապատասխան վճարումները, եւ ռեեստրը չի վերականգնում դրանց գործունեությունը:

Լուսանկարում՝ Արա եւ Ալֆրեդ Սադոյանները

Կոլաժը՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter