HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշոտնեական դիրքի չարաշահում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից. առաջադրվել է մեղադրանք

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու հանգամանքները, որի համար քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Մասնավորապես պարզվել է, որ դեռևս 2007 թվականի օգոստոսի 17-ին երեք քաղաքացիներ 10 տարի ժամկետով անտառային հողերի վարձակալության պայմանագրեր են կնքել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ, համաձայն որի՝  հանգստի գոտի կազմակերպելու նպատակով վերջիններիս ժամանակավոր օգտագործմանն է հանձնվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկաձորի անտառպետության տեղամասից որոշակի տարածք՝ տարեկան 240.000 ՀՀ դրամ վարձավճարով: 

Պայմանագրերի կնքումից հետո տևական ժամանակ հիշյալ քաղաքացիները սահմանված կարգով վճարումները չեն կատարել, ինչի կապակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2014 թվականին քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով բռնագանձել վարձավճարները և տուգանքները: Դատարանների կողմից հայցերը բավարարվել են, և վճիռներ են կայացվել` ընդհանուր 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ: 

Սակայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ինչպես նաև` «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և վերոգրյալ հողատարածքները վարձակալած անձանց հետ նույն կուսակցության անդամ լինելու խմբային շահերից ելնելով, չի ստորագրել դատական ակտերը կատարման ուղարկելու վերաբերյալ գրությունները, ապա պարբերաբար բանավոր ցուցում է տվել ՊՈԱԿ-ի աշխատակցին` օրինական ուժի մեջ մտած վերոնշյալ դատական ակտերը կատարման չուղարկելու վերաբերյալ: 

Շուրջ երկու տարի անց ի  օգուտ պետության 34.114.551 ՀՀ դրամ բռնագանձման վերաբերյալ դատական ակտերը կատարման ներկայացնելու փոխարեն ՊՈԱԿ-ի տնօրենը, առանց հիմքերի և հիմնավորման, պաշտոնեական դիրքը չարաշահելով,  2016 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 76 հրամանով, որպես հողամասերի չօգտագործման դիմաց վարձակալներին տրվող վնասի հատուցում, ամբողջությամբ չեղյալ է համարել հիշյալ վարձակալության պայմանագրերով սահմանված վարձավճարի և տուժանքի գումարները, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս՝ հեղինակազրկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, և խաթարվել նրա բնականոն գործունեությունը, ինչն անզգուշությամբ առաջացրել է նաև ծանր հետևանքներ, այն է՝ պետությունը, ի դեմս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, զրկվել է 34.114.551 ՀՀ դրամ գումարը պետական բյուջե մուտքագրելու հնարավորությունից:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: 

«Հետքը» 2020-ին անդրադարձել էր Հրազդանի անտառտնտեսությանը, մասնավորապես՝ Ծաղկաձորում անտառային հողերի վարձակալներին։ Նրանք են՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքը, ԱԺ նախկին պատգամավոր, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Միքայել Մանուկյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, Ծաղկաձորի քաղաքապետի ազգականը, Հրազդանի անտառտնտեսության ղեկավար Արտաշ Հունանյանը, Հայաստանի երկաթուղու նախկին ղեկավարի կինը և այլք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter