Ուկրաինայում պատերազմի 83-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Եվ այսպես Ուկրաինայում պատերազմի 83-րդ օրվա ամփոփումն սկսենք առավոտյան նորություններով։
- Երկուշաբթի երեկոյան Լվովի լրատվամիջոցները հայտնել էին մարզի տարածքի հրթիռակոծության մասին։ Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին, որ հրթիռակոծվել է ռազմական օբյեկտներից մեկը, որը գտնվում է լեհական սահմանի մոտ։
- Ռուսաստանցի զինվորականները շարունակում են ուժերը կենտրոնացնել Դոնեցկի ուղղությամբ՝ հրետանային հարվածներ հասցնելով ուկրաինական ենթակառուցվածքների վրա։
- The New York Times-ը գրում է, որ ԱՄՆ սենատը օրենսդրական նախագիծ է մշակում, որն ամերիկյան դատավորներին թույլ կտա քննել ռազմական հանցագործությունների գործերը, եթե նույնիսկ ոչ հանցագործները, ոչ էլ զոհերն ամերիկացիներ չեն։
- Սանկտ Պետերբուրգում զինկոմիսարիատներից մեկը մասնավոր ընկերությունից պահանջել է իրենց ավտոմեքենա տրամադրել՝ մոբիլիզացիոն կարիքների համար։ Քաղաքացիները պարտավոր են դա անել միայն պատերազմական ժամանակ, իսկ իրավաբանական անձինք՝ զորահավաքի հայտարարումից հետո։
Ժամի քաղաքական գլխավոր նորությունն էլ այն է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին պաշտոնապես անդամակցելու հայտ ներկայացրեց։
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով ռազմական դաշինքում Շվեդիայի ներկայացուցչությանը։
Բրիտանական ռազմական հետախուզությունը Ուկրաինայում առկա իրավիճակի մասին
- Կիևից հյուսիս Չեռնիգովի մարզում ավերվել կամ վնասվել է մոտ 3500 շինություն։ Վնասի 80 %-ը հասցվել է բնակելի շենքերին։
- Այդ վնասի չափը վկայում է Ռուսաստանի պատրաստակամության մասին, օգտագործելու հրետանին բնակավայրերի դեմ, ընտրողականության և համաչափության մինիմալ հաշվի առնմամբ։ Հավանական է, որ Ռուսաստանը առավել հաճախ է դիմում անկանոն հրետանային կրակին՝ թիրախների որսման սահմանափակ հնարավորությունների պայմաններում, ինչպես նաև այդ երկիրը չի ցանկանում ռազմաճակատի սեփական գծից մարտական ինքնաթիռների թռիչքի ժամանակ ռիսկի դիմել։
- Առաջիկա շաբաթներին Ռուսաստանը, հավանական է, կշարունակի էական շեշտադրում դնել զանգվածային հրետանային հարվածների վրա՝ փորձելով վերականգնել Դոնբասում իր առաջխաղացման տեմպը։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 17 May 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) May 17, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/GwwPZ9lX8D
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/PuqLnVGj0Q
Կուրսկի մարզի նահանգապետը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանին գտնվող գյուղի ռմբակոծման մասին։
Նահանգապետ Ռոման Ստարովոյտը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ մայիսի 17-ին առավոտյան 05:00-ին Գլուշկովսկու շրջանի Ալեքսեևկա սահմանամերձ գյուղը ենթարկցել է խոշոր տրամաչափով զենքից ռմբակոծության։
Նրա խոսքով՝ վնասվել է երեք սեփական տուն, դպրոցը և մեկ ավտոմեքենա։ Տուժածներ չկան։
«Մեր սահմանապահների պատասխան կրակով ռմբակոծությունն արագ ճնշվել է»,- ասել է Ստարովոյտը։
Արևմուտքում կարծում են, որ Պուտինն անձամբ է իրականացնում Ուկրաինայում զորքերի կառավարումը՝ «գնդապետի մակարդակով»։
The Guardian-ի փոխանցմամբ, որը հղում է անում իր արևմտյան ռազմական աղբյուրներին, Ռուսաստանի նախագահը այնքան է անձամբ ներգրավված Ուկրաինայում պատերազմին, որ ընդունում է օպերատիվ և մարտավարական որոշումներ։ Այդպես, նա օգնում է որոշել Դոնբասում ուժերի տեղաշարժը։
Պարբերականի զրուցակիցները պնդում են, որ Պուտինը նախկինի պես սերտորեն համագործակցում է ՌԴ ԳՇ պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ։ «Մենք կարծում ենք, որ Պուտինն ու Գերասիմովը մասնակցում են այնպիսի մակարդակում մարտավարական որոշումների կայացմանը, որը սովորաբար անում է գնդապետը կամ բրիգադի գեներալը»,- ասել է բրիտանական պարբերականի ռազմական աղբյուրը։
The Guardian-ը այլ մանրամասներ, որոնք կհաստատեն այս պնդումը, չի ներկայացրել։ Պարբերականը նշում է, որ նման պնդումներն արվում են հետախուզական տվյալների հիման վրա։ Կրեմլը դեռևս չի մեկնաբանել այս լուրը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել