Առաջարկվում է տեղեկատվության հարցումներն ապօրինի մերժողներին տուգանել 30-70 հազար դրամով
Արդարադատության նախարարությունն առաջարկում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար պատասխանատվության միջոցներն ավելացնել պաշտոնատար անձանց և գերատեսչությունների համար: Փոփոխություններով առաջարկվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով տուգանք սահմանել(30-ից 70 հազար դրամ), իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով(100-ից 150 հազար դրամ):
Նախագիծը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը: Փոխնախարարի խոսքով՝ ըստ Givemeinfo.am կայքի տվյալների՝2019 թվականից առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 18%-ի դեպքում տեղեկություն տնօրինողները օրենքի խախտմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն տրամադրում իրենցից պահանջված տեղեկությունները: Նշված ժամանակահատվածում հարցումների 3%-ին առհասարակ որևէ պատասխան չի ներկայացվել, 9%-ի դեպքում պատասխանները թերի են եղել՝ այսինքն հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3%-ի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել՝ անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի, և ևս 3%-ի դեպքում ստացվել է անհիմն պատասխան, երբ ակնկալվող տեղեկության տրամադրումը թեև ձևական իմաստով չի մերժվել, սակայն պահանջված տեղեկությունը օրենքի խախտմամբ չի տրամադրվել:
Նախագծում նշվում է նաև «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում տեղադրված գործերի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց պարզվել է, որ ներկայացված հայցադիմումները մեծ թիվ չեն կազմում: Վերջին մի քանի տարիների ընթացքում ներկայացված հայցադիմումների քննության արդյունքում տասը գործ մերժվել է Վարչական դատարանի համապատասխան վճիռներով, հայցադիմումներից բավարարվել են ընդամենը չորսը, որոնցից երկուսով պատասխանողը տուգանվել է տասը հազարական դրամով, մեկով՝ երեսուն հազար դրամով, մեկով՝ հիսուն հազար դրամով: Նշվում է նաև, որ ներկայացված հայցադիմումների մի մասի վարույթ ընդունելն ընդհանրապես մերժվել է դատարանի կողմից:
Ըստ նախարարության՝ 189.7-րդ հոդվածի սանկցիայով նախատեսված տասից հիսուն հազար դրամ տուգանքի չափ նախատեսված լինելը բավարար չափով չի շահագրգռում քաղաքացիներին, իրավաբանական անձանց հայց հարուցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների դեմ՝ օրենքով նախատեսված տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելու համար:
Փոխնախարարի խոսքով՝ տուգանքի ավելի բարձր սահմանաչափ նախատեսված լինելու դեպքում անձն ավելի շահագրգռված կլինի հայց հարուցելու՝ հաշվի առնելով նաև այն, որ քննարկվող հայցի բավարարման դեպքում իրավախախտի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո հետագայում կբացառվեն կամ գոնե կնվազեն 189.7-րդ հոդվածով սահմանված համապատասխան սուբյեկտի կողմից տեղեկատվության ապօրինաբար չտրամադրման դեպքերը:
Նախագծի հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշեց, որ այս նախագիծը կառավարության թափանցիկ քաղաքականության մասին է խոսում:
«Մենք խստացնող նորմ ենք համարում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց կողմից տեղեկատվություն չտրամադրելը: հաճախ շահարկվում է, որ իշխանությունների կողմից ԶԼՄ-ների աշխատանքը որևէ ձևով փորձում են սահմանափակել, այս դեպքում հարգելի՛ լրատվամիջոցներ, խնդրում եմ արձագանքեք, որ տոտալ հակառակ իրականությունն է»,- ասաց նա՝ կոչ անելով հանձնաժողովականներին կողմ քվեարկել նախագծին:
Նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով միաձայն քվեարկություն: Նշենք, որ նիստին միայն ՔՊ-ականներն են ներկա:
Մեկնաբանել