HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել Էլիզաբեթ Բորնը

Էլիզաբեթ Բորնը, որը մինչև վերջերս զբաղեցնում էր Ֆրանսիայի աշխատանքի նախարարի պաշտոնը, նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ նշանակվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին նշվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։

«Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Էլիզաբեթ Բորնին նշանակել է վարչապետի պաշտոնում և հանձնարարել նրան ձևավորել նոր կառավարություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բորնն այդ պաշտոնում փոխարինել է Ժան Կաստեքսին, որը ֆրանսիական նախարարների կաբինետը գլխավորում էր 2020 թվականի հուլիսից և երկուշաբթի օրը՝ մայիսի 17-ին, նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, հրաժարական էր տվել։

Բորնը դարձել է Ֆրանսիայի պատմության մեջ երկրորդ կինը, որը նշանակվել է վարչապետի պաշտոնում։ «Դա շատ բարդ աշխատանք է, սակայն Էլիզաբեթ Բորնը խորհուրդների կարիք չունի։ Նա բացառիկ կոմպետենտ և փորձառու մարդ է։ Ես ուրախ եմ այդ նշանակման համար և ի սրտե շնորհավորում են նրան»,- BFM հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ֆրանսիայի առաջին կին վարչապետ Էդիթ Կրեսոնը։

Ելիսեյան պալատում Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Բորնը մեկնել է իր նոր նստավայր՝ Մատինոնյան պալատ։ Արդեն առաջիկայում նա կձևավորի իր նոր կառավարությունը, որի կարևոր խնդիրներից մեկը կդառնա խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, որը նախատեսված է հունիսի 12-ին և 19-ին (I և II փուլերը)։

Ինչպես նշում են ֆրանսիացի քաղաքագետները, Բորնը ներկայիս Ֆրանսիայի ամենահմուտ նախարարներից մեկն էր։ Ինժեներ, Պոլիտեխնիկ դպրոցի շրջանավարտ Բորնը եղել է Երկաթուղու ազգային ընկերության ռազմավարական գծով տնօրեն, աշխատել է Փարիզի քաղաքապետարանում, գլխավորել Պուատու-Շարանտ և Վյեն դեպարտամենտների պրեֆեկտուրաները, ղեկավարել բնապահպանության նախարար Սեգոլեն Ռուայալի աշխատակազմը։

Երկար ժամանակ Բորնը իր հայացքներով հարում էր Սոցիալիստական կուսակցությանը, սակայն 2017 թվականի նախագահական ընտրություններում իր աջակցությունը հայտնեց Մակրոնի թեկնածությանը, իսկ այնուհետև միացավ նրա կուսակցությանը։ Էմանուել Մակրոնի նախագահության տարիներին Էլիզաբեթ Բորնը գլխավորել է տրանսպորտի, բնապահպանության և աշխատանքի նախարարությունները։

Լուսանկարը՝ CHRISTIAN HARTMANN/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter