HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աշտարակի ավագանին սոցիալական օգնություն հատկացնելու չափորոշիչներ չի սահմանել, գումար բաժանողը համայնքի ղեկավարն է

Աշտարակ համայնքի 2022թ.-ի բյուջեում բնակչության սոցիալական աջակցության համար 43 մլն դրամ է հատկացվել: Բազմաբնակավայր համայնքի համար, միգուցե, այն մեծ գումար չէ, սակայն մեծ թվով բնակավայրերի միավորվելու դեպքում գումարի մեծությունն այնքան կարևոր չէ, որքան գումարի բաշխման օրինականության ապահովումը:

2022թ. տարեսկզբից մինչ օրս Աշտարակ համայնքում սոցիալական աջակցությանը հատկացված 43 մլն դրամ գումարից հատկացվել է 6 մլն 234 հազար դրամ, ևս 480 հազար դրամ հատկացվել է առողջական խնդիրներ ունեցող բնակիչներին՝ բուժման նպատակով: Համայնքապետարանը ոչ մի որոշում չի հրապարակել, որից պարզ կլիներ, թե ով է գումար հատկացնողը, ո՞ւմ է հատկացրել, ինչի՞ հիման վրա: Արդյոք, 30 բնակավայրերի բնակիչները հավասարապես հնարավորություն ունեցե՞լ են դիմելու և աջակցություն ստանալու համայնքապետարանից:

Ամենակարևորը՝ Աշտարակ համայնքի ավագանին որոշում չի ընդունել, թե ում է վերապահում սոցիալական աջակցության գումարը հատկացնելու գործառույթը: Ավագանին նաև համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու համար կարիքների գնահատման չափորոշիչներ չի սահմանել:

Բազմաթիվ համայնքներ (Աբովյան, Վաղարշապատ, Արմավիր, Չարենցավան, Ջվեժ, Գավառ և այլն) սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու համար կարգ են սահմանել և կարիքների գնահատման չափորոշիչներ են ընդունել: Գնահատումը վերապահել են այդ նպատակով ստեղծված մշտական գործող հանձնաժողովին, որտեղ ընդգրկվել են` ավագանու անդամներ, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աշխատող, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլք:

Կարիքավորության չափորոշիչներ սահմանելու շնորհիվ մի շարք համայնքներում նվազեցրել են բյուջեում սոցիալական աջակցությանը հատկացվող գումարը: Դրանով ապահովվել է գումարների բաշխման հասցեականությունը, համայնքի ղեկավարն ապահովագրվել է ֆինանսական չարաշահումներ կատարելու մեղադրանքից: Սա չի վերաբերում Աշտարակ համայնքին, այստեղ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց առջև այդպիսի խնդիր չեն դրել:

2021թ.-ի աշնանը Աշտարակ համայնքը խոշորացվեց նախկին շրջանով՝ Աշտարակ քաղաքի հետ միավորվեց 29 գյուղ, այդ թվում՝ մինչ այդ Կոտայքի մարզում ներառված Նոր Երզնկա գյուղը: 2021թ. դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրության արդյունքներով Աշտարակ համայնքում ձևավորվել է 27 անդամ ունեցող ավագանի: Ընտրողների 79,01%-ի քվեն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավագանու կազմում ստացել է 21 մանդատ, «Հայ Յեղափոխական դաշնակցություն»-ը՝ 4  մանդատ, «Հայրենիք» կուսակցությունը՝ 2 մանդատ: Ավագանու 2021թ. դեկտեմբերի 29-ի որոշումով 3 կուսակցությունը խմբակցություններ են ստեղծել, սակայն մշտական գործող հանձնաժողովներ չեն ձևավորվել: Մինչդեռ, ՏԻՄ օրենքը պարտավորեցնում է ավագանու 9 անդամ ունենալու դեպքում 3 մշտական գործող հանձնաժողով ձևավորել, որից մեկն անպայման սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն է լինում:

Ստացվում է, որ բազմակուսակցական ավագանի ունենալու պարագայում անգամ, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը շարունակում է միանձնյա կառավարում իրականացնել:

Այն համայնքները, որոնք կարիքավորության չափորոշիչներ են սահմանել, հիմնականում, անապահով են համարել հետևյալ խմբերին՝ նպաստառու ընտանիք, միայնակ մայր, ամուսնալուծված ծնողի խնամքին գտնվող երեխա, բազմազավակ (չորս և ավելի երեխա ունեցող) ընտանիք, միակողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիք, եկամուտների բացակայություն, պարտադիր ժամկետային զինծառայող ունեցող, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, վարձով կամ ոչ հիմնական շինությունում բնակվող ընտանիքներ, բնական և տեխնածին աղետից տուժածներ, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած անձ, միայնակ թոշակառու և այլն:

Սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած անձանց օգնություն հատկացնելու կարգ են սահմանել՝ հիմքում դնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 18-րդ հոդվածի դրույթները։ Ընդունված կարգի համաձայն՝ հանձնաժողովը որոշում կայացնելուց առաջ տնային այցելություն պետք է կատարի և դիմումատուի սոցիալական կարիքների գնահատման ակտ կազմի: Դրամական աջակցություն է ցուցաբերվում նրանց, ովքեր նվազագույնը 5 բալային միավոր են ստանում: Առանձին համայնքներ օրենսդրական կարգավորումները համատեղել են համայնքում իրականացվող սոցիալական աջակցության տեղական քաղաքականության հետ:

Օրինակ, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքը, բացի անապահովության վերը թվարկված դեպքերից, որոշել է գումար հատկացնել նաև բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին: Հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում մասնակի՝ մինչև 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 200 000 հազար դրամի չափով, կվճարեն նաև սոցիալապես ոչ խոցելի ընտանիքների բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների ուսման վարձը:

Ցավալիորեն, համայնքապետարաններում սոցիալական աջակցությունը պատկերացնում են միայն գումար հատկացնելով: Համայնքներում բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք, մտավոր ունակություններով պայմանավորված, անկարող են տնօրինել իրենց հատկացված գումարը և երբեք չեն հաղթահարում կարիքավորությունը, անգամ ծայրահեղ չքավորությունը: Անկարող են հետևել երեխաների խնամքին՝ կանոնավոր սնվել, դասապրոցեսից դուրս չմնալ, պահպանել հիգիենան և այլն:

Համայնքապետարանները սոցիալական աշխատող ունեն, սակայն նրանցից ոչ մեկը դեռևս համայնքի բնակչության սոցիալական անապահովության բնութագիր չի հրապարակել: Վերջին տարիներին հաճախակիացել են ողբերգական դեպքերը, երբ մանկահասակ երեխաները դառնում են ծնողների խաթարված հոգեվիճակի զոհերը: Ընտանիքի սոցիալական բնութագիր կազմելը, որը սոցիալական աշխատողի պարտականությունն է, առաջին հերթին համայնքային իշխանությանը կպարտավորեցնի ուշադրության կենտրոնում պահել թիրախային ընտանիքներին, օգնել, որ ժամանակին հաղթահարվեն հոգեբանական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրները:

Բնակչության սոցիալական անապահովության բնութագիր ունենալը տեղական իշխանություններին անհրաժեշտ է նաև կարիքավորությունը հաղթահարելու ծրագրեր իրագործելու համար: Ժամանակն է գումարներ բաշխելուց անցնելու աջակցության ծրագրերին, որպեսզի անապահով ընտանիքները կայուն եկամուտ ստեղծելու հնարավորություն ունենան: Շրջանային տարբերակով միավորված համայնքները սոցիալական հանձնաժողովները մասնագետներով համալրելու, որակյալ իրավական ակտեր ընդունելու, վարչարարությունը բարելավելու լիարժեք հնարավորություն ունեն: Հիմնական խոչընդոտը համայնքների ղեկավարների կարծրացած մտածողությունն է և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ համայնքներում վարչարարության որակը բաձրացնելու ցանկության բացակայությունը:

Լուսանկարները Թ. Շահվերդյանի և Աշտարակ համայնքի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter