
Լրագրողներին՝ պետական մարմնի կողմից հավատարմագրումից զրկելու նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը
Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում քննարկվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:
Այս փոփոխություններով՝ պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնեն օրենսդրական բացը և պետական մարմնին ևս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:
Նախագիծը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ գործնականում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ կոնկրետ ԶԼՄ-ների լրագրողները պարբերաբար խախտում են ԱԺ աշխատանքային գոտում գործող կանոնները, այդ մասին պետական մարմինը նախազգուշացնում է ԶԼՄ-ին:
«Սակայն նույն լրագրողները շարունակում են պարբերաբար խախտել աշխատանքային գոտում եղած կանոնները՝ ընդհուպ խախտելով էթիկան, վիրավորելով ու սպառնալով պատգամավորներին, խաթարել ոչ միայն ԱԺ բնականոն աշխատանքը, այլև իրենց գործընկերների բնականոն աշխատանքը: Այս խնդիրը լուծելու համար բացը լրացնում ենք օրենքով, որ պետական մարմինը կարողանա դադարեցնել հավատարմագրումը՝ աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Պատգամավորի խոսքով՝ նախագիծը քննարկվել է ՄԻՊ-ի և արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ, վերջիններից առաջարկներ են ստացել:
Նախագիծը լրամշակվել է, ըստ այդմ՝ պետական մարմնի կողմից լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն եթե տվյալ ԶԼՄ-ն նախազգուշացում է ստացել, և մեկ տարվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ լրագրողը խախտել է տվյալ գերատեսչության աշխատակարգի կանոնները: Հովհաննիսյանի խոսքով՝ ԶԼՄ-ն կարող է փոխարինել հավատարմագրումից զրկված լրագրողին այլ լրագրողով: Նախագծի հեղինակի ներկայացմամբ՝ ԶԼՄ-ները հավատարմագրվելիս ծանոթանալու են հավատամագրման կարգին, որևէ հայեցողական որոշում չի կարող կայացվել:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց, թե այս նախագծով որևէ խստացում չի արվում, պարզապես լրագրողները պարտավոր են ենթարկվել պետական գերատեչության գործող աշխատանքային կանոններին:
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ, սակայն հավելեց, որ ցանկալի կլիներ օրենքով ընդհանուր հիմքեր նախատեսել, թե որ իրավիճակներում լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից, և ոչ թե յուրաքանչյուր պետական մարմին իր անհատական ակտով հիմքեր ստեղծի:
Հովհաննիսյանն արձագանքեց, որ յուրաքանչյուր պետական մարմին ունի իր աշխատանքային կանոնակարգերը: Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը հատկացվում է խորհրդարանին, քանի որ լրագրողները հիմնականում այնտեղ են, սակայն համեմատելի չեն օրինակ կառավարության, ԱԳՆ-ի, ՊՆ-ի աշխատանքայն գոտիները խորհրդարանի հետ: Ըստ նրա՝ տեխնիկապես հնարավոր չէ յուրաքանչյուր գերատեսչության համար առանձին դրույթներ սահմանել օրենքով: Մինասյանն ասաց՝ նկատի ուներ ընդհանուր նորմեր, օրինակ՝ լրագրողն արգելված տարածքներ է մտնում, այդ դեպքում է զրկվում հավատարմագրումից: Հովհաննիյնան էլ ասաց, թե դադարեցման հիմքն օրենքում ամրագրելու դեպքում մերժման հիմքն էլ պետք է ամրագրել:
Ի վերջո քննարկումներից հետո նախագիծը ներկայացված տեսքով դրվեց քվեարկության՝ ստանալով դրական եզրակացություն:
Մեկնաբանել