HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքական «խաղեր»՝ երկնքում. ՀՀ կառավարական ինքնաթիռը կրկին հատում է Թուրքիայի օդը, բայց նոր արգելքներ են ստեղծվել

Մայիսի 5-ին հայկական «Fly One Armenia» ավիաընկերությունը հայտարարեց, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն իրեն չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթեր կատարելու (overflight) հնարավորություն։ «Ստեղծված իրավիճակի արդյունքում ընկերությունը ստիպված է մինչև ս. թ. հունիսի 10-ը չեղարկել Երեւան- Լիոն-Երեւան եւ Երեւան-Փարիզ-Երեւան ուղղություններով չվերթերը»,- հայտարարեց «Fly One Armenia»-ն՝ հավելելով, որ ինքը շարունակում է իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան թռիչքները՝ համաձայն չվացուցակի։

Փաստորեն, ըստ հայկական փոխադրողի հայտարարության, թուրքական ավիացիոն իշխանությունները խոչընդոտել են միայն իրենց երկնքով դեպի Եվրոպա տարանցիկ չվերթերի իրականացմանը։ Սա, անշուշտ, տարօրինակ իրավիճակ է, քանի որ եթե խնդիրը թռիչքային անվտանգությունն է, ապա Թուրքիան տրամաբանորեն չպետք է թույլատրեր նաեւ դեպի իր տարածք (Ստամբուլ) կատարվող չվերթերը։

«Հետքը» ՀՀ քաղավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) հետաքրքրվել է, թե արդյոք թուրքական կողմը որեւէ պատճառաբանություն ներկայացրել է իր քայլին։ ՔԱԿ-ից հայտնել են, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունների կողմից այդ երկրի օդային տարածքի փակման կամ սահմանափակման վերաբերյալ պաշտոնապես որեւէ տեղեկատվություն չի հրապարակվել։

Այս տարվա մարտից ՀՀ կառավարական օդանավը կրկին տարանցում է Թուրքիայի երկինքը

Հիշեցնենք, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմից օրեր առաջ՝ սեպտեմբերի 9-ից, Թուրքիան Հայաստանի տարածքը, բացի ցամաքից, շրջափակել էր նաեւ երկնքում, քանի որ չէր թույլատրում հայկական գրանցումով (Հայաստանի EK ազգային նիշով) օդանավերի մուտքը իր օդային տարածք։ Համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան նման տեղեկատվություն (NOTAM) չէր հրապարակել: Այսինքն՝ չնայած պաշտոնապես որեւէ խոչընդոտ չկար, հայկական կողմը հասկացել էր, որ թուրքերը փաստացի գնացել են նման քայլի․ դա պարզվել էր այն բանից հետո, երբ հայկական ավիափոխադրողները 2020 թ․ սեպտեմբերի 9-ին, 18-ին, 25-ին, ապա 2021 թ․ մարտի 19-ին ու 23-ին Թուրքիայի երկնքով տարանցիկ չվերթ կատարելու մերժում էին ստացել։ Վերջին անգամ Թուրքիան նման հնարավորություն հայկական փոխադրողներին տվել էր 2020 թ․ օգոստոսի 29-ին։ Հիմա հետադարձ նայելով զարգացումներին՝ կարող ենք ասել, որ դա Հայաստանի ու Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի նախերգանքն էր։

Ավելին՝ 2020 թ․ հուլիսի 24-ին Թուրքիան չէր թույլատրել ՀՀ պետական օդանավի՝ կառավարական բորտի («Airbus A319-132 (CJ)» տիպի ինքնաթիռ է, գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701») տարանցիկ տեխնիկական չվերթը իր երկնքով։ Իսկ տեխնիկական չվերթի նպատակը դեպի չեխական Օստրավա մեկնելն էր, որտեղ կառավարական ինքնաթիռը պետք է ներկվեր նոր գույներով։ Հայկական օդանավը Չեխիա էր հասել՝ չմտնելով Թուրքիայի երկինք։

Քանի որ վերջին շրջանում ՀՀ կառավարական ինքնաթիռը կրկին անցել է Թուրքիայի երկնքով, ՔԱԿ-ին հարցրել էինք, թե երբվանից են թուրքական ավիացիոն իշխանությունները վերսկսել համաձայնություն տալ իրենց օդային տարածքով ՀՀ պետական օդանավի տարանցիկ չվերթերի իրականացմանը։ Կոմիտեն նշել է, որ խոչընդոտը վերացվել է այս տարվա մարտից։ Այսինքն՝ գրեթե երկու տարի (2020-ի հուլիսից մինչեւ 2022-ի մարտ) ՀՀ կառավարական օդանավը չի հատել Թուրքիայի երկինքը, ինչը Եվրոպա մեկնելու ամենակարճ ճանապարհն է։

Ըստ ՔԱԿ-ի՝ այս տարի Թուրքիայի օդով ՀՀ պետական օդանավերը իրականացրել են 2 չվերթ՝ ապրիլի 5-ին եւ մայիսի 10-ին։ Իրականում մարտի 8-9-ը եւս վարչապետ Փաշինյանը Երեւանից Փարիզ էր մեկնել ու վերադարձել հենց Թուրքիայի տարածքով (տես ստորեւ), սակայն սրա մասին ՔԱԿ-ը չի նշել։

Ապրիլի 5-ին էլ Փաշինյանը, տարանցելով Թուրքիայի երկինքը, Երեւանից մեկնել էր Բրյուսել եւ նույն ճանապարհով այնտեղից վերադարձել ապրիլի 7-ին։ Իսկ ահա մայիսի 10-ին Նիդերլանդներ մեկնելիս վարչապետի գլխավորած պատվիրակությունն օգտվել է ոչ թե պետական օդանավից, ինչպես նշել է ՔԱԿ-ը, այլ «Ավիակոմպանիա Արմենիայի» ինքնաթիռից («Boeing 737-800», ՀՀ գրանցումը՝ EK-73705), քանի որ կառավարական բորտը ապրիլի 14-ից մինչ օրս տեխսպասարկում է անցնում Պրահայում։ Մասնավոր ընկերության օդանավով Փաշինյանն այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին արտերկիր է մեկնում արդեն երրորդ անգամ՝ 2 անգամ Ռուսաստան, 1 անգամ՝ Նիդերլանդներ։

Նիդերլանդներ ուղեւորվելիս եւ այնտեղից վերադառնալիս «Արմենիայի» օդանավն անցել է Թուրքիայի երկնքով (տես ստորեւ)։

Սա հատկանշական է, քանի որ, ինչպես վերեւում ասվեց, այդ երկիրը 2020-ի սեպտեմբերից խոչընդոտում է հայկական քաղաքացիական օդանավերի (Հայաստանի ազգային EK նիշը կրող) մուտքը իր երկինք։ Բայց այս դեպքում գուցե պատճառն այն է, որ ինքնաթիռն իրականացրել է ոչ թե առեւտրային (կոմերցիոն) փոխադրում, այլ տեղափոխել է պետական պաշտոնյաների։ Հիշեցնենք, որ, բացի թուրքական արգելքից, հայկական գրանցումով օդանավերը 2020-ի ամառվանից մինչ օրս Եվրամիության «սեւ ցուցակում» են եւ, բացառությամբ հատուկ չվերթերի, իրավունք չունեն ԵՄ երկինք մտնել կոմերցիոն նպատակներով։

Հայաստանի ու Ադրբեջանի երկինքները միմյանց առաջ բաց են

Ի տարբերություն Թուրքիայի՝ Հայաստանը չի փակել իր երկինքը թուրքական օդանավերի առաջ։ ՔԱԿ-ը սա պատճառաբանել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով առ այն, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ: Ըստ այդ տրամաբանության՝ Հայաստանը չի կարող երկինքը փակել միայն մեկ երկրի օդանավերի առաջ: 

«Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն, բացառիկ հանգամանքներում, արտակարգ իրավիճակի պայմաններում կամ հասարակական անվտանգության ապահովման նպատակով, իրավունք է վերապահում ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել թռիչքներն իր ողջ տարածքի կամ դրա մի մասի վրա՝ պայմանով, որ այդպիսի սահմանափակումը կամ արգելքը կկիրառվի բոլոր այլ Պետությունների օդանավերի նկատմամբ՝ անկախ դրանց ազգային պատկանելության»:

Չիկագոյի կոնվենցիա, հոդված 9

Սակայն նույն Չիկագոյի կոնվենցիան պատերազմի դեպքում ազատություն է տալիս պատերազմի ազդեցությունը կրող երկրին՝ չսահմանափակելով նրա գործողությունները:

«Պատերազմի դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները չեն սահմանափակում պատերազմի ազդեցությունը կրող Պայմանավորվող պետության գործողությունների ազատությունը, անկախ նրանից, պատերազմող է այդ Պետությունը, թե չեզոք: Նույն սկզբունքը կիրառվում է այն Պայմանավորվող պետության նկատմամբ, որն իր մոտ արտակարգ իրավիճակ է հայտարարում եւ այդ մասին տեղեկացնում է Խորհրդին»:

Չիկագոյի կոնվենցիա, հոդված 89

Հենց այս հիմքով Հայաստանը 2020 թ. սեպտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 17-ը փակել էր իր օդային տարածքը ադրբեջանական օդանավերի համար, չնայած շեշտենք, որ վերջիններս մեր երկնքից չէին օգտվում դեռ 2014-ի նոյեմբերից (մանրամասները՝ այստեղ): Ու չնայած Թուրքիան եւս անմիջական մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմում, ՀՀ երկինք թուրքական օդանավերի մուտքը փակելու մասին խոսք չի եղել. թուրքական բորտերը թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետո շարունակել են օգտվել մեր օդից: 2021-ի հոկտեմբերի 6-ից հետո էլ մեր օդային տարածքը կրկին սկսել են տարանցել ադրբեջանական ինքնաթիռները, որոնք թռչում են Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ: Նրանք այդ թռիչքները շարունակում էին նաեւ 2021-ի նոյեմբերին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սանձազերծել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:

Այս ֆոնին, սակայն, հայկական օդանավերը Ադրբեջանի տարածք չեն մտնում: Եթե ավիաընկերությունների քաղաքացիական բորտերը դրա կարիքը չունեն, որովհետեւ դեպի Միջին Ասիա կամ այլ արեւելյան ուղղություններով թռիչքներ չեն կատարում, ապա ՀՀ կառավարական ինքնաթիռը նման դեպքերում միշտ շրջանցում է Ադրբեջանի երկինքը:

ՔԱԿ-ին հարցրել էինք, թե արդյոք Բաքվի կողմից հայկական օդանավերի հանդեպ կան սահմանափակումներ, եւ ինչու ՀՀ կառավարական օդանավը Միջին Ասիա մեկնելիս շրջանցում է այդ երկրի օդը: «ՀՀ պետական գրանցումով օդանավերի համար Ադրբեջանի օդային տարածքի որեւէ սահմանափակում հրապարակված չէ: Միաժամանակ հարկ է նշել, որ օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին»,- պատասխանել է կոմիտեն:

Կարող ենք արձանագրել, որ ՀՀ կառավարական ինքնաթիռը չի մտնում Ադրբեջանի երկինք զուտ անվտանգային նկատառումներով: Ենթադրելի է, որ նույնը կանեն նաեւ հայկական ավիաընկերությունները, եթե դեպի արեւելք թռիչքներ կատարեն:

Թուրքիա մտնում են հայկական ավիաընկերության մոլդովական գրանցմամբ օդանավերը

ՔԱԿ-ից նաեւ հետաքրքրվել էինք, թե 2020-ի սեպտեմբերից ՀՀ քաղաքացիական օդանավերի (խոսքը ոչ թե պետական բորտի, այլ ավիաընկերությունների օդանավերի մասին է) դեմ խոչընդոտներ հարուցած Թուրքիան արդյոք ներկայում եւս փակ է պահում իր երկինքը մեր օդանավերի առաջ: Կոմիտեն մայիսի 16-ին պատասխանել է. «ՀՀ գրանցմամբ քաղաքացիական օդանավերի՝ Թուրքիայի օդային տարածքով չվերթեր իրականացնելու հետ կապված հայտնում ենք, որ 2022 թ. փետրվարի 2-ից մինչ օրս ՀՀ գրանցմամբ «Fly One Armenia» ընկերությունը Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղղությամբ իրականացրել է շուրջ 38 չվերթ (փետրվարին՝ 9, մարտին՝ 11, ապրիլին՝ 13, մայիսին՝ 5)»:

Սա տարօրինակ պատասխան է ՔԱԿ-ի կողմից, որովհետեւ նրան հարցրել էինք Թուրքիայի տարածք մտնող եւ ՀՀ գրանցում ունեցող օդանավերի մասին, այնինչ «Fly One Armenia»-ն թե՛ դեպի Ֆրանսիա, թե՛ դեպի Ստամբուլ, թե՛ այլ ուղղությամբ թռիչքները այս ողջ ընթացքում իրականացրել է իր «մայր ընկերությունից»՝ մոլդովական «Fly One»-ից վարձակալած «Airbus A320» ինքնաթիռներով, որոնք մինչ օրս գրանցված են մոլդովական ռեգիստրում որպես ER-00006 եւ ER-00007: Հենց մոլդովական գրանցումն է օգնել, որ ԵՄ «սեւ ցուցակում» գտնվող բոլոր հայկական ավիաընկերություններից «Fly One Armenia»-ն թռիչքներ բացի դեպի ԵՄ տարածք՝ Լիոն ու Փարիզ, ըստ էության՝ նաեւ Ստամբուլ:

Թե ինչու է Թուրքիան որոշել արգելել մոլդովական գրանցումով ինքնաթիռներ շահագործող հայկական ընկերության թռիչքները դեպի հայաշատ Ֆրանսիա, կարելի է ենթադրություններ անել, առաջին հերթին՝ քաղաքական-տնտեսական բնույթի, որքան էլ որ Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց:

«Fly One Armenia»-ի ինքնաթիռներից մեկն առժամանակ չի շահագործվում

Ինչպես ասվեց, «Fly One Armenia»-ն մայիսի 5-ին է հայտարարել, որ դեպի Եվրոպա տարանցիկ չվերթերի հարցում խնդիրների է բախվել թուրքական արգելքի պատճառով: Նկատենք, որ եթե մոլդովական «Fly One»-ից վերցրած ER-00007-ը շահագործում էր ռուսական ուղղությունները, ապա ER-00006-ը կենտրոնացած էր եվրոպական եւ թուրքական չվերթերի վրա: Ապրիլի 18-ին ER-00006-ը տեխնիկական չվերթ է կատարել (թռիչքի համարը՝ FIE 385F) Երեւան-Շարժա ուղղությամբ, որն առայժմ այս օդանավի վերջին թռիչքն է: Ըստ էության, ինքնաթիռը տեխսպասարկում է անցնում Շարժայում:

Մինչ այդ «Fly One Armenia»-ի տրամադրության տակ գտնվող ER-00007-ը շարունակում է Երեւանից թռչել Մոսկվա, Սոչի եւ Թբիլիսի: Իսկ Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթերը ER-00006-ի բացակայության պայմաններում իրականացնում է մեկ այլ «Airbus A320»՝ ER-00005-ը, որը գլխավորապես շահագործում է «մայր ընկերության»՝ մոլդովական «Fly One»-ի չվերթերը: Այսինքն՝ այդ բորտը ժամանակավորապես օգնության է եկել «Fly One Armenia»-ին, որը ներկա պահին օդանավերի բավարար քանակի խնդիր ունի: Նկատենք նաեւ, որ ապրիլի 18-ից հետո, երբ ER-00006-ը մեկնել է Շարժա, մի կարճ ժամանակ նույն ER-00005-ն է իրականացրել դեպի Ֆրանսիա չվերթերը, որոնք հետո դադարեցվեցին թուրքական գործոնի ազդեցությամբ (համենայն դեպս, այսպես պնդում է հայկական փոխադրողը): 

Գլխավոր լուսանկարում՝ մոլդովական ER-00006 գրանցմամբ ինքնաթիռը՝ «Զվարթնոցում» (հեղ.՝ Նարեկ Ալեքսանյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter