HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ընթանում են Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով հարթակի երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Նախատեսվում է մինչև այս կիսամյակի վերջ անցկացնել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով հարթակի երկրորդ հանդիպումը։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Այս փուլում ընթանում է ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստությունը։ Մենք ակնկալում ենք այն անցկացնել մինչև առաջին կիսամյակի վերջ։ Ինչ վերաբերում է տրանսպորտային և տնտեսական կապերի արգելաբացմանը, ապա դրանով զբաղվում է պրոֆիլային եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորությամբ»,- ասել է Ռուդենկոն։ Ըստ նրա՝ այս ուղղությամբ մեծ աշխատանք է արվել, և ռուսական կողմը հույս ունի, որ շատ շուտով կընդունվեն կոնկրետ որոշումներ, որոնք թույլ կտան անցնել տարածաշրջանում կոնկրետ նախագծերի իրականացմանը։

Ռուդենկոն «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակն անվանել է պահանջված և հեռանկարային մեխանիզմ։ «Մեր պլաններում է դրա ակտիվ օգտագործումը՝ Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության զարգացման համար։ Այդպիսի համագործակցության տրամաբանությունը ենթադրում է հարցերի հավաքական դիտարկում, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացնում, չեն սրում քաղաքական հակասություններն ու նպաստում են փոխադարձ վստահության բարձրացմանը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։

Նրա կարծիքով՝ այս ձևաչափը նպաստում է տարածաշրջանի երկրների, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի ու Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հարթմանը, ինչը կարող է իրականացվել առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման փոխշահավետ նախագծերի միջոցով։ «Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև համագործակցության լրացուցիչ հնարավորությունները կապված են տարածաշրջանի տրանզիտ ներուժի բացահայտման, նոր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հետ»,- եզրափակել է Ռուդենկոն։

Հիշեցնենք, որ այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում։ 

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Մյուս երկրները ևս մասնակցել են նախարարների տեղակալների մակարդակով, իսկ Իրանը ներկայացնում էր ԱԳՆ գլխավոր տնօրենը։ 

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ 

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր այս նախաձեռնությամբ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Պաշտոնական Թբիլիսին էլ հայտարարել էր, որ Վրաստանը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ Sputnik / Нина Зотина

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter