HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

Պաշտոնական այցով Կահիրեում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավիի հետ: 

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և շեշտել, որ ՀՀ և ԵԱՀ-ի միջև հաստատվել են բազմաշերտ վստահության և հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, որոնք ամրապնդված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում համագործակցության 5 տասնյակից ավելի ստորագրված փաստաթղթերով: Դրանց կարևոր մաս է կազմում նաև 2007թ. Կահիրեում կնքված քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության և հանձնման մասին համաձայնագրիրը, որով կարգավորվում են հարաբերությունները իրավական փոխօգնության ոլորտում և որի հենքին ՀՀ դատախազությունը տարիներ շարունակ ՀՀ արտգործնախարարության միջոցով համագործակցել է ԵԱՀ իրավասու մարմինների հետ:

«Ներկայում երկու երկրի դատախազությունների միջև գործակցության խորացման անհրաժեշտությունը Արթուր Դավթյանը պայմանավորել է նաև վերջին շրջանում քաղաքացիների փոխայցելությունների կտրուկ ավելացման հանգամանքով, ինչը առաջ է քաշում նաև միմյանց երկրներում նրանց իրավունքների պաշտպանության առավել գործուն միջոցների և երաշխիքների ապահովման խնդիր:

Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազ Համադա Էլ Սավին ողջունել է ՀՀ գլխավոր դատախազին իր երկրում գտնվելու առթիվ և  համոզմունք հայտնել, որ այցը նոր խթան կհանդսանա երկու երկրների դատախազությունների միջև հարաբերություններին նոր մեկնարկ տալու համար:

Հանդիպման ընթացքում գլխավոր դատախազներն արժևորել են Եգիպտոսի հայկական համայնքի դերը ինչպես երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտների, այնպես էլ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Քննարկվել են երկու երկրների դատախազությունների միջև կապերի ամրապնդման, իրավական փոխօգնության, ինչպես նաև անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Արթուր Դավթյանը և Համադա Էլ Սավին ստորագրել են ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր: Վերջինս ուղղված է ահաբեկչության և անդրազգային հանցագործությունների, ներառյալ՝ կազմակերպված հանցավորությանն, կոռուպցիայի, կիբեռհանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, տնտեսական հանցագործությունների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարում գործակցությանը, երկու երկրների իրավական համակարգի, օրենսդրության, ահաբեկչության, փողերի լվացման և այլ հարցերով փորձի փոխանակմանը, իրավական օգնության և հանձնման հարցումների շուրջ խորհրդատվությանը:

Փորձի հարստացման, կարողությունների զարգացման, դատախազական գործառույթների իրացման արդյունավետության բարձրացման շրջանակներում հուշագրով նախատեսվում են նաև դատախազների, փորձագետների փոխայցելություններ:

Հուշագրի ստորագրումը գնահատելով որպես  գործընկերային հարաբերությունների իրավական հիմքերի ամրապնդման կարևոր քայլ՝ Արթուր Դավթյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազին հրավիրել է Հայաստան՝ առավել առարկայական քննարկելու հետագա համագործակցության հնարավորություններն ու եղանակները»,- նշված է հաղորդագրության մեջ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter