HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ոստիկաններն աշխատավարձի 100 %-ի չափով պարգևավճար են ստացել․ բողոքի ակցիաների 23-րդ օրը

Իշխանության հեռացման պահանջով բողոքի ակցիաների 23-րդ օրն ընդդիմադիրները վաղ առավոտից սկսել են անհնազանդության ակցիաներ իրականացնել՝ Երևանում մի շարք կենտրանական փողոցներ փակելով։ Երթևեկությունը կաթվածահար է եղել նաև Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա համայնքների որոշ հատվածներում։

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ոստիկանական բաժանմունքները կոլապսի են ենթարկվել։

«Մեր քաղաքացիներին ավտոբուսներով տեղից տեղ են տանում՝ այդպես էլ չիմանալով, թե վերջիվերջո որ բաժանմունքում նրանց կարող են ընդունել։ Ավելին, տեղեկություններ կան արդեն այն մասին, որ քաղաքի ոչ բանուկ փողոցներում ոստիկանական ավտոբուսները պարզապես կանգնում և ազատ են թողնում բերման ենթարկված ցուցարարներին։ Սա աննախադեպ երևույթ է»,- գրել է նա։

Նշենք, որ միայն այսօր երման է ենթարկվել 417 քաղաքացի, որոնց թվում են եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ինչպես նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։ Վերջինս ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի հետևանքով կոտրվել է 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանի ձեռքը։

«Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան-Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մնացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը: Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, անդրադառնալով աշխատանքի չգնացող ընդդիմադիր պատգամավորներին, ասել է, որ նրանց մանդատներից զրկելու հարցը կարող է դնել խորհրդի նիստի քննարկմանը և գործընթաց սկսել միայն նստաշրջանի ավարտից հետո: 

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ են ունեցել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։

Ըստ նրանց՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցվել է ոչ թե պետական դավաճանության հոդվածով, այլ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստով։

«Մենք՝ զոհվածների հարազատներս, պահանջում ենք Դատախազությունից և Քննչական կոմիտեից ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Պահանջում ենք նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։ Պարզվում է, որ դատարաններ մուտք եղած քրեական գործերի էլեկտրոնային համակարգերը չեն գործարկվել պատշաճ կերպով, առկա են թերություններ, որոնք, ըստ իս, միտումնավոր են արվում։ Այս ամենի հեղինակն է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը»,- հայտարարել են նրանք։

Ելույթներից հետո ընդդիմադիրները սկսել են իրենց քայլերթը։ Հասնելով կառավարական առանձնատների մոտ՝ Իշխան Սաղաթելյանն ասել է․ «Էս վերջին օրերն են, որ մի հոգին այստեղ մնում է։ Սա պետք է ծառայի ժողովրդին։ Մենք խոստացել ենք, որ ուր գնա, հետևից գնալու ենք։ Կլինի կառավարական առանձնատանը, աշխատասենյակում, Հայաստանի մարզերում, արտերկրում այ սենց հետապնդելու ենք, անընդհատ գալու ենք քո հետևից, օր ու արև չենք տալու՝ մինչև հեռացնենք։ Նիկոլ, դու պետք է գնաս։ Դու պետք է գնաս, որ մեր երկրում լինի համերաշխություն, որ հայ ժողովուրդն ապրի, որ Արցախը մնա հայկական»։

Վերադառնալով Ֆրանսիայի հրապարակ՝ պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ ըստ իր տեղեկությունների, այսօր ոստիկանության աշխատակիցիներն աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևավճար են ստացել։ 

Իշխան Սաղաթելյանն էլ, խոսելով Ադրբեջանի 5 կետանոց առաջարկներին ի պատասխան Հայաստանի 6 կետանոց առաջարկներից, ասել է, որ իշխանությունը փորձում է համոզել, թե Հայաստանի ու Արցախի շահերով է առաջնորդվում․ «Հստակ պետք է հայտարարել՝ չենք պատկերացնում որևէ լուծում, որի դեպքում Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։ Եթե այս ձևակերպումից մեկ բառ ավել պակաս, դա նիկոլություն է, դա կրկին ժողովրդին խաբել է, մենք ձեզ չենք հավատում, հետևաբար փորձ չանեք ժողովրդին մոլորեցնել։ Այո՛, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- նշել է ԱԺ փոխխոսնակը։

Հանրահավաքի ավարտին Սաղաթելյանն ասել է, որ վաղն առավոտյան ժամը 8։00-ից անհնազանդության ակցիաները կշարունակվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter