HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ․ մի խումբ անձինք մտել են ՊՆ N զորամաս և բռնություն գործադրել հրամանատարի տեղակալի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեում  քննություն է տարվում՝ N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախնական տվյալներով` 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: 

Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել, որը կատարման նպատակով ուղարկել է հետաքննության մարմնին: Ըստ քննչական կոմիտեի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Հ․Գ․ Նշենք, որ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված Գարիկ Գալեյանը 2020թ․ արցախյան պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter