HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երկու քրեական գործ է հարուցվել ոստիկանների անհամաչափ ուժ կիրառելու մեղադրանքով

Քաղաքացիներին բերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու մեղադրանքով երկու ոստիկան ներգրավվել է հարուցված քրեական գործերում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նա համաձայն չէ այն դիտարկմանը, որ ցուցարարներին բերման ենթարկելիս ոստիկանությունը համատարած անհամաչափ ուժ է կիրառում, համաձայնում է, որ կան մի քանի նման դեպքեր, սակայն ըստ նրա՝ չի կարելի դրանք ընդհանրացնել:

«Բնականաբար որևէ ոստիկան անտեղի տեղը չի հարվածի և ծայրահեղ միջոցի չի դիմի: Ինքնին բերման ենթարկելն իրենից ենթադրում է որոշակի ուժի կիրառում, իսկ քաղաքացիներն ամեն կերպ դիմադրում են ոստիկաններին: Արձանագրենք, որ դեպքերը շատ շատ քիչ են, որ այսքան աղաղակումների մեջ, թե ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում, այդ դեպքերը բացառիկ են»,-ասաց Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական 31 քննություն է ընթանում, 20 դեպքով նախապատրաստվում են նյութեր, երկու քրգործ է հարուցվել ոստիկանության ծառայողների առնչությամբ: Երկու գործն էլ քաղաքացիներին հարվածելու հետ է կապված:

Ֆիդանյանը սակայն այն համոզմունքին է, որ այս ողջ ժամանակահատվածում ոստիկանությունը բացառիկ պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերել:

«Երեկ հերթական անգամ ականատես եղանք մի իրավիճակի, երբ որոշ անձինք, օգտվելով իրենց կարգավիճակից, ամեն կերպ խոչընդոտում էին ոստիկանության օրինական գործողություններին: Ոսիկանները ևս մարդիկ են, տևական ժամանակ է՝ գերլարված ծառայություն են իրականացնում, և արհեստական խոչնդոտները բավական շատ են: Արդյոք ձեզ մոտ հարց չի՞ ծագել, թե ինչպես է ստացվել, որ առաջին շարքերում միշտ հայտնվում են կանայք, ծերերը ու պատգամավորները»,- ասաց փոխոստիկանապետը:

Ինչ վերաբերում է այն քննարկումներին, թե ոստիկաններն այս օրերի համար հավելավճար են ստանալու, Արա Ֆիդանյանը չհերքեց շրջանառվող տեղեկությունը, ապա հավելեց.

«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս օրերին արդեն քսան օր ոստիկանությունն օրուգիշեր գերլարված ծառայություն է իրականացնում, և իրավակարգավորումների համաձայն՝ հավելյալ վարձատրություն չեն ստանում գիշերային ծառայության համար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի քան 20 օր շարունակ քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ փակելով փողոցներ, և յուրաքանչյուր օր հարյուրավոր քաղաքացիներն են բերման ենթարկվում ոստիկանության տարբեր բաժիններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter