HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2021-ին Հայաստան ներմուծված ոսկու ծավալները կտրուկ ավելացել են. ովքեր են խոշոր ներմուծողները

Հայաստան ոսկի են ներմուծում բանկերն ու ոսկերչությամբ զբաղվող կազմակերպությունները։

2021 թվականին Հայաստան է ներմուծվել 1 560 կգ ոսկի՝ 90 մլն դոլար արժեքով։ Մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ 2020 թվականի համեմատ ներմուծված ոսկու քանակն ու արժեքը գրեթե քառապատկվել են։ Քանակն աճել է 3.5 անգամ, արժեքը՝ 3.7 անգամ։

Հարցումների արդյունքում պարզվում է, որ ներմուծվող ոսկին ձուլակտորների տեսքով է։ Ու չնայած 2021 թվականին ծավալների կտրուկ աճ է գրանցվել, սակայն դա վերջին տասը տարիներին ամենամեծ ներմուծումը չէ։  

2013-2014 թվականներին ներմուծման ծավալները հատել են 3 տոննան։ 

Ինչպես տեղեկանում ենք Մաքսային ծառայությունից, Հայաստան ոսկի են ներմուծում բանկերն ու ոսկերչությամբ զբաղվող կազմակերպությունները։ Այն ծառայում է որպես բանկային ոսկի, ինչպես նաև՝ հումք ոսկեգործության համար։

«Ամերիաբանկ», «Ջերիալ» և «Կոնվերս բանկ». խոշոր ներմուծողները

2021 թվականի տվյալներով ամենախոշոր երեք ներմուծողներն են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, «Ջերիալ» ՍՊԸ-ն և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն։ «Ջերիալ» ընկերությունը գործում է 2015 թվականից, զբաղվում է ոսկերչական զարդերի արտադրությամբ։

Բանկերից ոսկի են ներմուծել նաև «Այդի բանկ»-ը, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը,  «Ինեկոբանկ»-ը։ Ներմուծողների շարքում են «Երևանի ոսկերչական գործ.1 «Գնոմոն» ԲԲԸ-ն և ոսկեգործությամբ զբաղվող այլ ընկերություններ։ 

Մեր հարցմանն ի պատասխան՝ «Ամերիաբանկից» պարզաբանում են, որ բանկը ոսկու ձուլակտորներ է ներկրում հաճախորդների ընթացիկ պահանջարկին համապատասխան: 2020 թվականին ոսկու ներմուծման սահմանափակումներ են ունեցել, որոնք հաջորդող տարում վերացել են, և ծավալներն աճել են։ 

«2020 թվականին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ոսկու ձուլակտորների ներկրման հնարավորությունների սահմանափակ լինելու հանգամանքը հաշվի առնելով` 2021 թվականին Հայաստան ներմուծված ոսկու ծավալի ցուցանիշն առավել ակնառու է և նաև տրամաբանական։ Արդյունքում, նախորդ տարվա համեմատությամբ 2021թ․ Ամերիաբանկի կողմից ներմուծած ոսկու ձուլակտորների ծավալը աճ է գրանցել՝ պայմանավորված համապատասխան սահմանափակումների վերացմամբ և հանրության պահանջարկի աճով»,- նշում են բանկից՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված 2021-ի աճը։

Ոսկու հիմնական «աղբյուրը» Ռուսաստանն է

2021 թվականին Հայաստանը ոսկի է ներմուծել մեծ մասամբ Ռուսաստանից։ Մասնավորապես, ներմուծված 90 մլն դոլարից 71 մլն դոլարը կամ ընդհանուր ներմուծման 79%-ը Ռուսաստանից է։  

20%-ը ներմուծվել է Արաբական Միացյալ Էմիրություններից և փոքր քանակով՝ ԱՄՆ-ից, Շվեյցարիայից ու այլ երկրներից։ 

Հայաստանը, հանդիսանալով ոսկի արտահանող երկիր, չի կարողանում ապահովել երկրում անհրաժեշտ բանկային և ոսկերչական արտադրատեսակների համար պահանջվող ոսկին։ Խնդիրն այն է, որ արտահանվող ոսկին ոչ վերջնական մշակման է, արտահանվում է «դորե» համաձուլվածքի տեսքով, իսկ ներմուծվողը ավելի բարձր կարգի ոսկի է։ 

Հատկանշական է, որ ոսկու ներմուծման ծավալների աճին զուգահեռ ոսկերչական արտադրատեսակների արտադրությունը Հայաստանում 2021 թվականին կրճատվել է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այն կազմել է մոտ 28 մլրդ դրամ՝ 2020-ի  համեմատ կրճատվելով 32.7%-ով։ Սա կարող է վկայել այն մասին, որ ներմուծվող ոսկին առավել շատ բանկային ոլորտ է ուղղվել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter