HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմությունը պահանջում է դադարեցնել ապօրինություն գործած ոստիկանների լիազորությունները․ բողոքի ակցիաների 24-րդ օրը

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 18-ին, վաղ առավոտից վերսկսել է բողոքի անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Ընդդիմադիրներները, բացի փողոցներ փակելուց, այսօր կաթվածահար են արել նաև Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։

Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվել է քաղաքացիներից մեկի աչքը։ Նրա մոտ աչքի եղջերաթաղանթի էրոզիա է ախտորոշվել։

«Ոստիկանները գետնին էին տապալել պատերազմի մասնակցին։ Այդ պահին մի կին վազեց և հարցրեց՝ գիտե՞ք, թե ում եք գետնին գցել։ Նա պատերազմի հերոս է։ Ոստիկաններն ասացին, որ իրենց համար միևնույնն է, թքած ունեն։ Դրանից հետո նրան ձեռնաշղթաներով քարշ տվեցին ասֆալտի վրայով։

Այդ պահին ես միջամտեցի՝ փորձելով ամաչեցնել նրանց։ Հետո ոստիկանները հարձակվեցին վրաս, և նրանցից մեկը մատը աչքս մտցրեց, ես համարյա կուրացա, արյուն հոսեց»,- News.am-ի հետ զրույցում ասել է նա։

Ոստիկաններն այսօր փորձել են բերման ենթարկել ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանին և Տիգրան Աբրահամյանին, սակայն, տեղեկանալով, որ նրանք պատգամավորներ են, բաց են թողել։

Փաստաբան Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ Ածվիկ Մինասյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում է ներկայացվել: 

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ տեղեկացրել է, որ իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիների տրանսպորտային միջոցները առանց հիմնավորման տարվել են հատուկ պահպանվող տարածք և մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին։ Պատգամավորն այս հարցով գրություն է ուղարկել ոստիկանապետ Վահե Ղազարյանին։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների օրակարգին և լինել Հայաստանի գործընկերն այդ նպատակներին հասնելու ճանապարհին:

«Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- ասել է դեսպանը:

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելանն, անդրադառնալով դեսպանի հայտարարությանը, «խորը ափսոսանք է հայտնել»։

«Ինչը վերաբերում է 2021 թվականի ընտրություններին, չնայած այդ խայտառակ ընտրություններին, հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու և առհասարակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել։ Եթե որոշ շրջանակներ կարծում են, որ հայ ժողովուրդը դառնալու է նրանց շահերի սպասարկուն, շահերի մանրադրամը, խորապես սխալվում են, հայ ժողովուրդը հիմա այս հրապարակում է՝ հենց դա կանխելու համար։ Սա իշխանության պայքար չէ, սա Հայաստանի ինքնիշխանության համար պայքար է, և որևէ մեկը չփորձի ժողովրդավարությունը հակադրել անվտանգության հետ։ Վերահաստատում եմ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ Միացյալ նահանգները և Եվրոմիության երկրները՝ մեր կարևոր գործընկերները։ Ի տարբերություն Նիկոլի՝ մենք Մոսկվայում չենք բամբասում ամերիկացիներից և եվրոպացիներից, իսկ Վաշինգտոնում և Բրյուսելում՝ Մոսկվայից»,- նշել է նա։

Դիմելով Հայաստանում ԱՄՆ դեսպանին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Սաղաթելյանն ասել է. «Վերջ տվեք երկակի ստանդարտներին։ Դուք լռել եք, երբ օրվա իշխանությունները շրջափակում էր դատարանները։ Դուք լռում եք տասնյակ քաղբանտարկյալների դեպքում։ Դուք այսօր լռում եք, երբ ոստիկանությունը ժողովրդի նկատմամբ կիրառում է բռնի և անհամաչափ ուժ, դուք ձեր լռությամբ նպաստում եք, որպեսզի Հայաստանում լինի բռնապետություն»։

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն էլ Ֆրանսիայի հրապարակում անդրադարձել է բանակի բարեփոխումներին։ Ըստ նրա՝ այն վերականգնելու համար պետք է իրականացվի 3 քայլ․

«Առաջինը պետք է գնահատել իրավիճակը՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրը և սպառնալիքները, իշխանությունները պարտավոր են արված բարեփոխումները ներկայացնել ժողովրդին։

Երկրորդ՝ նման դժվար իրավիճակներում զգաստությունը, պահանջկոտությունը, օրինականության և կարգապահության աստիճանը բազմակի անգամ ավելացվում է։ 

Երրորդ՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագրի իրականացում։ Դրա համար անհրաժեշտ է նորմալ արտաքին քաղաքականություն, ինչպես նաև ներքին արտադրության տեմպերի արագացում»։

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ նամակով դիմել են Լիտվայի Հանրապետության նախագահին՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև ընդդիմության հետ․

«Վաղը Հայաստան է ժամանելու Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և, հետևաբար, այլևս լեգիտիմ չէ՝ նամակով դիմել ենք Լիտվայի Հանրապետության նախագահ պարոն Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին իրապես մտահոգող խնդիրները ներկայացելու համար»- իր էջում գրել է նա։

Հանրահավաքի ժամանակ Սաղաթելյանն անդրադարձել է նաև ոստիկանության գործողություններին և ոստիկանապետից պահանջել գնահատական տալ դրանց։

«Դիմում եմ ոստիկանապետին՝ պետք է անհապաղ կասեցվեն բոլոր այն ոստիկանների լիազորությունները, ովքեր այսօր և երեկ գործել են ապօրինություն, և պետք է անուն առ անուն ենթարկվեն պատասխանատվության։ Երկրորդ՝ պետք է սկսվի իրավական գործընթաց՝ պարզելու այս հանցագործություններ կատարած ոստիկաններին հանձնարարություններ և երաշխիքներ տված անձանց անունները։ Երրորդ՝ պահանջում ենք, որպեսզի ոստիկանապետը հանդես գա հրապարակային գնահատականով այս վայրագությունների նկատմամբ և այլևս բացառվի որևէ անհամաչափ և բռնի գործողություն քաղաքացիների նկատմամբ»,- հայտնել է Սաղաթելյանը՝ առաջարկելով երթով շարժվել դեպի ոստիկանություն։

Մի քանի պատգամավորներ հանդիպել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։

Հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակը հայտնել է, որ այս պահին իրենց պահանջների հիմանական մասը համարում են բավարարված, բայց հետևողական են լինելու, որ դրանք կատարվեն։

Սաղաթելյանը ներկայացրել է Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ հանդիպման արդյունքները՝

- 37 դեպքերի առնչությամբ ընթանում է ծառայողական քննություն,

- 10 դեպք ուսումնասիրվում է,

- հարուցվել է ավելի քան 10 քրեական գործ,

- կասեցվել է մեկ ոստիկանի գործունեություն,

- ոստիկանության կողմից ավտոերթերի ընթացքում տուգանային հրապարակ տարված և այնտեղ մինչ օրս ապօրինի պահվող մոտ 80 մեքենա կվերադարձվեն քաղաքացիներին։

«Նշեմ նաև, որ կարճ ժամանակում Ոստիկանությունը հանդես կգա հայտարարությամբ, պարզաբանում կներկայացնի քաղաքացիների հանդեպ տեղի ունեցած ապօրինությունների յուրաքանչյուր դեպքի մասին, ինչպես նաև կտեղեկացնի ծառայողական քննությունների արդյունքում կայացրած որոշումների մասին»,- տեղեկացրել է նա։

Ըստ Սաղաթելյանի՝ վաղը՝ ժամը 8։00-ից անհնազանդության ակցիաները կմեկնարկեն Գարեգին Նժդեհի հրապարակից, Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցուց, Ավանից, Նոր Նորքից, Սասունցի Դավթի արձանի մոտից, Հանրապետական հիվանդանոցի այգուց, Լենինգրադյան–Սեբաստիա խաչմերուկից և Ֆրանսիայի հրապարակից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter