Ուկրաինայում պատերազմի 85-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Պատերազմի 85-րդ օրվա ամփոփումն սկսենք հակիրճ ժամի գլխավոր նորություններով.
- Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ ուկրաինական զորամասերն ազատագրել են Խարկովի մոտ գտնվող Դեմենտիևկա գյուղը։ Այն գտնվում է ավտոմայրուղու մոտ, որը գնում է դեպի հյուսիս՝ Խարկով, դեպի սահմանում, իսկ այնուհետ Ռուսաստանի Բելգորոդ քաղաք։
- Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը չորեքշաբթի օրն առաջարկել է մտածել ուկրաինական հողերի բռնազավթման հեռանկարների մասին։ Գտնվելով Ուկրաինայի Մելիտոպոլ քաղաքում՝ նա ասել է, որ գրավված բոլոր տարածքներում (Խուսնուլինն այն անվանել է «ազատագրված»), Ռուսաստանը նախատեսում է շրջանառել ռուբլին և որ Զապորոժյեի ԱԷԿ-ը կգործի Ռուսաստանի համար։
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի վերջին տվյալներով՝ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է արդեն 3778 խաղաղ բնակիչ (վերջին մեկ օրվա ընթացքում այդ թիվն ավելացել է 26-ով), իսկ վիրավորվել՝ 4186-ը (վերջին մեկ օրվա ընթացքում այդ թիվն ավելացել է 124-ով)։
- Ռոստովի մարզի ռուսական երկու պարբերական գրել է, որ «Ազով» գնդի գերեվարված մարտիկների մի մասին բերել են Դոնի Ռոստովի և Տագանրոգի կալանավայրեր։
- Ռուսաստանը որոշել է փակել կանադական CBC հեռուստառադիոհեռարձակողի մոսկովյան թղթակցությունը՝ ի պատասխան Կանադայում ռուսական RT (նախկին անվանումը՝ Russia Today) հեռուստաընկերության թղթակցության փակման։
Այլ նորություններ: Google-ը իր աշխատակիցների մեծ մասին հանել է Ռուսաստանից։
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, Ռուսաստանում Google-ի աշխատակիցներից շատերը տեղափոխվել են Դուբայ։
Այն աշխատակիցները, որոնք նախընտրել են մնալ Ռուսաստանում, կհեռացվեն ընկերությունից։ Այդպիսով, ինչպես գրում է պարբերականը, Ռուսաստանում ընկերությունն այլևս աշխատակիցներ չի ունենա, ինչպես նաև կդադարեցնի իր առևտրային գործունեությունն այդ երկրում։ Ավելի վաղ, Google-ն ընդգծել էր, որ կշարունակի իր ծառայությունները մատուցել ռուսաստանցիներին։
Bristol-Myers Squibb ընկերությունը հեռանում է Ռուսաստանից։
Ինչպես գրում է Vademecum-ը, Bristol-Myers Squibb-ի բիզնեսը Ռուսաստանում կփոխանցվի Swixx BioPharma ընկերությանը, որը նրա գործընկերն է Արևելյան Եվրոպայում։
Bristol-Myers Squibb-ը առաջին գլոբալ դեղագործական ընկերությունն է, որը հայտարարել է ռուսական շուկայում իր առևտրային գործառնությունների փոխանցման մասին։ Ավելի վաղ, արտասահմանյան դեղագործական ընկերությունները հայտարարել էին Ռուսաստանում իրենց գործունեության միայն սահմանափակման մասին։
Վերջին մեկ օրվա մեջ Լուգանսկի մարզում պատերազմական գործողությունների հետևանքով զոհվել է 4 մարդ։
Այդ մասին հայտնել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Ռմբակոծությունների հետևանքով ի հայտ են եկել նոր փլուզումներ, մարզը հոսանքազրկված է։
Գայդայի խոսքով՝ Սևերոդոնեցկում վնասվել է առնվազն 8 տուն։ Բոլոր չորս զոհերը և երեք վիրավորները Սևերոդոնեցկում են։
Կառույցներ են վնասվել նաև Պոպասնայայում, Վրուբովկայում, Նիրկովոյում և Կամիշևախայում։
Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպան է նշանակվել Բրիջիտ Բրինկը: Հունիսին նա կլինի արդեն Կիևում։
ԱՄՆ Սենատը միաձայն հաստատել է Ուկրաինայում ամերիկյան դեսպանի պաշտոնում Բրիջիտ Բրինկի թեկնածությունը։ Այդ պաշտոնին նրան առաջադրել էր նախագահ Ջո Բայդենը։ Նա շուտով կկայանա նրա երդմնակալությունը, իսկ հունիսին Բրինկը կժամանի Կիև։
2019 թվականից Բրիջիտ Բրինկը գլխավորում էր Սլովակիայում ամերիկյան դեսպանությունը։ Հետխորհրդային տարածաշրջանում նա աշխատանքի մեծ փորձ ունի։ 2011-2015 թվականներին Բրինկը եղել է Ուզբեկստանում փոխդեսպան, իսկ այնուհետ նույն պաշտոնին նշանակվել է արդեն Վրաստանում։
Ուկրաինայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը թափուր էր դեռ 2019 թվականի մայիսից, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Վաշինգտոն էր հետ կանչել դեռևս Բարաք Օբամայի ժամանակ նշանակված Մարի Յովանովիչին՝ նրան մեղադրելով նոր վարչակազմին ոչ լոյալության մեջ։ Ի դեպ, Յովանովիչը նախկինում ԱՄՆ դեսպանն էր Հայաստանում։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո ԱՄՆ-ն իր աշխատակիցներին տարհանել էր Կիևից, իսկ նախօրեին ամերիկյան դեսպանությունը վերականգնեց իր աշխատանքն Ուկրաինայի մայրաքաղաքում։
«Азовсталь»-ում հանձնվել են ուկրաինական զինվորականների կեսից ավելին։
Նման պնդում է անում Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
Պուշիլինի խոսքով՝ զինվորականները, որոնց անհրաժեշտ է բժշկական օգնություն, հոսպիտալացվել են։ Մնացածը տեղավրվել են մեկուսարանում, որը ստուգել են Կարմիր խաչի ներկայացուցիչները։
Լուսանկարը՝ DANIEL LEAL/AFP VIA GETTY IMAGES
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել