HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Պատմություն, թե ինչպես Լենինականի թատրոնը փրկեց ռոքը սովետի ժամանակ

«Դիփ Փարփլ» ռոք խմբի բաս կիթառահար Ռոջեր Գլովերը մի առիթով ասել է. «Եթե այլմոլորակայինները հայտնվեին երկրի վրա ու հարցնեին ինձ` ի՞նչ կա երկրագնդի վրա, որ արժանի է մեր ուշադրությանը, ես նրանց կառաջարկեի ռոք լսել»:

«Ռոքը կարող է ազատություն բերել աշխարհին եւ մարդկանց մտքերին»,- պնդում է ժամանակակից ռոք երգչուհի Թեյլոր Մոմսեն: Իսկ ի՞նչ զարգացում ուներ ռոքն անցած դարի 70-ականների խորհրդային Հայաստանում, մասնավորապես՝ Լենինականում:

«Սովետը վերահսկում էր, շատ ժամանակ բեմ չէին տրամադրում. խնդիրներ կային: Եթե Կոմպոզիտորների միության անդամ չէիր, դու իրավունք չունեիր համերգների ժամանակ քո գրած երգերը երգելու. կոմունիստների ժամանակ գրաքննությունը շատ խիստ էր,- ասում է «Բամբիռ» ռոք խմբի հիմնադիր-ղեկավար Գագիկ Բարսեղյանը (Ջագ),-եւ մենք ստիպված էինք տարբեր միջոցների ու խորամանկությունների դիմել: Ասենք, սկզբնական շրջանում, որ ելույթներ էինք ունենում, կոնֆերանսիեն հայտնում էր՝ կոմպոզիտոր Դանիել Մուշեղյան, մենք ելնում, երգում էինք, մինչեւ խառնված ուզում էին հասկանալ, թե ով է Դանիել Մուշեղյանը, երգը պրծնում էր: Ու էդպես ամեն անգամ տարբեր անուններ էինք տալիս, հետո, իհարկե, գլխի ընկան, որ խաբում ենք: Պարզ էր, որ նման ձեւով շատ երկար ճանապարհ չէինք կարողանալու գնալ եւ այստեղ օգնության հասավ թատրոնը»:

Բայց մինչեւ «Բամբիռի» ծնունդն ու թատրոնի հետ համագործակցությունը, խմբի տղաներին քաղաքում ճանաչում էին այլ անունով՝ «Անգին քարեր»: 1970-ականներն էին՝ երկար մազերի, «հոլիդեյ» շալվարների, ծաղկավոր վերնաշապիկների, կարճ շրջազգեստների, ազատ սիրո մասին զրույցների, հիպիների ու ռոք երաժշտության վերելքի շրջանը: 16-17 տարեկան տղաներ էին հավաքված «Անգին քարեր» խմբում, երգում էին հայտնի ռոք խմբերի ստեղծագործությունների քավր տարբերակներն ու երազում մեծ բեմերի մասին: Չնայած տարատեսակ հալածանքներին՝ ազատության հովերով տարված մի քանի պատանիներ փորձում էին Լենինականում ձեւավորել երաժշտասերների նոր խավ:

«Հետո ես բանակ գնացի: 1975թ.-ին զորացրվեցի, եկա, պարզվեց՝ մի խայտառակ վիճակ է խմբում, կիսասովետական ինչ-որ երգեր են երգում, ու ես որոշեցի, որ լավ կլինի ռոքին ուժը տալ,- Ջագը ծխախոտի ծխից կկոցում է աչքերը՝ փորձելով մտովի վերականգնել անցյալը,- իմ գրած երգերն էինք երգում, բայց դե էդ «անտեր» թուղթը չունեինք: Էդ ժամանակ ռեժիսոր Վլադիմիր Քոչարյանը մեր խմբին առաջարկեց երաժշտություն գրել «Սեր, ջազ, սատանա» ներկայացման համար: Դա 1976թ.-ին էր թե՛ ներկայացումն էր ռիսկային, թե՛ մեր ներգրավումն էդ ներկայացման մեջ, որովհետեւ խումբը բեմի վրա կենդանի էր կատարելու երգերը: Բայց, հրաշալի ներկայացում ստացվեց, որ երկար ժամանակ խաղացին: Մարդիկ դուռ-լուսամուտ էին ջարդում, որ մտնեն, ներկայացումը նայեն»: Ներկայացման մեջ խաղում էին Ռազմիկ Բադալյանը, Վահան Արծրունյանը, Կարինե Սուքիասյանը, իսկ Վլադիմիր Քոչարյանը ոչ միայն բեմադրիչն էր, այլեւ՝ գլխավոր դերակատարը: 

-Բայց դուք ռոք խումբ էիք, ի՞նչ կապ ունի ռոքը ջազի հետ,-զարմանում եմ ես:

Ջագը ծիծաղում է.

-Եսի՞մ, իմ տեղեկություններով պիեսը սկզբում կոչվել է «Սեր, ռոք, սատանա», հետո դարձրել են՝ ջազ: Դե ասենք, եթե կա սեր ու սատանա, ջազն ինչ է անում էդտեղ, պիտի ռոք լինի: Ուղղակի էնպիսի տարիներ էին, որ ջազն ավելի անվնաս էր, էն ժամանակ ջազն ընդունված էր, ջազն ավելի կսիրեին, բայց դե մենք բեմում ռոք ու բլյուզ կնվագեինք:

Եվ այսպես ջազն ու թատրոնը հաջողություն են բերում երիտասարդ ռոք խմբին եւ նրա 22-ամյա ղեկավարին: Գագիկ-Ջագ Բարսեղյանն աշխատանքի է անցնում թատրոնում՝ որպես երաժշտական մասի ղեկավար, իսկ խումբը՝ հրավիրվում տարբեր երաժշտական ներկայացումների ժամանակ: «Սեր, ջազ, սատանա» ներկայացումով հիմք է դրվում թատրոն-ռոք խումբ համագործակցության: 1978թ.-ին Ջագը՝ Գուրգեն եւ Գագիկ Հակոբջանյանների հետ ստեղծում են նոր խումբ, որի անվան կնքահայրը դառնում է քանդակագործ Զավեն Կոշտոյանը: Վերջինս առաջարկում է նորաստեղծ խումբը կոչել «Բամբիռ»: Կոմպոզիտորիների միության «ձեռքերը» չէին հասնում թատրոն: Թատրոնը դառնում է ռոք երաժշտության փրկօղակն ու ազատ արտահայտվելու տիրույթ ապահովում: Այդ տարիներին մի շարք ներկայացումներում հնչած երգերը հետագայում տեղ են գտնում Գագիկ Բարսեղյանի երաժշտական ալբոմներում:

-Իսկ զվարճալի դեպքեր գրանցվու՞մ էին ներկայացումների ժամանակ,- հետաքրքրվում եմ:

-Բա ոնց, իհարկե լինում էին ծիծաղելի միջադեպեր,- Ջագը գլխով է անում ու ինչ-որ բան հիշելով՝ ծիծաղում:-«Սեր, ջազ, սատանա»-ն բեմադրված էր էնպես, որ հենց սկզբից դահլիճի լույսերը վառ են, բեմը բաց է, դեկորները դրած են, մենք բարձրանում ենք բեմ ու սկսում ենք նվագել: ժողովուրդը չի հասկանում, նստած է՝ լույսերը չեն մարում, որ գիտեք՝ սովորաբար ազդարարում է ներկայացման սկիզբը: Մենք դուրս էինք գալիս, մի 15 րոպե նվագում էինք մեր երգերը, ու դա առիթ էր նաեւ մեզ ներկայացնելու: Ասեմ, որ շատերը հետագայում գալիս էին հենց էդ մասի համար, չնայած ներկայացման ֆինալում էլ էինք նվագում: Մի օր, նոր սկսել ենք նվագել, դահլիճում նստածներից ոմանց թվացել էր, թե танцы են եկել: էդ օրն էր թարսի պես անձրեւ էր գալիս, կաթում էր բեմի վրա, ուրեմն մեկըմ ելավ բեմ, եկավ Սուրոյից սիգարեթ ուզեց, ասինք՝ գնա, հո դու խայտառակ չես, ուղարկեցինք կուլիսներ, որ սրան դուրս տանեն: Մի տեսարան էլ կար ներկայացման մեջ, որ Ռազմիկը կիջներ դահլիճ, դահլիճից կխոսար: Դե ժողովուրդը սովոր չէր, դահլիճում ինքը պիտի նստի, դերասան՝ քո տեղը բեմի վրա է: Ռազմիկի դերի անունը Լուկաս էր, մեր օրըմ էլ օր շատ գոռգոռաց, մե մեծ կնիկմ դարձավ, թե՝ Ղուկաս ջան, հոգնար, նստի քիչմ դնըջցի... Էնքան անմիջական ու բնական էր բեմում կատարվողը, որ մարդկանց թվում էր, թե ներկայացում չէ: Նույն անմիջականությունը կար Արտաշես Առաքելյանի «Նստարան» ներկայացման ժամանակ: Այ, տանցին էդտեղ էր: Բեմի դեկորացիան էնպես էր սարքած, որ Գորկու սադի պարահրապարակը կհիշեցներ: Ռաիսա Թովմասյանն ու Ռաֆայել Գրիգորյանն էին խաղում, մենք էլ նվագում էինք: Այ էդ ներկայացման ժամանակ մեկ-մեկ դահլիճից բարձրանում էին բեմ պարելու:

Հաջորդ համագործակցությունը ռեժիսոր Կարեն Աբրահամյանի հետ էր՝ բեմադրում են «Հազարան բլբուլ» մանկական ներկայացումը: Ներկայացումը հաջողում է, եւ թատրոնում որոշում են կայացնում խաղալ նաեւ մեծահասակների համար: Ներկայացման մեջ զբաղված էին դերասաններ Ալեքսանդր Քոչարյանը, Սերգեյ Չոլախյանը, Ռազմիկ Բադալյանը, Գագիկ Մալոյանն եւ այլք: 

-Էս անգամ նվագում էինք ոչ թե բեմի վրա, այլ երաժշտափոսում: Ներկայացման ժամանակ էլ է հետաքրքիր դեպք գրանցվել մեր խմբի հետ կապված: Բադալյան Ռազմիկը թագավոր էր խաղում, ինքը լացելու ապարատ էր սարքել կլիզմայի տանձիկով ու քանի որ ըստ դերի, սենտիմենտալ թագավոր էր, անընդհատ լացում էր: Մի օր եկավ առաջնաբեմ, դե մեր տեխնիկան էլ ներքեւում էր հավաքած, ուժեղացուցիչները լամպովի էին, եկավ, հասավ մեզ ու սեղմեց էդ լացի ապարատը, ջուրը թռավ ապարատուրայի վրա, մի ֆեյռվեռկ սկսվեց, մի բոց, սաղ ապառատուրան վառվեց: Պաուզա տվեցինք, նորը բերեցինք, փոխեցինք, որ հնարավոր լիներ ներկայացումը շարունակել: Բայց հանդիսատեսն էդպես էլ գլխի չէր ընկել, իրանց թվացել էր, թե մինի հրավառություն է բեմի տակից, հենց էդ ձեւ էլ պիտի էղներ՝ էնքան օրիգինալ վառվեց էդ ամեն ինչը,- Ջագի քահ-քահ ծիծաղը լցնում է սենյակը:

1981թ.-ին, Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում, Լենինականի դրամատիկ թատրոնում ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը բեմադրում է «Տիտոս Անդրոնիկոս» ներկայացումը: Գագիկ Բարսեղյանը կատարում է երաժշտական ձեւավորումը: Խոստովանում է, որ շատ է ջանք թափել՝ երիտասարդ էր եւ դեռ պատրաստ չէր նման լուրջ երաժշտության, բացի դրանից՝ կային տեխնիկական դժվարություններ, սակայն ռեժիսորի վստահությունը մղում է համարձակ քայլի: 

եց ամիս մենք քննարկում էինք, թե ոնց պետք է արվի այդ ներկայացումը, երաժշտության հարցն էր լուրջ ու շատ կարեւոր: Ուրեմն էդ թվերին, որ տեխնիկայի հարց կար, իմ որոշ մտահղացումներ իրականացնելու համար պետք է համ ձայնագրություններ օգտագործվեին, համ կենդանի նվագեինք: Հրաշք ներկայացում էր ստացվել արդյունքում: Հիմա, որ հետ եմ նայում, կարող եմ վստահաբար ասել, որ դա իմ մասնակցությամբ, ամենահաջողված ներկայացումն էր այդ ժամանակ: Ես ընդամենը 28 տարեկան էի,- Ջագը ժպտում է, հետո կրկին ինչ-որ բան հիշելով՝ հավելում,- հա, ի դեպ, այդ ներկայացման մեջ հնչած երգերից բացի, ինձ ժառանգություն մնաց մի սեւ կատու: Փորձերից մեկի ժամանակ բեմի վրա եկավ, թռավ գիրկս, ես էլ տուն բերեցի ու անունը դրեցի Տիտոս: Շեքսպիրյան փառատոնի ժամանակ միակ ներկայացումն էր, որին ժյուրին միաձայն տվեց առաջին տեղը: Գյումրեցի նկարիչ Վահան Թոփչյանը մի օր ասաց, որ բրիտանական թատերական հանրագիտարանում գրված է, որ միակ հայկական ներկայացումը, որ շահել է բրիտանացիների համակրանքն ու գնահատվել, դա «Տիտոս Անդրոնիկոս»-ն է, երաժշտությունը՝ Գագիկ Բարսեղյանի: Եվ ես հպարտացա՝ լսելով այդ լուրը»:

Թերեւս Գագիկ Բարսեղյանի համար ամենասիրելի ռեժիսորը Գրիգոր Մկրտչյանն էր, ում հետ շատ հեշտ էր աշխատելը: Նրա հետ համագործակցելիս ստեղծվել են մի շարք երգեր Թումանյանի հեքիաթների մոտիվներով ներկայացման համար՝ «Կիկոսի մահը», «Անհաղթ աքլորը», «Կացին ախպերը», որոնք հետագայում տեղ գտան Ջագի երաժշտական ալբոմներում, սակայն՝ ոչ ներկայացման մեջ: «Քանի որ Գրիգորն ըմբոստ էր, գլուխ խոնարհող չէր, հարմարվող չէր, հեռուստաթատրոնի իր այդ ծրագիրն արգելվեց, բայց երգերը մնացին: Հետո Լենինականի թատրոնում եղավ պրոբլեմ, կոլեկտիվն ելավ Գրիգորի դեմ, էս խեղճ մարդը թողեց-գնաց Երեւան: Ու քանի որ ես Գրիգորի կողմից էի, ինձ էլ կրճատեցին: Մեծ սկանդալ եղավ,-հիշում է զրուցակիցս,- դա 1983թ.-ին էր, թատրոնի տնօրենը Մարիամ Գեւորգյանն էր, ում հետ տարաձայնություններ ունեի: Իհարկե, եղավ ժամանակ, որ այդ ամենը հարթվեց, սակայն Գրիգորն էր ափսոս, իր պես մեծագույն ռեժիսորին կորցրեց թատրոնը»:

-Իսկ հե՞շտ է լեզու գտնել ռեժիսորների հետ,- հարցնում եմ:

-Դե ինչպես կարող է հեշտ լինել իրապես ստեղծագործող մարդու հետ,- հարցին հարցով է պատասխանում,- մեկն էլ կլինի, կհարցնի՝ հե՞շտ է Ջագի հետ աշխատելը: Համագործակցության համար թերեւս ամենակարեւորն էն է, որ մարդիկ իրար ճիշտ հասկանան: Հենց հասկացան, գործն եղած է: Ես հաճույքով եմ աշխատել Վովայի հետ, Գրիգորից շատ բան եմ սովորել: Թող ոչ մեկը չնեղանա, բայց ինձ համար Գրիգորն ավելի մեծություն է, քան Աճեմյանը: Մեկ այլ հաճույք էր Խորեն Աբրահամյանի հետ աշխատելը: Ի դեպ, հենց իր Լենինական գալով էլ ես վերադարձա թատրոն: Գրիգորը դասական էր իր աշխատելաոճով՝ ա լյա Փարաջանով, Խորիկն՝ ավելի կյանքային էր: Ինքը իմ ու քո հարաբերությունները մեկին մեկ կարող էր բեմին ներկայացնել:

Սունդուկյանի անվան մայր թատրոնում այդ ժամանակ սկանդալ էր հասունանում Խորեն Աբրահամյանի «Պեպո» բեմադրության հետ կապված: Տարբերվող մտածողությամբ ռեժիսորին «աքսորում» են Լենինական: Ջագն ասում է, թե ինքը չգիտի, տվյալ ժամանակահատվածում ինչ կորցրեց կամ գտավ Սունդուկյանի թատրոնը, սակայն Լենինականի դրամատիկականը շահեց հաստատապես: 1984թ.-ին Խորեն Աբրահամյանը նշանակվում է Լենինականի Մռավյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր: Տեղեկանալով, որ նախորդ ռեժիսորները ներկայացումներ են արել՝ համագործակցելով «Բամբիռի» հետ, կրկին թատրոն է հրավիրում Ջագին: «Ինձ կանչեց մոտը հարցրեց, իմացավ ինչ պատճառով եմ ելել, ասի, որ Մարիամ Գեւորգյանը դեմ է, որ մտնեմ թատրոն, Խորիկն ասաց՝ ես հարցը կլուծեմ: Տնօրենին ասել էր՝ կներեք, ես ձեր տարիքը հարգում եմ, բայց Ջագը պիտի աշխատի»:

Ջագ-Խորիկ համագործակցությունից ծնվում են «Մաուգլի», «Վերջին հանգրվան», «Անավարտ մենախոսություն»«Մեղադրական եզրակացություն» (բեմադրիչ՝ Ռաֆայել Գրիգորյան), «Իրական պատմություն» ներկայացումները: Լենինականի թատրոնն ու հանդիսատեսն այդ տարիներին վայելում էին աբրահամյանական մտքի թռիչքները: «Խորիկի խարիզման ուրիշ էր: Ինքը հետաքրքիր էր թե՛ բեմում, թե՛ բեմից դուրս: Իր հետ շփվելը մի ուրիշ հաճույք էր: 1985թ.-ին սկսվեցին «Մաուգլիի» բեմադրական աշխատանքները: Էն, ինչ աշխատում էինք թատրոնում, հետո քննարկումները տեղափոխվում էին մեր տուն,- պատմում է Ջագը,- 20-ից ավելի երգեր են հնչել «Մաուգլիի» մեջ: Աշխատանքները մեկ տարի տեւեցին եւ դա Լենինականում կատարած ներկայացումներից թերեւս Խորիկի ամենասիրածն էր: Թատրոնի պատմության մեջ, կարող եմ ասել, որ մեկ «Տիտոս Անդրոնիկոսն» է, մեկ էլ՝ «Մաուգլին», որ կարելի էր աշխարհի բեմերում ցույց տալ ու չամաչել, հպարտանալ թատրոնի արածով»:

Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»-ը բեմադրելիս, որի ռեժիսորն էր Ռաֆայել Գրիգորյանը, Խորեն Աբրահամյանը Գագիկ Բարսեղյանին ու Սամվել Սարգսյանին առաջարկում է գնալ Թիֆլիս եւ այնտեղից «գողական» երգեր բերել: Տղաները մեկ շաբաթ Թիֆլիսում անցկացնում են կերուխումի մեջ եւ վերադառնում դատարկաձեռն: «Երկու ստից բան էինք ձայնագրել, որ Խորիկին ցույց տայինք, նեղվեց, ասի՝ Բաբկենիչ, ինձ էլի մեկ շաբաթ տուր, ես էդ երգերը կգրեմ: Էդպես ծնվեց «Գողի կյանք» երգը: Խորիկն ասաց՝ հալալ էր ձեր քեֆին,- Ջագը կրկին ծիծաղում է,-Խորիկի ներկայացումներից Լեննագանում մեծ ֆուրոր արեց «Թիկունքում» ներկայացումը՝ իրական կենդանիներ էր բեմ հանել: Հաստիքացուցակում շուն էլ կար, մեր Աբելի շունն էր, տերը գուկար, կստորագրեր՝ Աբելյան Դինգո, փողը կստանար»:

Ջագը հիշում է, որ Խորեն Աբրահամյանը ցանկանում էր Շեքսպիրից անպայման որեւէ գործ բեմադրել Լենինականի թատրոնում: 1988թ.-ին սկսվում են «Վինձորի զվարճասեր տիկնայք» ներկայացման բեմադրական աշխատանքները, սակայն երկրաշարժն ընդհատում է այն: Խորեն Աբրահամյանը տեղափոխվում է Երեւան՝ իր հետ տանելով նաեւ «Բամբիռ» խմբի անդամներին:

-Շա՞տ են եղել անավարտ ներկայացումներ,- հարցնում եմ Ջագին:

-Իհարկե եղել են: Օրինակ՝ Գրիգոր Մկրտչյանի հետ սկսեցինք Լեւոն Շանթի «Հին Աստվածները», որից մնաց «Իջեք, իջեք երազներ» երգը, հետո Խորեն Աբրահամյանի հետ սկսեցինք Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը»՝ էլի կիսատ մնաց, «Աբիսողոմ աղա» ներկայացումը ավարտին չհասավ, բայց իմ երգացանկում մնաց «Աբիսողոմ աղա» երգը: Նույն «Վինձորի զվարճասեր տիկնայք» ներկայացումը Խորիկն այդպես էլ չավարտեց, բայց ինձ մնաց նույնանուն երգը: Ուզում եմ ասել, որ բավական հետաքրքիր ներկայացումներ են սկսվել ու գումարային, էլի ինչ-ինչ պատճառներով կիսատ են մնացել, բայց էդ անավարտ աշխատանքներից ինձ մնացել են երգեր:

1992թ.-ին Գագիկ Բարսեղյանն աշխատում էր Սունդուկյանի թատրոնում: Այդ տարի, ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանը Գյումրիում սկսում է «Խնդանք՝ անցնինք» ներկայացումը բեմադրել: Ջագը խմբի հետ վերադառնում է Գյումրի: «Բամբիռը» կրկին զարդարում է բեմը՝ ապահովելով երաժշտական մասը: Սա թերեւս վերջին ներկայացումն էր, երբ երգերն ու երաժշտությունը՝ կենդանի հնչողությամբ մատուցվում էր բեմից: 1997թ.-ին ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը բեմադրում է «Երկու տիրոջ ծառան», սակայն ներկայացման ժամանակ հնչող երգերը Ջագն արդեն մատուցում է ձայնագրված տարբերակով:

2000-ականների սկիզբն եւս բեղմնավոր էր Գյումրու դրամատիկական թատրոն-«Բամբիռ» համագործակցության առումով: 2001թ.-ին Արթուր Սահակյանը բեմադրում է «Գյումրվա տրնգին» կատակերգությունը, 2004 թ.-ին Ռաֆայել Գրիգորյանը բեմ է բարձրացնում «Փակ փողոց» ներկայացումը: 2006թ.-ին Ջագի տղան՝ Նարեկը, որպես դիպլոմային աշխատանք բեմադրում է «Շվեյկի արկածները»: Եվ վերջապես, երկար ընդմիջումից հետո, Գյումրու բեմը կրկին լցվում է շեքսպիրյան շնչով: Ռեժիսոր Արթուր Սահակյանը 2016թ-ին բեմադրում է «Լիր արքա»-ն, ներկայացման երաժշտությունը՝ Գագիկ Բարսեղյանի: 

«Ես միշտ, երբ ընդգրկված եմ եղել նմանատիպ նախագծերում, աշխատել եմ այնպես անել, որ առաջին պլան չգամ, առաջին պլանում պիտի դերասանը լինի, այսինքն դու պիտի լինես այնքանով, որ չխանգարես, այլ օգնես ներկայացմանը, պիտի կարողանաս գրել երգեր, որ հետագայում էլ ապրեն անկախ, ինքնուրույն, ու ես այդպիսի երգեր ունեմ: Բեմի մեծ վարպետները դա զգացել են ու ճիշտ օգտագործել են՝ Խորիկը, Գրիգորը: Ամեն դեպքում ռիսկ կա նման ձեւաչափով ներկայացում բեմադրելու, երբ բեմում կենդանի երաժշտություն է հնչում, գրվում են հատուկ երգեր կոնկրետ տվյալ ներկայացման համար»,- նկատում է զրուցակիցս:

-Ջագ, մի երգ ունես, որ լենինականցիները շատ են սիրում ու հիմնի նման մի բան էր դարձել հատկապես 80-90-ականներին: Խոսքը «Հո՜պ, ջան, Լեննագան» երգի մասին է, ի՞նչ առիթով է գրվել:

-1986 թ-ին Մալոյան Գագիկի ու Սամվել Գրիգորյանի ջանքերով, Լեննագանում «Հումորի տունը» բացվեց: Այսինքն ունեցանք հումորի թատրոն: Երգն էլ իր ստեղծման պատմությունն ունի ու կապ կա թատրոնի հետ: Առաջներում հումորի օր կնշեին, ու դա ապրիլի 1-ին չէր՝  հունիսին էր կամ հուլիսին՝ նայած լուսին, նայած բյուջե: Եթե գումար կեղներ՝ հումորիստները կհավաքվեին հումորի օր կնշեին ու հավաքի տեղը «Սեւյանի ակումբն» էր: Մի օր, «Սեւյանի ակումբի» ղեկավարը՝ Շաբոյան Աղասին ընձի թե՝ «Ջագ ջան, հըբը չես կռնա ընբես մե երգմ գրես, օր մարդիկ դրսից գուկան Լեննագան՝ մե հատմ Լեննագանի դրոշը վեր ու վար էնենք»: Էդպես ծնվեց «Հո՜պ, ջան Լեննագան» երգը, որ դարձավ« Հումորի տան» հիմնը:

Այդ տարիներին Գագիկ Բարսեղյանը ստեղծագործում էր ոչ միայն Լենինականի դրամատիկական, այլեւ տիկնիկային թատրոնի համար: «Դմբո Հանսը», «Ոզնին եւ եղեւնին», «Կախարդված դղյակ», «Գառնիկ ախպերը», «Ճնճղուկը», «Գողացված ծիծաղ» եւ այլն. սա ոչ ամբողջական ցանկն է այն ներկայացումների, որոնց ժամանակ հնչել են Ջագի գրած երգերը: «Բամբիռ»-ի երգացանկում տեղ գտած հեղինակային 240-ից ավելի երգերից 61-ը ստեղծվել են թատրոնի համար: Նրանցից մեծ մասն առաջին անգամ հնչել են թատրոնի բեմից՝ ներկայացման ժամանակ:

Գագիկ Բարսեղյանը ներկայում էլ շարունակում է զբաղեցնել Գյումրու դրամատիկական թատրոնի երաժշտական մասի ղեկավարի պաշտոնը: Սակայն չկա ռեժիսոր-կոմպոզիտոր սինթեզը:

-Ինչու՞ այլեւս չես գրում երգեր ներկայացման համար,-սա իմ վերջին հարցն է զրուցակցիս:

- Անցել են ժամանակները, երբ երաժիշտը փնտրում էր իր սրտի ռեժիսորին, կամ էն գործը, որի բեմադրության կամ նկարահանման համար ինքը երաժշտություն կգրի: Համացանցի դար է: Հիմա ավելի հեշտ է ինտերնետից երաժշտություն քաշելը, քան՝ հեղինակ-ստեղծագործողի հետ աշխատելը: Կարծում եմ պատճառը դա է,-ձեռքը թափ է տալիս Ջագը,- թատրոնն ինձ համար պարգեւ է: Ես երիտասարդ տարիներից շփվել եմ թատերական աշխարհի մեծությունների հետ: Իմ միջավայրը միայն երաժշտական չէր, այն նաեւ՝ թատերական էր: Ես շատ կուզենամ, որ հայտնվեր ռեժիսոր եւ բեմադրեր ներկայացում Նոբելյան մրցանակակիր Ջոն Ստայնբեքի «Մկների եւ մարդկանց մասին» վիպակի հիման վրա: Այ, էդ ժամանակ, հաճույքով կմիանամ խմբին:

 

Լուսանկարները՝ Գուրգեն Գինոսյանի եւ Գագիկ Բարսեղյանի անձանական արխիվից

Հոդվածում տեղ են գտել «Հազարան բլբուլ, «Գողի կյանք», «Նուրբ ակնարկ», «Հո՜պ, ջան Լեննագան» երգերը «Բամբիռի» երգացանկից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter