HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բաց, կիսաբաց, կիսափակ, փակ ռեժիմներ չեն լինի. վերանայվում են դատապարտյալների պահման պայմանները

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց Կառավարության ներկայացրած «Քրեակատարողական օրենսգիրքը», որն ամբողջովին նոր հայեցակարգ է:

Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ընդունվել են Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը, և ներկայացվող փոփոխությունները դրանց տրամաբանական շարունակությունն են:

«Ամբողջ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է անհատական աշխատանք տարվի: ՔԿՀ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ կազմվելու է պատժի կրման անհատական պլան, և երեքից վեց ամսվա պարբերականությամբ այն վերանայվելու է: Այս կերպ թիրախային միջոցառումներ կիրականացնենք բոլոր դատապարտյալների համար»,- ասաց նա:

Փոխնախարարի խոսքով` այլևս չեն լինելու դեռևս խորհրդային տարիներից ժառանգված ուղղիչ հիմնարկների տեսակները` բաց, կիսաբաց, կիսափակ, փակ, նաև բուժական:

«Լինելու է երեք անվտանգային գոտի` ցածր, միջին և բարձր, բուժական առանձին տեսակ չի լինելու: Գոտիները առանձնացրել ենք այն տրամաբանության շրջանակներում, որ անհատական պլանավորման հիմքում պետք է ընկած լինի դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատումը: Անձինք պետք է տարանջատվեն ըստ ցածր, միջին և բարձր ռիսկայնության շրջանակների: Նույն գոտու շրջանակներում ունենալու ենք երկու տարբեր պայմաններ` մեղմ և խիստ, կապված դատապարտյալի վարքագծից»,- ասաց Արփինե Սարգսյանը:

Արդարադատության փոխնախարարի խոսքով` բուժական ՔԿՀ-ի գործունեության վերաբերյալ խնդիրներ կան, քանի որ դատապարտյալներից շատերը ցանկանում են տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», քանի որ այն կիսաբաց կացարանային պայմաններ ունի, և տրամաբանական է, որ դատապարտյալները տարբեր քայլերի են դիմելու, որպեսզի օրինակ՝ փակ ռեժիմից հայտնվեն այնտեղ:

«Բուժական ուղղիչ հիմնարկում չենք կարողանում անհատականացված պլանավորումն ապահովել: Յուրաքանչյուր դեպքում հիմնարկում կգործի կամ ստացիոնար բաժանմունք կամ ամբուլատոր հատված, որտեղ բուժսպասարկում կիրականացվի:

Ըստ փոխնախարարի` փոփոխությունների նպատակն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» լինեն տարբեր գոտիներ, որպեսզի փակ խցային պայմաններից դատապարտյալը տեղափոխվի նմանատիպ պայմանով սենյակ և ստանա համապատասխան բուժօգնություն:

Փոխնախարարը հայտնեց, որ ձևավորվելու է վերասոցիալականացման հանձնաժողով, և կարանատինային հատվածում կազմվելու է դատապարտյալի համար անհատական պլան: Հանձնաժողովում ներգրավված է լինելու հոգեբան, սոցիալական աշխատող, անվտանգության, օպերատիվ ստորաբաժանման աշխատակից, բոլորը միասին մշակելու են անհատական պլան, որ հիմնարկից դուրս գալուց հետո անձը ուղղված լինի, և կրկնառիսկեր չլինեն:

Հիմնական զեկուցողի խոսքով` ՔԿՀ ծառայության հաստիքացուցակը կվերանայվի: Ըստ միջազգային գնահատականների` 3-4 դատապարտյալին բաժին է ընկնում մեկ աշխատակից, այդ տրամաբանությամբ էլ վերանայումը կլինի, սակայն բժշկական օգնության անձնակազմից կրճատումներ չեն լինի:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ողջունեց այս փոփոխությունները: Նրա խոսքով` փոփոխություններն ուղղված են նրան, որ ունենանք ՔԿՀ, որտեղ պատիժը դիտարկվելու է որպես հիմնական պատժամիջոց, այլ ոչ թե անձին նվաստացնելու միջոց:

Վարդանյանը հայտարարեց, որ առաջիկայում քննարկում կլինի նախագծի վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որ հնարավորության դեպքում առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում բարելավումներ լինեն:

Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter