HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարցում ոսկի-բազմամետաղային հանքերևակում են ուզում ուսումնասիրել, բայց մանրամասները դեռ քննարկման փուլում են

Այս տարվա փետրվարի 15-ին գրանցված «Էմ ջի փի ռեսուրսիզ» ՍՊԸ-ն նախատեսոմ է ուսումնասիրել Մարցիգետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքը։ Երկրաբանական ուսումնասիրություների վերաբերյալ առաջին հանրային լսումը նախատեսված է հունիսի 2-ին Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրում։

Այդ մասին հայտարարություն է զետեղվել «Հայաստանի Հանրապետություն» թերթում։ Սակայն Թումանյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը հայտարարել է, որ Թումանյանի համայնքապետարանը հանրային լսումների անցկացման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չունի և չի ստացել։

«Էմ ջի փի ռեսուրսիզ» ՍՊԸ-ն հիմնադրել է Արկադի Գրիգորի Մուխսի-Հովեյանը։ Վերջինս երկրաբանական գիտությունների թեկնածու է։ Իսկ թեկնածուականը պաշտպանել է 2015թ․-ին «ԼՂՀ Մեհմանայի հանքային հանգույցում ներծին հանքագոյացման տեղայնացման օրինաչափությունները և ներուժի գնահատումը» թեմայով։

Արկադի Մուխսի-Հովեյանը, համաձայն պետռեգիստրի, նաև «Գեոիդ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Այս ընկերությունն էլ զբաղվում է հանքարդյունաբերական ոլորտին առնչվող գործունեությամբ, և համաձայն կայքի՝ ծառայություններ է մատուցել նաև «Lydian International»-ին և «Գեոթիմ»-ին։

Արկադի Մուխսի-Հովեյանի հայրը՝ երկրաբան Գրիգոր Մուխսի-Հովեյանն է, ով պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կազմում է ընդգրկվել որպես փորձագետ։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է 2020թ․ սեպտեմբերի 22-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի հրամանով, այնուհետև Գնել Սանոսյանի օրոք որոշակի լրացումներ են կատարվել, սակայն Գրիգոր Մուխսի-Հովեյանը մնացել է հանձնաժողովի կազմում։

Պետական ընդերքաբանական փորձաքննական հանձնաժողովը, ըստ կանոնակարգի, կոչված է ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը գնահատելու, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները հաստատելու կամ չհաստատելու, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին եզրակացություն տալու համար։

Գրիգոր Մուխսի-Հովեյան Ամուլսարի հանքի շահագործման կողմնակիցներից է, և ասուլիսներից մեկի ժամանակ կարծիք է հայտնել, որ Ամուլսարի շահագործմամբ որևէ վտանգ չի տեսնում թե՛ առողջապահական, թե՛ շրջակա միջավայրի առումով, ընդհակառակը պնդել է, որ այն կբերի մեծ օգուտներ երկրի տնտեսությանը:

Մեր դիտարկմանը, թե ինչու համայնքը տեղյակ չէ նախատեսվող հանրային քննարկմանը, ընկերության հիմնադիր և տնօրեն Արկադի Մուխսի-Հովեյանն արձագանքեց․ «Համայնքը տեղյակ է, Մարցում գիտեն»։ Այն, որ մարցն այժմ բնակավայր է և մտել է Թումանյան համայնքի կազմում, Գրիգոր Մուխսի-Հովեյանը գիտեր, սակայն թե ինչու են միայն բնակավայրին իրազեկել հարցին, ասաց՝ օրենքով ինչ նախատեսված է, էդ էլ անում են։

Մեր հարցին, թե որքան և ինչ տարածքներ են ցանկանում ուսումնասիրել, ինչ նախագիծ են պատրաստել, ասաց․ «Մարցի տարածքի մեջ է, Մարցից դուրս տարածք չենք վերցնելու։ Մանրամասները դեռ քննարկման փուլում է։ Հիմա ես կարող եմ ինչ-որ թիվ ասել, բայց վաղը կարող է այդ թիվը փոխվել»։

Այնուամենայնիվ, եթե բնակչությունը համաձայնությունը տա, որտեղից են ներդրումներ ապահովելու հարցին՝ Արկադի Մուխսի-Հովեյանը խուսափեց պատասխանել․ «Լրացուցիչ ինֆորմացիա ուշ կարող եմ տալ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter