HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրանք է առաջադրվել «Գորիս» ՔԿՀ դատապարտյալին

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, հիշյալ կարգավիճակն ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, խմբավորմանը մասնակցելու, ներգրավելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

«Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ Գորիս քրեակատարողական հիմնարկի 42-ամյա դատապարտյալը, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ և միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, համարվելով քրեական հեղինակություն, գտնվելով արգելանքի տակ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում:

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս իր հետ նույն քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց նկատմամբ իրականացրել է վերահսկողություն. նրանց շարքերում, այսպես կոչված «կարգուկանոն» հաստատելու և պահելու նպատակով, տարբեր անձանց և մասնավոր հարցերին առնչվող վեճերն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար, տվել է կոնկրետ հրահանգներ և հանձնարարականներ, կազմակերպել և վերահսկել է խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը, տնօրինել է տարբեր կալանավորների ու դատապարտյալների անվամբ ընդունված հանձնուքները, կազմակերպել արգելված տեխնիկական միջոցների՝ քրեակատարողական հիմնարկ ապօրինի ներկրումը, դրանց բաշխումը և շահագործումը, խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կազմող գումարների հավաքագրումը, ինչպես նաև խմբավորման կողմից սահմանված վարքագծի կանոնները խախտած անձանց վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում համապատասխան վերաբերմունքի արժանացնելու նպատակով տեղեկություններ պարզելու, դատապարտյալներին և կալանավորներին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ չհամագործակցելու, տեղեկություն չփոխանցելու վերաբերյալ տվել է հանձնարարություններ՝ հակառակ դեպքում սպառնալով պատժել, ինչպես նաև հրահանգել է կազմակերպել կալանավորներին և դատապարտյալներին քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված վարքագծի կանոնների բացատրելու գործընթացը:

Քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք, իրենց հերթին ներգրավված լինելով և մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ստացել և կատարել են իրենց տրված հրահանգներն ու հանձնարարությունները, եղել խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացնողը: 

Ձեռք բերված բավարար ապացուցների համակցությամբ՝ 42-ամյա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter