HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուհերի ընդունելության քննություններին կմասնակցի 13573 դիմորդ

Նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանի բուհերի դիմորդների թիվն աճել է. 2022 թ. դիմում-հայտ է ներկայացրել 13573 դիմորդ, իսկ 2021 թ.-ին դիմել էր 13120-ը: Թիվը ներառում է նաև ներբուհական քննություն հանձնողներին:  

2022 թ. բուհերի ընդունելության քննությունների դիմում-հայտերի արդյունքներն ամփոփել եւ տվյալներն այսօր հաղորդել է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում։ 

Ըստ բանախոսի՝ ներբուհական քննություն հանձնում են արվեստի, մշակույթի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները: Այդ բուհերն իրենք են կազմակերպում քննությունները, և դրանք միասնական չեն: Այդ դիմորդների թիվը ևս անցած տարվա համեմատ աճել է: 

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հայտագրումն ավարտվել է մայիսի 10-ին: Հայտագրման արդյունքում ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից՝ 5587, երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5429, երրորդ տեղում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան է՝ 5253 դիմորդով: Մնացյալ առարկաների համար դիմել են 1600 և պակաս դիմորդներ: Այս փուլի քննություններն անցկացվելու են հունիսի 7-ից 24-ը:

ԳԹԿ փոխտնօրենի տեղեկացմամբ՝ ավելացել է նաև բնագիտամաթեմատիկական առարկաներից քննություն հանձնողների թիվը: Ընդգծվել է «Ֆիզիկա» առարկայի դիմորդների թիվը՝ 1585:

Քննական կենտրոնների թիվը ևս ավելացել է. 2021 թ.-ին՝ 36 քննական կենտրոն է եղել, այս տարի 41-ն են. 14-ը՝ մայրաքաղաքում, 27-ը՝ մարզերում: Դրանք ավելացել են Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում:

Ասուլիսի ընթացքում բանախոսն առանձնացրել է 5 բուհերի ամենապահանջված մասնագիտությունները, որոնց համար առավել շատ դիմում-հայտ է ներկայացվել: Առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործն» է, երկրորդում՝ ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի «Իրավագիտություն», հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» մասնագիտություններն են:

Կ. Նասիբյանը հայտնել է, որ տարբեր բուհերի շուրջ 160 մասնագիտություններում որևէ դիմորդ չի եղել: Նա մատնանշել է հատկապես Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Մաթեմատիկա», Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թատերագիտություն» մասնագիտությունները, ինչպես նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների՝ շվիի, սրինգի, տավիղի բաժինները: Դիմորդներ չկան նաև ջութակի և դիրիժորական բաժիններում:

Հունիսի 26-ից մեկնարկելու է լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը: Լրացուցիչ փուլի հայտագրման, քննությունների հանձնման ժամկետը հուլիսի 2-8-ն է: 

«Արդյունքները հրապարակվելու են հուլիսի 18-ին: Դրանից հետո հրապարակելու ենք թափուր մնացած մասնագիտությունների ցանկը, և մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են կրկին հայտ ներկայացնել՝ առանց քննության, և իրենց գնահատականներով փորձել ընդունվել»,- ասել է Կարո Նասիբյանը:

ԳԹԿ փոխտնօրենը նշել է, որ կնետրոնի աշխատակիցները շրջել են մարզերում և տնօրեններին բացատրել բուհ ընդունելության նոր կարգը, ըստ որի՝ առաջին փուլը մեկնարկում է հունվարին, երբ հայտագրվում են առարկաները, իսկ երկրորդ փուլը՝ հունիսին՝ հայտագրելու թե՛ առարկաները, թե՛ մասնագիտությունները:

Եթե նախկինում հնարավոր էր ինչ-ինչ պատճառներով հունիսին քննությունը չհանձնել, ապա նոր կարգով նման բան հնարավոր չէ:

Ամփոփելով ասուլիսը՝ Կարո Նասիբյանն ասել է, որ քննությունների ընթացքում իրականացվելու է խիստ վերահսկողություն, և կոչ է արել դիմորդներին կենտրոնանալ քննական հարցերի վրա և բացառել զարտուղի միջամտությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter