HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿԳ քննիչը պահանջել և ստացել է 40.000 ԱՄՆ դոլար կաշառք. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես՝ ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի նախկին ՀԿԳ քննիչի պաշտոնը զբաղեցնող Ս.Ս-ն (աշխատանքից ազատվել է ս.թ. հունվարին), հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր վարույթում քննվող՝ սպանության փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Հ.Ա-ին մեղսագրվող մեղադրանքը առավել նվազ ժամկետով ազատազրկում նախատեսող հոդվածով փոփոխելու համար, վերջինիս մորից՝ Ա.Ա-ից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 19.400.000 դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար կաշառք-գումար:

«Նույն միջոցառումների շրջանակներում պարզվել է, որ Ս.Ս-ն իր պաշտոնավարման ընթացքում իր վարույթում քննվող մեկ այլ քրեական գործով մեղադրյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար վերջինիս հորից ստացել է շուրջ 230.000 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառք-գումար:

Դեպքի առթիվ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը օրենքով սահմանված կարգով փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ս.թ. մայիսի 17-ին վերը նկարագրված դեպքերով անցնող անձինք բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե:

Ս.Ս-ն և գործով անցնող ևս մեկ անձ ձերբակալվել են: Նախաքննության մարմնի կողմից իրականացվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքների ամբողջական պարզաբանման ուղղությամբ»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter