Ուկրաինայում պատերազմի 86-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Պատերազմի 86-րդ օրվա առավոտյան ամփոփումը՝ կարևոր նորություններով
- ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը՝ մայիսի 19-ին, հաստատել է Ուկրաինային 40 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնությունը, որի մի մասը կհատկացվի ռազմական ծախսերին։
- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դարձել է Time ամսագրի «տարվա մարդ» անվանակարգում ընթերցողների քվեարկության առաջատարը։ Նա հավաքել է ավելի քան 3,3 միլիոն ձայն (5 %)։ Բացի այդ, «տարվա մարդու» համար քվեարկում է նաև Time-ի խմբագրությունը։ 2022 թվականի ամենազդեցիկ մարդկանց եզրափակիչ ցանկը կհրապարակվի մայիսի 23-ին։
- ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը հայտարարել է, որ արևմտյան երկրները կարող են ստեղծել ռուսական նավթի գնորդների կարտել։ Դրա շրջանակներում կսահմանվի գնային առաստաղ, ինչը հնարավորություն կտա կրճատել ռուսական բյուջեի նավթային եկամուտները՝ «առանց համաշխարհային տնտեսության վրա աննախադեպ բացասական ազդեցության»։
- The Wall Street Journal-ի աղբյուրները պատմել են, որ ԱՄՆ-ն դիտարկում է բելառուսական կալիումական պարարտանյութի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր հանումը, եթե Մինսկը թույլ տա ուկրաինական հացահատիկն արտահանել Լատվիա։
- Եվրամիությունը ճանապարհներ է փնտրում՝ օգտագործելու ռուսաստանցի օլիգարխների ակտիվները Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
- Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Լիս Թրասը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան իր առջև խնդիր չի դրել՝ տապալելու Վլադիմիր Պուտինի ռեժիմը, բայց «մենք պետք է այնպես անենք, որ Ռուսաստանն այլևս չկարողանա ագրեսիայի այդպիսի գործողություններ անի»։
- Սպիտակ տունը աշխատում է այն ուղղությամբ, որ Ուկրաինային փոխանցի առաջնային հականավային հրթիռներ՝ Սև ծովում ռուսական շրջափակումը հաղթահարելու համար։ Խոսքը գնում է Boeing-ի արտադրության Harpoon և Kongsberg и Raytheon Technologies-ի արտադրության NSM-ի (Naval Strike Missile) հրթիռների մասին։
- Ուկրաինային նոր զինամթերքի մատակարարումների մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Մեծ Բրիտանիային Ուկրաինային կտրամադրի հեռահար հրետանի, անօդաչուներ և հականավային հրթիռներ։
Ջո Բայդեն. ՆԱՏՕ-ում Շվեդիայի և Ֆինլանդիայի գտնվելը եվրոպական անվտանգության համար բեկումնային պահ է
ԱՄՆ-ն ամբողջությամբ աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի և Ֆինլանդիայի պատմական որոշումը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Այս շաբաթ երկու երկրները պաշտոնապես ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ էին ներկայացրել, որից հետո Դաշինքի անդամ երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն նոր անդամներին ընդունելու որոշումները։ Դեռևս դեմ են հանդես գալիս Թուրքիան և Խորվաթիան, որի առաջնորդներն առաջ են քաշել որոշակի պայմաններ։ Սակայն արևմտյան երկրների առաջնորդները հավատում են, որ Հելսինկիի և Ստոկհոլմի հայտերը առաջիկայում կհաստատվեն։
Ֆինլանդիայի և Շվեդիայի մտադրությունները վկայում են եվրոպական քաղաքականության մեջ լուրջ փոփոխությունների մասին, որն ուղեկցվում է Կրեմլի դժկամությամբ։ Վերջինս բողոքում է իր սահմանների մոտ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումից։
Հինգշաբթի օրը Ջո Բայդենը հայտարարել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը եվրոպական անվտանգության համար բեկումնային պահ են և մայրցամաքի հյուսիսի այդ երկրների միացումը կամրապնդի դաշինքի դիրքերը։
«Ուղիղ կասեմ։ ՆԱՏՕ նոր անդամների մուտքը սպառնալիքներ չի ներկայացնում որևէ երկրի համար։ ՆԱՏՕ-ի նպատակը ագրեսիայից պաշտպանությունն է։ Թող որևէ մեկը չշփոթվի այս ուղղությամբ այս պատմական օրը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավարն ու Ուկրաինայի զինված ուժերը հայտարարում են, որ ռուսական զորքերը հարձակվում են Սևերոդոնեցկի ու Լիսիչանսկի ուղղությամբ։
Սերգեյ Գայդայի խոսքով՝ վերջին մեկ օրվա ընթացքում Սևերոդոնեցկում զոհվել է 12 մարդ, ևս մեկը՝ Գորսկոեում։
Հարձակման ընթացքում ռուսաստանցիներն ավերել են ավելի քան 60 տուն։ Սևերոդոնեցկի գրոհը հաջողություն չի ունեցել, ՌԴ ԶՈւ-ն նահանջել է, հայտարարել է Գայդայը։
Բրիտանական ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ
- Հավանական է, որ Մարիուպոլի «Азовсталь»-ից գերի է հանձնվել մինչև 1700 ուկրաինացի զինվորական։ Անհայտ է, թե քանի զինվորական է այնտեղ մնում։
- Երբ Ռուսաստանը ավարտի Մարիուպոլի գրավումը, ապա հավանական է, որ իր ուժերը կտեղափոխի Դոնբասում հարձակումն ուժեղացնելու համար։ Բայց այդ ուժերը պետք է վերազինել և արդիականացնել, մինչև հնարավոր կլինի դրանց արդյունավետ տեղաբաշխումը։ Դա կարող է ժամանակատար լինել։
- Ռուսական հրամանատարության վրա մեծ ճնշում կա օպերատիվ նպատակներին հասնելու անհրաժեշտության ուղղությամբ։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը, հավանաբար, առանց պատշաճ վերազինման և պատրաստման կտեղափոխի իր զորքերին, ինչը կնպաստի ուժերի հետագա սպառմանը։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 20 May 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) May 20, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/AgtCk64rRw
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/W938cA16hU
The New York Times-ը մեծ հետաքննություն է հրապարակել Բուչայում քաղաքացիական բնակչության սպանություններից մեկի վերաբերյալ։
Հետաքննության մեջ հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են գերիներին տեղափոխում այն բակ, որտեղ հայտնաբերել են մարմինները։
Թերթը պնդում է, որ իրեն հաջողվել է պարզել ռուսական բանակի ստորաբաժանումները, որոնք, հավանաբար, կապ ունեն տեղի բնակչության սպանությունների հետ։ Խոսքը Պսկովի 104-րդ և 234-րդ դեսանտագրոհային գնդերի մասին են։
Նյութից պարզ է դառնում, որ սպանված խաղաղ բնակիչները եղել են տարածքային պաշտպանության ուժերի անդամներ, այսինքն, փաստացի, աշխարհազոր, որոնք պաշտպանում էին իրենց քաղաքը։ Սակայն, երբ այդ մարդիկ գերեվարվել են, իսկ այնուհետ սպանվել, նրանք արդեն անզեն ու անօգնական են եղել։
Այն մասին, որ նրանք եղել են տարածքային պաշտպանության անդամներ, ռուսաստանցիներին ասել է ուկրաինացիներից մեկը, որին ազատ են արձակել և վերջինս, հիմա, մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Եվս մեկ մարդ կարողացել է փրկվել գնդակահարությունից հետո՝ մահացած ձևանալով։ Հենց նա էլ դարձել է հետաքննության համար տեղեկատվության հիմնական աղբյուրը։
Լուսանկարը՝ Anatolii Stepanov/AFP/Getty Images
՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել