HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

14-ամյա հայ աղջկա անունով Credit Suisse-ում բանկային հաշիվ է բացվել, տարիներ անց հաշվին ավելի քան 100 մլն $ է եղել. ո՞ւմն է այդ գումարը

Շվեյցարական բանկային համակարգը հայտնի է իր գաղտնիությամբ։ Երբեմն շվեյցարական բանկերում բացված հաշիվները դրանց իրական սեփականատերերի անունով չեն։ Ինչպե՞ս բացատրել այն, որ ՀՀ քաղաքացու բանկային հաշվին եղել է առնվազն 106 մլն շվեյցարական ֆրանկ:

1997 թվականին Հայաստանի քաղաքացի Նինա Մինասյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ նրա անունով Շվեյցարիայում բանկային հաշիվ բացվեց։ 

2013 թ.-ի դրությամբ այդ հաշվին պահվում էր մի քանի տասնյակ միլիոն շվեյցարական ֆրանկ։ 

Մինասյանի աշխատանքային պատմությունը, որևէ բիզնես չունենալու փաստը և ընտանեկան հանգամանքները մի շարք հարցեր են առաջացնում։ Ինչպե՞ս է ՀՀ քաղաքացին կարողացել այսքան միջոց կուտակել։ Իրականում ո՞ւմ է պատկանում այդ գումարը, արդյոք այս հարստության իրական տերն օգտագործում է Մինասյանի անունը իր կարողությունը թաքցնելու համար։

Մինասյանի բանկային հաշվի մասին տեղեկատվությունը ներառված էր Credit Suisse բանկային տվյալների արտահոսքի մեջ։ Տվյալները գերմանական Süddeutsche Zeitung թերթին տրամադրել է անանուն աղբյուրը, և թերթն այդ տվյալները տրամադրել է «Հետք»-ին և տասնյակ այլ հետաքննող լրագրողների՝ Suisse Secrets անվանումը ստացած անդրսահմանային լրագրողական հետաքննության շրջանակներում:

Նախագծի ուշադրության ներքո են հայտնվել ամբողջ աշխարհից կասկածելի գործիչներ՝ հանցագործներ, նախկին պաշտոնյաներ և օլիգարխներ, որոնք շահարկել են Շվեյցարիայի բանկային գաղտնիքի մասին օրենքը՝ իրենց միլիոններն այդ երկրի բանկերում թաքցնելու համար:

Սակայն, ինչպես ցույց է տալիս մեր հետաքննությունը, ամեն մի խոշոր գումար պարունակող հաշիվ չէ, որ կապված է հայտնի անվան հետ:

Վստահելի անձանց (proxy) անուններով բիզնեսի գրանցումը, օֆշորային և բանկային հաշիվներ բացելը հարստությունը թաքցնելու բազմաթիվ եղանակներից մեկն է: Այս մեթոդը Հայաստանում մշտապես կիրառել են տարբեր պաշտոնյաներ և օլիգարխներ։ Ֆորմալ առումով նրանք որևէ առնչություն չունեն տվյալ բիզնեսի կամ մեծ գումարի հետ, բայց գործնականում դրանց իրական տերերն են։

Թեև մեր հետաքննության ընթացքում մենք էական ապացույց չգտանք այն մասին, որ Մինասյանն ինչ-որ մեկի վստահված անձն է, նրա հսկայական հարստության հիմնավորումների բացակայությունը հարց է առաջացնում, թե արդյոք Մինասյանի անունը այս դեպքում օգտագործվել է երրորդ անձի քողարկելու նպատակով։ Հայաստանի նման զարգացող երկրի համար, որտեղ կա խորը տնտեսական և սոցիալական անհավասարություն, նման անբացատրելի հարստությունը դառնում է հանրային շահի հարց:

Արտահոսած բանկային հաշիվների մասին տվյալներում նշված է Նինա Մինասյանի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ինչը թույլ է տվել մեզ գտնել Մինասյանին բաց տվյալների հիման վրա: Հայաստանում այդ ազգանունով և ծննդյան տարեթվով միայն մեկ անձ կա:

Բնակարանում, որտեղ գրանցված են Նինա Մինասյանը, նրա ծնողները և եղբայրը, ոչ ոք չի ապրում: Հարևանները մեզ պատմեցին, որ նրանք Մոսկվայում են:

Նինա Մինասյանն այժմ բնակվում է Շվեյցարիայի Բեռն քաղաքում և աշխատում է հեռահաղորդակցությունների ոլորտում ծառայություններ տրամադրող «Comfone» ընկերությունում:

Ամիսներ առաջ, երբ նոր էինք սկսում հետաքննությունը, «Comfone»-ի կայքում տեղադրված էր Մինասյանի լուսանկարը և կարճ հարցազրույց նրա հետ, որում նա պատմում էր, թե ինչպես է տեղափոխվել Շվեյցարիա: Սակայն այս տեղեկատվությունն այժմ կայքից հեռացվել է:

Սոցիալական ցանցերից Նինա Մինասյանը կա միայն LinkedIn-ում, գրանցված է որպես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակից։ Ընկերությունից մեզ հայտնեցին, որ 2014-ից Մինասյանը այդտեղ չի աշխատում։ Նրա նախկին գործընկերները Նինային բնութագրում են որպես ինքնամփոփ, չշփվող, գործընկերներից որևէ մեկը նրա հետ կապ չի պահպանել: 

Մինասյանի հետ LinkedIn-ով կապ հաստատեց Süddeutsche Zeitung-ի մեր գործընկերը: Նա համաձայնեց պատասխանել իր բանկային հաշվին պահվող գումարների աղբյուրի մասին հարցերին և խնդրեց գրավոր ուղարկել դրանք: Այս տարվա հունվարի 26-ին մեր գործընկերն ուղարկեց հարցերը, սակայն որևէ պատասխան չեղավ:

Որոշ ժամանակ անց մենք զանգահարեցինք «Comfone» և խնդրեցինք միացնել Նինա Մինասյանին: Հեռախոսավարն ասաց, որ Նինան չի ուզում խոսել մեզ հետ և հայտնել է, որ մեր հարցերը կարող ենք ուղարկել իրեն էլ. փոստով:

Մենք հարցերն ուղարկեցինք Մինասյանին: Որևէ պատասխան չստացանք: Մեկ ամսվա ընթացքում նրան մի քանի անգամ նամակ ուղարկեցինք, դրանցից որևէ մեկին նա չպատասխանեց: Մինասյանը նույնիսկ արգելափակել էր մեր էլ. հասցեները։

Այս ընթացքում մենք ուսումնասիրեցինք նրա ընտանիքը և հարստության որևէ հիմնավորում չգտանք։

Նրանց շենքի հարևաններից մեկը մեզ ասաց, որ երբեմն Մինասյանի մոր՝ Ցողիկ Զաքարյանի հետ սուրճ էին խմում: Զարմացավ, երբ իմացավ, որ Նինան Շվեյցարիայում է: Ասաց՝ Ցողիկն այդքան եկել է իրենց տուն, բայց երբևէ չի ասել, որ դուստրը Շվեյցարիայում է ապրում:

Ցողիկ Զաքարյանը 22 տարի աշխատել է Պետական գույքի կառավարման կոմիտեում: Նա կոմիտեի ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն է եղել մինչև 2021 թ.-ը: Աշխատակիցները նրա մասին խոսելիս նշում են, որ գրեթե ոչ մեկի հետ մտերիմ չէր: 2021 թ․ նա ազատվել է աշխատանքից, կոմիտեի աշխատակիցներից ոչ մեկը նրանից տեղեկություն չունի և կապ չի պահում:

Երևանում գտանք Նինա Մինասյանի քեռուն՝ Տիգրան Զաքարյանին: Նա զարմացավ, որ Նինան կարող է այդքան փող ունենալ: Ասաց, որ չի հավատում, որովհետև նրանց ապրուստով հնարավոր չէ նման բան պատկերացնել, ասաց նաև, որ Նինայի հետ ընդհանրապես կապ չունի, իսկ Ցողիկի հետ շատ հազվադեպ են շփվում։

Մինասյանի հայրը՝ Սանասար Մինասյանը, արտագնա աշխատող է, Մոսկվայում վարորդ է աշխատում: Իսկ Նինայի եղբայրը՝ Սարգիս Մինասյանը, մեր տեղեկություններով՝ ոչ մի տեղ չի աշխատում:

Ապրիլի 3-ին Ցողիկ Զաքարյանից հաղորդագրություն ստացանք, որով նա խնդրում էր կապ հաստատել իր հետ: Զանգահարեցինք նրա ռուսական համարին: Նինայի մայրը տեղյակ էր, որ մենք հանդիպել էինք իր եղբորը և հարևանին:

Ցողիկ Զաքարյանն ասաց, որ իր դուստրը բանկում այդքան փող չունի և մեր ունեցած տվյալները սուտ որակեց: Իսկ Նինայի եղբայրը՝ Սարգիսը, որը նույնպես մասնակցում էր խոսակցությանը, ասաց, որ քույրը չի պատասխանել մեր նամակներին՝ մտածելով, թե նրան հաքերներն են գրում:

Խնդրեցինք Մինասյանին փոխանցել, որ կապ հաստատի մեզ հետ և մեր հարցերին անձամբ պատասխանի կամ էլ. փոստով: Մի քանի օր հետո Նինա Մինասյանը LinkedIn-ով պատասխանեց գերմանացի մեր գործընկերոջը:

Ըստ էության, նա մեր տվյալները կեղծ է համարում և պնդում է, որ որևէ կապ չունի այդ գումարի հետ։

Ստորև ներկայացնում ենք նրա պատասխանը անգլերենով և հայերեն թարգմանությամբ։

Մինասյանի պատասխանը անգլերեն և հայերեն թարգմանությամբ։

Միաժամանակ դիմել էինք Credit Suisse բանկին և հարցրել՝ արդյոք ստուգել են Նինա Մինասյանի գումարների ծագման աղբյուրը: Բանկը տվել է իր ստանդարտ պատասխանը՝ հաշիվ բացելիս ստուգում են ծագման աղբյուրը, իսկ մնացածը բանկային գաղտնիք է:

Նինա Մինասյանը, հավանաբար, արդեն տեղյակ էր բանկին ուղղված մեր հարցումից և, հնարավոր է, կապ էր հաստատել բանկի հետ: Բանկը գիտի, որ արտահոսած տվյալների մեջ չկա այն ամենը, ինչ իր պատասխանում մեզնից պահանջում էր Մինասյանը: Ակնհայտ է, որ Նինան պատասխանել է մեր հարցերին բանկի և իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո:

Պետք է նշենք, որ Credit Suisse հետաքննությունը մեծ աղմուկ է բարձրացրել Շվեյցարիայում՝ որոշ ժամանակ լինելով քննարկման գլխավոր թեման։ Կարծում ենք՝ բանկն իր հաճախորդների հետ որոշ կոնսուլտացիաներ է արել և խորհուրդ տվել լրագրողների այդ թեմայով հաղորդակցվելու, ճիշտ պատասխաններ տալու վերաբերյալ։

Մենք հարցում էինք ուղարկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկ՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացի Նինա Մինասյանի՝ Credit Suisse-ում ունեցած բանկային հաշվին մեծ գումարներ կան, և մենք կասկածում ենք, որ այն, հնարավոր է, փողերի լվացման նպատակով է բացվել։ Հարցրել էինք՝ արդյոք Նինա Մինասյանի շվեյցարական բանկային հաշվին Հայաստանի բանկերից փոխանցումներ եղել են, և հակառակը՝ շվեյցարական բանկից Նինա Մինասյանը փոխանցումներ կատարե՞լ է հայաստանյան բանկեր:

Կենտրոնական բանկը պատասխանել է, որ հայցվող տեղեկատվությունը բանկային գաղտնիք է: Սա մենք ինքներս էինք գիտակցում, բայց մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Նինա Մինասյանը չէր կարող ունենալ այդքան մեծ գումար։

Տվյալ դեպքում Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) պետք է ստուգի բանկին տրամադրած տեղեկությունը, իսկ եթե հիմնավոր կասկածներ գտնի, ապա պետք է տեղեկացնի իրավապահ մարմիններին:

ՖԴԿ-ն իր ուսումնասիրության արդյունքների մասին չի տեղեկացնում այլ մարմինների։

Հնարավոր է, որ 1997 թ.-ին Մինասյանի անունով հաշիվը բացել են նրա ծնողները կամ նրանց կողմից լիազորված որևէ անձ, իրավաբանական ընկերություն:

Նրա մայրը՝ Ցողիկ Զաքարյանը, այդ ժամանակ (1996-1997 թ.-ին) աշխատում էր Հայաստանի Կենտրոնական բանկում: 

Ե՛վ Մինասյանը, և՛ մայրը հերքում են, որ նման բան է եղել։

Վերջում նշենք, որ շվեյցարական բանկից արտահոսած տվյալներով՝ երեք տարվա ընթացքում (2013-2016) Նինա Մինասյանը ծախսել էր մոտ 25 մլն ֆրանկ:

Թե ինչպես է ստացվել, որ համեստ կյանքով ապրող այս կինն ունեցել է այսքան գումար, և թե ով է այս միլիոնների իրական տերը՝ մնում է գաղտնիք։

Գլխավոր լուսանկարը՝ Getty Images

Մեկնաբանություններ (8)

Ruzan Gh
Գերազանց աշխատանք!
EDWARD MASSIH
A question, Is there or was there any connection between Credit Swiss Bank and Yerevan Credit Bank when Yerevan credit Bank went bust?
KC
In no way could this be considered harassment. It's called investigative journalism, and Hetq has proved to be one of the best in the field. The material is interesting, and the questions raised are legit; how can a 14 year old girl amass such a fortune? Who is the real owner? If the funds are legit, what is the source of income?
Robert S
Nina Minasyan Armenian operatic soprano.
Dave
Ձեր հրապարակումը ավելի արժանահավատ կհնչեր, եթե հրապարակմանը կից ներկայացնեիք այն տվյալները, որոնք ինչպես դուք եք պնդում, ձեզ են տրամադրվել Süddeutsche Zeitung-ի կողմից, իսկ մինչ այդմ թույլ տվեք ոչ միայն կասկածանքով վերաբերվել այս "սենսացիային" այլ նաև ձեզ հիշեցնել որ նման անպատասխանատու լրագրողական էթիկայի պատճառով շատ հնարավոր է որ անմեղ մարդու վարկաբեկեք։
Մարգո
Միանշանակ սառեցնել և անմիջապես փոխանցել ՀՀ պետական բյուջե:
Նառա
Եթե հրաժարվում է , որ իր անունով այդքան գումար կա թող սառեցնեն հաշիվը կես տարով մինչև իրական տերը մեջտեղ գա։ Իսկ եթե 6 ամիս հետո ոչ մեկ չի հայտնվի թող գումարը փոխանցեն ՀՀ պետբյուջե
Sam
Always leave it to reporters and journalists to master the art of harassment and pry into ppl's personal affairs—stick their collective noses where it doesn't belong. Isn't it also illegal to dox someone and disclose their private bank info? Shame on youz.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter