HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը դեռ 1990-ականներին է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ 1990-ականներին Ռուսաստանը մերժել է ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջարկը։ Այս մասին նա հայտարարել է հեռուստահաղորդավար Սթիվեն Քոլբերին տված հարցազրույցում, որի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության էջում։

Հարցազրույցի ժամանակ Քոլբերը հիշել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերը, որը հայտարարել էր, որ մինչև Ռուսաստանի սահմաններ ՆԱՏՕ-ի ընդլայնումը նպաստել է Ուկրաինայում պատերազմի մեկնարկին։ Դրան ի պատասխան՝ Բլինքենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի։

«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, որի անդամ երկրները հավաքվում են միասին, որպեսզի համոզվեն, որ եթե նրանցից մեկի վրա հարձակվեն, մյուսները կգան և կպաշտպանեն նրան։ Ահա, թե ինչն է դրա էությունը։ Նա ագրեսիվ մտադրություններ չունի Ռուսաստանի նկատմամբ։ Նա երբեք չի հարձակվել Ռուսաստանի վրա։ Նա չի հարձակվի Ռուսաստանի վրա։ Նա չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ի պատասխան՝ լրագրողը կատակով առաջարկել է Ռուսաստանին ընդունել ՆԱՏՕ-ի կազմ։ Բլինքենը պատասխանել է. «Գիտե՞ք ինչ։ 1990-ականներին այդ մասին իրոք խոսում էին։ Ռուսաստանցիները որոշեցին, որ դա այն չէ, ինչով իրենք ցանկանում են զբաղվել»,- ասել է Պետքարտուղարության ղեկավարը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին բարձրացվել էր ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության հարցը։ Դեռ 2017 թվականին Պուտինն ասել էր, որ ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնին առաջարկել էր մտածել այդ մասին։ Վերջինս իրեն պատասխանել էր, որ «դեմ չէ», իսկ ԱՄՆ ողջ պատվիրակությունը, Ռուսաստանի նախագահի խոսքով, «նյարդայնացել էր»։

2022 թվականի փետրվարին Պուտինը հայտնել էր, որ իր առաջարկին Քլինթոնի արձագանքը «բավականին զուսպ էր»։ Իր հերթին Բիլ Քլինթոնը նշել է, որ և Բորիս Ելցինին, և Վլադիմիր Պուտինին առաջարկել էր Ռուսաստանին ներառել ՆԱՏՕ-ի կազմ։

Լուսանկարը՝ Adnrea Renault/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter