HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմությանը թույլ չեն տվել մասնակցել «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին․ բողոքի ակցիաների 26-րդ օրը

«Դիմադրության» շարժման անդամներն այսօր՝ մայիսի 20-ին, Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր, որտեղ նախատեսված էր նախագահ Վահագն Խաչատուրյանի և Հայաստան ժամանած Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հանդիպումը։

Բողոքի ակցիայի մասնակիցները Լիտվայի նախագահի ժամանելու պահին վանկարկել են՝ «Նիկո՛լ, դավաճան», «Ամո՛թ»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ այդպիսով ընդդիմադիրներն իրենց բողոքն են արտահայտում և ասում, որ Փաշինյանը չունի որևէ մանդատ բանակցելու համար։

Այնուհետև ակցիայի մասնակիցները գնացել են Հանրապետության հրապարակ, որտեղ՝ «Մարիոթ» հյուրանոցում տեղի էր ունենալու «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը։

Նշենք, որ քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորներն այս քննարկմանը հրավիրված չեն եղել։ Նրանք կարողացել են մուտք գործել հյուրանոց, սակայն համաժողովի սրահ նրանց թույլ չեն տվել մտնել։ Սրահի դիմաց նրանք սկսել են անգլերենով վանկարկել «Ամո՛թ»։

«Սա է իրենց դեմոկրատիան, փակ դռերի հետևում քննարկում են, թե ինչ է դեմոկրատիան, պատգամավորներին թույլ չեն տալիս ներս մտնել և ասել, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում»,- նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Ժամանակավոր կառավարություն ստեղծելուց հետո «Դիմադրություն» շարժման կարևոր խնդիրներից է լինելու Հայաստանի ու Արցախի անվտանգության արդիականացված և միասնական համակարգի ստեղծումը։

«Շարժման համար անընդունելի է Արցախի՝ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով ամրագրումը։ Հայկական երկու պետությունների միջև պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ և երաշխավորվի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքը»,- գրել է նա։

Նկատի ունենալով վաղվա համար նախատեսված ծավալուն աշխատանքը և այսօրվա եղանակային պայմանները՝ «Դիմադրության» այսօրվա հանրահավաքը չեղարկվել է։ Այս մասին ուղիղ եթերում ասել է Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին ընդառաջ, մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է նախատեսվում։

«Գիտեք՝ վաղը չէ մյուս օրը Բրյուսելում տեղի է ունենալու վարչապետի աթոռը զբաղեցնողի հանդիպումը Ալիևի հետ, հետևաբար շատ կարևոր է վաղվա հանրահավաքին ձեր մասնակցությունը»,- եզրափակել է ԱԺ փոխնախագահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter