HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրյուսելում այսօր կկայանա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը. ինչ սպասել այդ հանդիպումից

Բրյուսելում այսօր կկայանա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սա արդեն բրյուսելյան ձևաչափի թվով երրորդ հանդիպումն է, որից առաջինը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին և շարունակվել 2022 թվականի ապրիլի 6-ին։

Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումների օրակարգում նշվում է, որ մինչ եռակողմ հանդիպումը, Շառլ Միշելը Բրյուսելում առանձնազրույց կունենա սկզբում Իլհամ Ալիևի, այնուհետ՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Մայիսի 22-ին կայանալիք հանդիպման մասին հայտնի էր դարձել միայն մի քանի օր առաջ։ Մայիսի 19-ին Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ «Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,- նշվում էր հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ։ 

Նախօրեին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե քննադատություն կա, որ հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում, Գրիգորյանը պատասխանել էր.

«Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետև Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր և Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են և ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի և անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում»։

Բրյուսելյան վերջին հանդիպման չիրագործված պայմանավորվածությունները

Ապրիլի 6-ին բրյուսելյան հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Բացի այդ, Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել էին մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Եթե առաջինի մասով հայտնի է, որ մինչ այս պահը հայկական կողմը դեռևս չի ձևավորել հանձնաժողովն ու դեռևս չի կայացել սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի առաջին հանդիպումը, ապա երկրորդ պայմանավորվածության մասով ոչինչ հայտնի չէ, բացի նրանից, որ վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Դրանցից առաջինը կայացել էր ապրիլի 11-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի 25-ին։ Վերջին տարիներին նման դեպք, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները ուղիղ հեռախոսակապի մեջ լինեին, չէր եղել։ Ընդ որում, հայկական կողմը պնդում է, որ առաջին հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

Այդուհանդերձ, մի քանի օր առաջ Բաքվում, Լիտվայի նախագահի հետ հանդիպումից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրել էր սահմանազատման հարցով հանձնաժողովի հանդիպումից երկու անգամ հրաժարվելու մեջ։ «Հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ մինչև ապրիլի վերջ երկու կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք գործի կանցնեն։ Ադրբեջանը ճիշտ ժամանակին ստեղծել է խումբը և պատրաստ էր գործուղել պատվիրակությանը»,- ասել էր Ալիևը՝ նշելով, որ դա համաձայնեցված էր հայկական կողմի հետ և հենց ՀՀ ԱԳՆ-ն է առաջարկել անցկացնել սահմանազատման հարցով առաջին հանդիպումը։

«Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղարկեց արդեն համաձայնեցված հանդիպումը։ Դա հուսահատեցնող էր։ Էլ ավելի հուսալքող էր այն, որ Հայաստանը հրաժարվեց մեր առաջարկից՝ մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպման անցկացման վերաբերյալ։ Այդպիսով, մենք մինչ օրս Հայաստանից սպասում ենք նոր ժամկետներ, որպեսզի սկսենք աշխատանքը»,- նշել էր Ադրբեջանի նախագահը։

Ալիևի մեղադրանքներին արձագանքել էր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստից առաջ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու չի կայացել սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպումը, Միրզոյանը նշել էր, որ կշարունակվեն այդ հանդիպումը կազմակերպելու շուրջ քննարկումները։ «Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,- ասել էր Միրզոյանը։ 

Ի դեպ, դրանից մի քանի օր առաջ Դուշանբերում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ սահմանազատման հանձնաժողովի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 16-ին կամ 17-ին, սակայն դա այդպես էլ չկայացավ։ Ավելին, նույն օրը Դուշանբեում կայացել էր նաև Լավրով-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը։

Ընդ որում, եթե ի սկզբանե նախատեսվում էր, որ սահմանազատման հարցով հանձնաժողովի հանդիպումը պետք է կայանար հայ-ադրբեջանական սահմանին, ապա հիմա Երևանը պնդում է, որ այն պետք է կայանա Մոսկվայում։

Բաքվի 5 կետանոց առաջարկն ու Երևանի 6 կետանոց արձագանքը

Դեռ այս տարվա մարտին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում, հայտարարել էր, որ Բաքուն Երևանին 5 կետանոց առաջարկ է արել, որոնք կարող են դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցային կետերը։

Մարտի 14-ին պաշտոնական Բաքուն հրապարակեց այդ կետերը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ առաջարկված սկզբունքներն են.

  1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։
  2. Երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում։
  3. Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։
  4. Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։
  5. Տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։

Երևանը երկար ժամանակ հանրայնորեն որևէ կերպ չէր արձագանքում Բայրամովի այս հայտարարություններին։ Սակայն շրջադարձային դարձավ մայիսի 10-ը, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի 5 առաջարկներին հայկական կողմն արձագանքել է 6 կետերով։

«Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը տեսան Հայաստանի կողմից ընդունված փաստաթուղթը։ Բայց եթե նայենք այդ փաստաթղթին, ապա դա չի կարելի անվանել առաջարկներ։ Հայկական կողմի ներկայացրած փաստաթուղթը հանդիսանում է ադրբեջանական առաջարկներին արձագանք։ Ես կարող եմ թվարկել այդ արձագանքի 6 կետերից մի քանիսը, և դուք ևս կարող եք ենթադրություններ անել, թե որքանով դա կարելի է առաջարկներ անվանել»,- ասել էր Բայրամովը։

Ադրբեջանցի նախարարը նշել էր, որ կետերից մեկում նշվում էր, որ ադրբեջանական կողմը փետրվարի 21-ից մարտի սկիզբ Հայաստանին պետք է ներկայացնի բազային առաջարկները։ 

«Ադրբեջանն առաջին օրից նշել է, որ բազային առաջարկները ներկայացվել են միջնորդների միջոցով։ Այդ մասին պետք է հարցնել միջնորդներին։ Եթե Ադրբեջանը նշել է փետրվարի 21-ը, ապա ներկայացրել է հենց այդ օրը։ Հաջորդ կետն այն է, որ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ։ Դեռ 1992 թվականին երկու երկրները, լինելով ԱՊՀ անդամներ, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ դա ինչ-որ չափով Ադրբեջանի բազային սկզբունքի կրկնությունն է»,- հավելել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Երևանն այս անգամ ստիպված եղավ գաղտնազերծել ադրբեջանական կողմին ուղարկված արձագանքը։ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում մանրամասներ էր ներկայացրել հայկական կողմի պատասխանի մասին։

Նախ Մարուքյանը քննադատել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին աշխատանքային փաստաթղթից մանրամասներ հրապարակելու համար։ «Հայաստանը միշտ էլ պահպանել է դիվանագիտական էթիկան և շարունակում է պահպանել, և  քանի որ դա աշխատանքային փաստաթուղթ է, կոռեկտ չէ դա հրապարակել»,- նշել էր Մարուքյանը՝ հավելելով, որ Բրյուսելում Շառլ Միշելի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ադրբեջանական հինգ կետերի և հայկական վեց կետերի համատեքստում կարող են սկսվել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«Բայց հիմա ես տեսնում եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը դիվանագիտական լեքսիկոնին ոչ հարիր տեքստեր է ասում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ինչ մակարդակում, ինչ ձևով ներկայացվել են իրենց հինգ կետերը, նույն համատեքստում ներկայացվել են մեր առաջարկները, որոնք այդպես կոչված վեց կետերն են, պատասխանը վեց կետերից է բաղկացած։ Դա ինչ ձև է, ասել՝ դա ինչ առաջարկ է, դա ընդհանրապես դիվանագիտական էթիկայի մեջ չտեղավորվող վարվելակերպ է։ Ի սկզբանե փորձում է նսեմացնել այդ պատասխանը՝ իր վերաբերմունքով»,– ասել էր Մարուքյանը։

Այնուհետ հատուկ հանձնարարություններով դեսպանը ներկայացրել էր հայկական կողմի վեց առաջարկները։

  1. Առաջին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք։
  2. Հայաստանի  Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
  3. Հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
  4. Հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների կատարումը (ռազմագերիների վերադարձ, ճանապարհների ապաշրջափակում)։
  5. Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։
  6. Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Ի դեպ, «Հետք»-ը Արտաքին գործերի նախարարությանը խնդրել էր տրամադրել ադրբեջանական կողմի 5 առաջարկներին հայկական կողմի 6 կետանոց պատասխանի փաստաթուղթը, ինչը հնարավորություն կտար հաստատելու հայկական կողմի հրապարակած տվյալների իսկությունը, սակայն ԱԳՆ-ն հրաժարվել էր տրամադրել այն։ Հարց էր առաջանում, եթե բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հանրայնացվում է առաջարկների տեքստը, ապա ինչու ԱԳՆ-ն չի տրամադրում նաև փաստաթուղթը։ Մանավանդ, որ պատասխանի որոշ կետերի վերաբերյալ, հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի չհիշտակման մասին (խոսվում է միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին) ընթանում է հանրային քննարկում։

Ինչ հարցեր կքննարկվեն այս անգամ Բրյուսելում

Դատելով դեպքերի ընթացքից կարելի է ենթադրել, որ բրյուսելյան այսօրվա հանդիպման օրակարգն անփոփոխ է լինելու։ Կողմերը դարձյալ կքննարկեն սահմանազատման հարցերով հանձնաժողովի ձևավորումը, դրա կազմն ու հանդիպման ժամկետները։ 

Հայկական կողմը կբարձրացնի հայ գերիների վերադարձի հարցը, որոնք պահվում են Ադրբեջանում։ Դրա մասին դեռ մեկ ամիս առաջ ակնարկել էր Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովում հայտարարելով, որ «կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի»։ 

Միգուցե, սահմանազատման հանձնաժողովի հանդիպման տապալման պատճառը հենց սա է։ Բրյուսելյան սցենարը, ենթադրաբար, կայանում էր հետևյալում. Բաքուն ազատ է արձակում հայ գերիների հերթական խմբին, փոխարենը Երևանը ձևավորում է սահմանազատման հանձնաժողովի իր կազմը և բանակցում հանդիպման առաջին օրվա շուրջ։ Ինչպես գիտենք, Բրյուսելում ապրիլի 6-ի հանդիպումից հետո Ադրբեջանից Հայաստան գերիներ չեն հայրենադարձվել, իսկ Երևանն էլ, հետևաբար, չի ձևավորել հանձնաժողովի իր կազմը։

Ադրբեջանն էլ իր հերթին կբարձրացնի Արցախի իր վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծման հարցը՝ պահանջելով նոր քարտեզներ։ Փաշինյանն, ավելի վաղ, հայտարարել էր, որ հայկական կողմը փոխանցել է բոլոր քարտեզները, որոնք եղել են իր տրամադրության տակ։ 

Եվ որպես եզրափակում Ալիևը դարձյալ կխոսի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման մասին, որով կողմերը կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, չնայած հայկական կողմը պնդում, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչել են դեռ 1992 թվականին, երբ երկուսն էլ ԱՊՀ-ին անդամակցման գործընթացի մեջ էին։  

Այս հանդիպմանը թերևս խոսք չի գնա արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։ Իր վերջին վեց կետանոց արձագանքում Երևանը բարձրացրել էր Արցախի կարգավիճակի հարցը, այլ ոչ՝ ինքնորոշման հարցը։ Այդ հարցում, կարծես թե, Երևանն ու Բաքուն լուռ համաձայնության են եկել։

Մեծ է հավանականությունը, որ, Ուկրաինայում պատերազմի ֆոնին, Շառլ Միշելը կողմերին կզգուշացնի սահմանին լարվածության անթույլատրելիության մասին, ինչը կարող է լրացուցիչ սպառնալիք դառնալ Եվրոպայի անվտանգության համար։ Դա հիմա ձեռնտու չէ նաև Ռուսաստանին, որը ուկրաինական խնդրով թաթախված լինելով, փորձում է իրավիճակը չսրել նաև մյուս գոտիներում։

Տպավորությունն այնպիսին է, որ Եվրամիության և Ռուսաստանի միջև կա պայմանավորվածություն, թե որ կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների որ ուղղության կարգավորմամբ է զբաղվելու։ Բրյուսելյան հանդիպումների ժամանակ հիմնականում քննարկվում են քաղաքական բնույթի հարցեր, այդ թվում երկու երկրների միջև հնարավոր խաղաղության մասին պայմանագրի հարցը։ Իսկ Մոսկվան կարծես թե իր վրա է վերցրել տնտեսական կարգավորման պատասխանատվությունը։ Դեռևս շարունակում է գործել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խումբը, որն զբաղվում է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։

Լուսանկարը՝ ՀՀ Կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանություններ (1)

Վահագն
Ծախված ենք ազգովի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter