
Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում ինչ են քննարկել . Շառլ Միշելի հայտարարությունը
Երեկ՝ մայիսի 22-ի երեկոյան, Բրյուսելում կայացել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարություն է տարածել, որտեղ ամփոփել է եռակողմ հանդիպման արդյունքները։
«Այսօր ես կրկին հյուրընկալել էի Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Այս ձևաչափով սա մեր երրորդ քննարկումն էր։ Մենք կենտրոնացել էինք Հարավային Կովկասում առկա իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաեւ տարածաշրջանի հետ ԵՄ հարաբերությունների զարգացման վրա», - նշվում է հայտարարության մեջ։
Շառլ Միշելի խոսքով՝ քննարկումն անկեղծ էր և արդյունավետ։ Կողմերը դիտարկել են հարցերի ողջ շրջանակը։
«Մանրամասն քննարկեցինք մարդասիրական խնդիրները, ներառյալ՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու ջանքերը ու անհետ կորածների ճակատագրերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Շառլ Միշելը մի քանի ոլորտներ է առանձնացրել, որտեղ կողմերը որոշակի պայմանավորվածությունների են հանգել:
Սահմանային խնդիրներ
«Սահմանային հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը կկայանա առաջիկա օրերին միջպետական սահմանին։ Այն կքննարկի սահմանի սահմանազատմանը վերաբերող բոլոր հարցերը և ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ»,- ընդգծել է Միշելը։
Կապ
«Առաջնորդները պայմանավորվել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։ Նրանք պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածներ, նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրի հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների, տարանցման տուրքերի, ինչպես նաև միջազգային բեռնափոխադրումների համատեքստում մաքսային ընթացակարգերի շուրջ։ Փոխվարչապետները առաջիկա օրերին կզբաղվեն այս աշխատանքով»,- նշվում է Եվրոպական խորհրդի նախագահի տարածած հայտարարության մեջ։
Խաղաղության պայմանագիր
«Առաջնորդները պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության ապագա պայմանագրի քննարկումը։ Արտաքին գործերի նախարարների գլխավորած խմբերը առաջիկա շաբաթներին կշարունակեն այս գործընթացը։ Ի հավելումն այս ուղեգծի՝ ես նաև ընդգծել եմ, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,- ընդգծել է Շառլ Միշելը։
Սոցիալ-տնտեսական զարգացում
«Եվրոպական միությունը երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը ձգտում է զարգացնել տնտեսական զարգացումը` ի շահ երկու երկրների և նրանց բնակչության: Ես նաև շեշտեցի բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը: Մենք պայմանավորվեցինք սերտ կապի մեջ մնալ և նորից հանդիպել նույն ձևաչափով մինչև հուլիս/օգոստոս»,- եզրափակել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել