
Հաշմանդամություն ձեռք բերած պատերազմի մասնակիցների առաջին խումբը կմեկնի Երուսաղեմ
Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների առաջին խումբը մայիսի 27-ին խորհրդարանականների ուղեկցությամբ կմեկնի Երուսաղեմ: Խորհրդարանում հրավիրված քննարկմանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ համատեղ քննարկումների արդյունքում մշակվել է բարեգործական ծրագիր, որի շրջանակում որոշվել է, որ հաշմանդամություն ձեռք բերած պատերազմի մասնակիցները պատգամավորների ուղեկցությամբ որոշակի պարբերականությամբ կմեկնեն Երուսաղեմ՝ ծանոթանալու Պատրիարքության պատմությանն ու գործունեությանը, ինչպես նաև կայցելեն սրբավայրեր:
Առաջին խմբին ուղեկցելու են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և փոխնախագահ Լուսինե Բադալյանը:
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ առաջին խմբի հետ չի կարող մեկնել, քանի որ այդ օրերին լինելու է Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Երկրորդ խմբին կուղեկցեն Անդրանիկ Քոչարյանն ու Արփինե Դավոյանը:
«Սա իր բնույթով ուխտագնացություն է, եկեղեցին ձեր օրը կհարստացնի, կմասնակցեք շատ միջոցառումների»,- ասաց Քոչարյանը:
Նա անդրադարձավ նաև այն քննարկումներին, թե ինչու են պատգամավորներն ուղեկցում վիրավոր զինծառայողներին: Նրա խոսքով՝ գնում են, որովհետև պատասխանատու են ամբողջ խմբի համար:
Նարեկ Զեյնալյանը հույս հայտնեց, որ ուխտագնացությունը բավական հետաքրքիր կանցնի, և տղաները դրական լիցքերով Հայաստան կվերադառնան:
Մեկնաբանել