HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրաէներգիայի շուկայում նոր մատակարարներ են գրանցվել

Ապրիլ և մայիս ամիսներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի նոր մատակարարների է լիցենզիա տրամադրել։ Հիշեցնենք՝ էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է, և նոր մատակարարները կարող են մրցակցել ՀԷՑ-ի հետ։

Այդպիսով, էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրի նոր մատակարար է գրանցվել «Վէկա» ՍՊԸ-ն։ Մեծածախ առևտրով զբաղվողները թրեյդերներն են, որոնք գործ են ունենալու միայն մեծ տնտեսվարողների հետ, ինչպես նաև` լիազորված են էլեկտրաէներգիայի միջպետական առևտուր անելու:

«Վէկա» ընկերությունը գրանցվել է այս տարվա փետրվարի 11-ին։ Միակ մասնակիցը Վոլոդյա Աղասինի Հովհաննիսյանն է։ Վերջինս ՀԱԿ վարչության անդամ է եղել և 2017թ․ ընտրություններին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակում 42-րդ հորիզոնականն է զբաղեցրել։

Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Վոլոդյա Հովհաննիսյանը նաև մի շարք ընկերություններում բաժնեմաս ունի, օրինակ՝ «Դիջի թել» ՍՊԸ-ում 50 % մասնակցություն ունի, 25 %՝ «Քմփյութր-ուորլդ» ՍՊԸ-ում, 34 %՝ «Այգսերվիս» ՍՊԸ-ում և մի քանի այլ ընկերություններում։

Էլեկտրաէներգիայի ևս երեք մատակարար գրանցվել է որպես սովորական մատակարար, որոնց դերը շուկայում մրցակցություն ապահովելն ու սպառողներին ավելի շահավետ առաջարկներ ներկայացնելն է, որպեսզի վերջիններս ուզենան երաշխավորված մատակարարողից (ՀԷՑ) հրաժարվել և ընտրել նորերին:

«Սոլարա» ՍՊԸ-ն ապրիլի 6-ին ստացել է լիցենզիա, իսկ ընկերությունը գրանցվել է 2019 թ.-ին։ Միակ բաժնետերը Արմեն Համազասպի Պետրոյանն է։ «Սոլարան» շուկայում է մի քանի տարի և ծառայություններ է մատուցում արևային էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես, իրականացնում է արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում, ինչպես նաև ունեն արևային պրեմիում վահանակների և արևի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի: Ընկերությունը «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

Ապրիլի 27-ին լիցենզիա է ստացել նաև «Էներգոմաստեր» ՍՊԸ-ն։ Ընկերությունը գրանցվել է այս տարվա փետրվարի 28-ին։ Այստեղ հավասար բաժնեմասով 4 անձ է մասնակցում՝ Արամ Աշոտի Սահակյանը, Գաբրիել Ալեքսանդրի Մելիքսեթյանը, Գոռ Սամվելի Գրիգորյանը և Կարապետ Սուրիկի Օհանյանը:

Գոռ Գրիգորյանը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր Մարիաննա Շահինյանից առաջ, 2019թ․-ին՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին։

Ի դեպ, մասնակիցների նույն քառյակը մասնակցության նույն չափով Արագածոտնի մարզի Թալին համայնքի «Թալին-2» 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը շահագործող «Բիլդմաստեր» ընկերության սեփականատերն է։

Մայիսի 4-ին լիցենզիա է ստացել նաև «Վոլտա էներջի» ՍՊԸ-ն, որը պետական գրանցում է ստացել այս տարվա փետրվարի 14-ին։ «Վոլտա էներջի» ՍՊԸ-ի խոշոր բաժնետերը՝ 80 %, Տիգրան Ռոբերտի Օխանյանն է: Վերջինս հայտնի Թռչկանի ջրվեժը շահագործելու ցանկություն ունեցող Ռոբերտ Օխանյանի որդին է։ Օխանյանները Հայաստանում առավելապես փոքր հէկերի բիզնեսում են ներգրավված։ «Վոլտա էներջի» ՍՊԸ-ում 20 տոկոս մասնակցություն ունի Սպիտակում հաշվառված Վարդան Վահագնի Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչ ապրիլ լիցենզիա էր տրամադրել ևս 6 մատակարարի և 3 թրեյդերի, որոնք էլեկրտաէներգիան արտադրողից պիտի հասցնեն սպառողին: Դրանց թվում են «Տաշիր կապիտալ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանին առնչվող ընկերությունը, Էներգետիկայի նախկին փոխնախարար՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հովհաննիսյանի ընկերությունը և այլ մատակարարներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter