HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան

«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ստորեւ ներկայացվող հոդվածը լրատվամիջոցներին տրամադրել է նրա պաշտպանական խումբը։

Հայաստանում մեկ ամսից ավել շարունակվող, աստիճանաբար նոր թափ հավաքող և նոր ձևեր ստացող հանրային դիմադրությունն ակնհայտ է դարձրել այն, որ Նիկոլ Փաշինյանի հանրային հենարանն օրըստօրե մաշվում է, և նրա՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է։

Այս պահին, երբ գրվում են այս տողերը, Փաշինյանը գտնվում է Բրյուսելում՝ հայտնված բարդագույն երկընտրանքի առաջ՝ սեփական օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, և երկրի ներսում տարածվող անհնազանդության, որն առ ոչինչ է դարձնելու նրա կողմից հանձն առած ցանկացած նոր հակազգային պարտավորությունը։

Այս երկու բևեռների միջև Փաշինյանը փորձելու է դեռ մանևրել, և իրեն հատուկ ոճով  փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն արդեն երևում է և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ  իրադարձության արդյունքում։

Իրական ընտրությունն, ուստի, ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր,  այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու։

Ու, թեև հանրային քննարկումն այսօր ավելի շատ կենտրոնացած է այն թեմայի շուրջ, թե ով է գալու Փաշինյանի փոխարեն, իրականում պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, և որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, և ի վերջո կառուցենք հարատևող և կենսունակ պետականություն։

Այս իմաստով պետք է լինել անկեղծ և ընդունել, որ Փաշինյանը թեև մեր դժբախտությունների խորհրդանիշն է և կենդանի մարմնացումը, բայց բնավ ոչ՝ պատճառը։ Իրական պատճառը  կամ պատճառները  պետք է փնտրել հայության առնվազն  600 տարի  տևած անպետական գոյության մեջ, որի ընթացքում մենք կորցրել ենք մեր ազգային ժառանգության մեծ մասը, մեր արժանիքները տարրալուծվել են օտար միջավայրում, միասնական և վճռական պայքարի փոխարեն մեր մեջ բույն է դրել  հարմարվողականությունն ավանդական ստեղծարար ոգու կողքին, լայն տարածում է ստացել ծուլությունը, մանրախնդրությունը, տգիտությունն ու ամբարտավանությունը։

Մեր ազգային վերազարթոնքը թե՛ 19-րդ դարի և թե՛ 20 -րդ դարի վերջում արդյունք է  եղել կրթված, ստեղծագործ և պայքարող փոքրամասնության գերմարդկային ճիգերի, սակայն ամեն անգամ հանդիպելով մեծամասնության խորապես արմատացած նյութապաշտությանը, օտարամոլությանը և հարմարվողականությանը, ի վերջո, դանդաղ մարել է՝ մեզ կանգնեցնելով պետականության կորստի առաջ 1921 թվականին, և 101 տարի անց էլ տառացիորեն նույն ուրվագծերով կրկնվող սցենարով․ գիշատիչ և հայատյաց թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ճնշումներ, իր ուժերի մեջ անվստահ և մեր հաշվին զիջումների պատրաստ Ռուսաստան, հեռվից հեռու խոստումներ շռայլող, բայց խորապես անտարբեր Արևմուտք և այս ավանդական մուրճի,  զնդանի և մեխի միջև մնացած, թույլ և շփոթահար Հայաստան, որը ստիպված է ընտրել նորից վատի և վատագույնի միջև։ Սակայն, ի տարբերություն 100 տարի առաջ տեղի ունեցած Հայաստանի կազմաքանդման և պետականազրկման գործարքի, այսօր իրավիճակը թեև արտաքնապես նման է, բայց ունի նաև էական տարբերություններ։

Չթվելով բոլոր դրանք՝  ընդամենն ընդգծենք, որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, և հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի  հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ և կանգնեցնել  թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը և ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ փոփոխությունների համար։

Ո՞րն է այս փոփոխությունների էությունը։ Գաղտնիք չէ, որ իրենց ներկա տեսքով Հայաստանը և Արցախը կորցրել են աշխարհաքաղաքական կարևորության զգալի մասը  և սահմանափակ արժեք ունեն տարածաշրջանային քաղաքական հարթակում։ Որպեսզի մենք  վերականգնենք այդ արժեքն ու կշիռը, առաջիկա քսան և ավելի տարիների ընթացքում պետք է տեղի ունենա առնվազն երեք արմատական փոփոխություն,  ընդ որում՝ երեքն էլ միասին։

Առաջինը՝ Հայաստանի բնակչությունը 30 տարվա անասելի նվազումից հետո պետք է նորից սկսի աճել, Հայաստանում (ներառյալ Արցախը) բնակչության աճը պետք է սկսի գերազանցել հարևան թուրքական պետություններում բնակչության աճի տեմպերը։

Երկրորդը՝ Հայաստանի տնտեսությունն արմատապես պետք է վերակառուցվի, դրա աճի տեմպերը պետք է թույլ տան յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում առնվազն կրկնապատկել համախառն արդյունքը, իսկ որակական կազմով այն պետք է դառնա տեխնոլոգիապես ավելի զարգացած, քան հարևան յուրաքանչյուր երկրի դեպքում։

Եվ վերջապես, հայկական բանակը, մնացած զինված ուժերը և անվտանգային համակարգն ամբողջությամբ պետք է դառնան  տարածաշրջանում լավագույնը և առնվազն իրենց որակով չզիջեն մեր հարևաններից ոչ մեկին։

Այս երեք փոփոխությունների ապահովման պայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարևանների հետ և  հետևողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։ 

Սակայն, այդ բաղձալի կետին դեռ պետք է հասնել, և այս պահին այնտեղ տանող ճանապարհը  պատված է  մշուշով և անիրական է թվում։ Այս ճանապարհի մասին, և այն մասին, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել, կխոսենք մեր հաջորդ հոդվածներում։ Այժմ ընդամենը նշեմ, որ մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջև է և Հայաստանի, որն ի մի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի և պայքարի սեփական հարատևությունն ապահովելու համար։ Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, և ոչ միայն հեռացնի պարտվողական և թուլամորթ իշխանությանը, այլև անձնական և կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով և պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ և հարատևող հայկական միասնական պետությունը։ 

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանքի մեջ է, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք գործելու մեջ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter