HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 90-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 90-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք վերջին ժամերի գլխավոր նորություններով.

  • Իր ամենօրյա երեկոյան ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանն ուկրաինական տարածքների ուղղությամբ արձակել է 2275 հրթիռ։ Երկուշաբթի ցերեկը նա տեսակապով ելույթ է ունեցել Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում և կոչ արել արևմտյան գործընկերներին շարունակել զենք մատակարարել Ուկրաինային և խստացնել հակառուսական պատժամիջոցներ։
  • Ուկրաինայի կոնտակտային խմբի նիստի արդյունքներով, որին անդամակցում են 47 երկրների ներկայացուցիչներ, Դանիան Ուկրաինային կտրամադրի «Հարպուն» տեսակի հականավային թևավոր հրթիռներ՝ երկրի առափնյա հատվածի, մասնավորապես, Օդեսայի պահպանության համար։ Չեխիան Կիևին կուղարկի կրակային աջակցման ուղղաթիռներ, տանկեր և հրթիռային համակարգեր։ Իտալիան, Հունաստանը, Նորվեգիան և Լեհաստանը կուղարկեն հրետանային համակարգեր և սպառազինություն։ 
  • Երկուշաբթի ամենաակտիվ մարտական գործողությունները շարունակվել են Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական զորքերը գրոհել են Դոնեցկի մարզի Լիման քաղաքը։
  • Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ռուսական մշտական ներկայացուցչության խորհրդական Բորիս Բոնդարյովը հրաժարական է ներկայացրել՝ դատապարտելով Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։ Նամակում, որը հրապարակվել է սոցիալական ցանցի իր էջերում և ուղարկվել տարբեր երկրների ներկայացուցչություններ, նա ասել է, որ երբեք այդքան ամոթ չի ապրել իր երկրի համար, որքան փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ 
  • Սրճարանների աշխարհի խոշորագույն ցանցը՝ Starbucks-ը վերջնականապես հեռացել է Ռուսաստանից՝ փակելով իր բոլոր 130 սրճարաններն այդ երկրում։

Չորս մարդ է զոհվել Սևերոդոնեցկի հրթիռակոծման հետևանքով։

Այդ մասին հայտնում է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Բոլոր զոհերը գտնվել են միևնույն բազմահարկ շենքում, որն ավերվել է ռուսական զորքերի հրթիռակոծության հետևանքով։

Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի հրթիռակոծությունների պատճառով, որոնց ցանկանում է նվաճել ռուսական բանակը, վնասվել է վեցական բնակելի շենք։

Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրիբնա Վենեդիկտովան հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների իրականացման համար դատարանի առաջ կկանգնի 48 ռուսաստանցի զինծառայող։

Ներկայումս հետաքննվում է մոտ 13 000 քրեական գործ։ Դատախազները կազմել են ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող մոտ 600 կասկածյալների ցանկ։

Մայիսի 23-ին Կիևի դատարանը ռուսաստանցի Վաֆիմ Շիշիմարինին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ Սումիի մարզում անզեն բնակիչ Ալեքսանդր Շելիպովի սպանության համար։

Ռոսավիացիան արդեն 15-րդ անգամ երկարաձգում է Ռուսաստանի կենտրոնական և հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը, որը մտցվել էր Ուկրաինայում մարտական գործողությունների մեկնարկից ի վեր։ 

Այն երկարաձգվել է մինչև 2022 թվականի մայիսի 31-ը։ Ժամանակավորապես թռիչքների իրականացումն արգելված է դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։

Մեծ Բրիտանիան դիտարկում է Սև ծով ռազմանավերի ուղարկման հնարավորությունը, որոնք կուղեկցեն Ուկրաինայից իրականացվող հացահատկի արտահանմանը։

The Times-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը աջակցել է Բոսֆորի միջոցով Օդեսայից և Նիկոլաևից հացահատկի արտահանման անվտանգ միջանցքի ստեղծման գաղափարին։ Ռուսական ծովային արգելափակման հաղթահարման կոալիցիային կարող են անդամակցել ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ինչպես նաև այնպիսի երկրներ, որոնք կախված են հացահատկի մատակարարումներից, օրինակ, Եգիպտոսը։

Լուսանկարը՝ OLGA MALTSEVA/AFP VIA GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter