Միջնակարգ կրթություն չունեցող դատապարտյալները ՔԿՀ-ում սովորելու հնարավորություն կստանան
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը միտված է դատապարտված անձանց կրթության իրավունքի իրացմանը: Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ պարտադիր տասներկուամյա միջնակարգ կրթության իրավունքի իրացման համար նշված տարիքային սահմանափակումը չի տարածվում քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, ում պատժից ազատման ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է 1 տարուց ավելի: Վերջիններս իրենց ցանկությամբ կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը` միջնակարգ կրթություն ստանալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Փոխնախարարի խոսքով` շուրջ 300 դատապարտյալ կա, որոնք չունեն իններորդ կամ 12-րդ դասարանի վկայական:
«Եթե չունեն ատեստատ, բնական է, որ ավելի բարձր ցենզի կրթության հավակնելու հնարավորություն չեն ունենա: Չունենալով համապատասխան կրթական ցենզ, չեն հավակնում հետագայում ունենալ շուկայում պահանջարկ վայելող աշխատանք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՔԿՀ աշխատակիցները շփվում են ոչ բավարար կրթական ցենզ ունեցող անձի հետ, ավելի դժվար է սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տանել վերջինիս հետ: Շատ ավելի մեծ ջանք է պահանջվում և հարցական է` հետագայում այդ ջանքն արդարացված է լինելու, թե ոչ»,- ասաց փոխնախարարը:
Այսպիսով` փոփոխություններով հնարավորություն է տրվելու դատապարտյալների վրա չտարածել մինչև 19 տարեկանի` «Կրթության մասին» օրենքով նախատեսված ցենզը և հնարավորություն տալ 25, 30 և այլ տարիքի դատապարտյալներին ստանալ կրթություն և ունենալ իններորդ կամ 12-րդ դասարանի վկայական: Օրենքի շահառու կարող են դառնալ այն դատապարտյալները, ովքեր դեռևս մեկ տարի կամ ավելի պատժի կրման ժամկետ ունեն:
Փոխնախարարի ներկայացմամբ` խտացված ուսումնական ծրագիր է գործելու 19 տարեկանից բարձր անձանց համար, կրթությունը լինելու է ինչպես առկա, այնպես էլ հեռավար, այսինքն հիբրիդային եղանակով է լինելու:
Նախագիծն ընդունվելու դեպքում այն ուժի մեջ է մտնելու այս տարվա օգոստոսի մեկից, որ ուսումնական տարվա մեկնարկին դատապարտյալները կարողանան դիմում գրել և մասնակցել կրթական պրոցեսին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել