HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 72 ժամով, որը հարուցվել է Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, այդ թվում՝ պետական դավաճանության մասով։ BBC-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Մոլդովայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Մարիաննա Կերպեկը։

Երեքշաբթի՝ մայիսի 24-ի առավոտյան, հայտնի դարձավ, որ նախկին նախագահի տանը խուզարկություններ են իրականացվում։ Մոլդովայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ խուզարկություններն իրականացվում են, այսպես կոչված, «տոպրակի գործով»։

Խոսքը Մոլդովայի դեմոկրատական կուսակցության գրասենյակում 2019 թվականին արված տեսանյութի մասին է։ Տեսանյութում կուսակցության նախագահ Վլադիմիր Պլախոտնյուկը Դոդոնին է փոխանցում մի տոպրակ, որտեղ, Интерфакс-ի փոխանցմամբ, ենթադրաբար փող է եղել։ Պլախոտնյուկի և Դոդոնի խոսակցությունից պարզ է դառնում, որ փողը, որը Դոդոնը վերցնում է Պլախոտնյուկից, Մոլդովայի սոցիալիստների կուսակցության ֆինանսավորման համար է նախատեսված։ Դոդոնը գլխավորում էր հենց այդ կուսակցությունը։

Իգոր Դոդոնը Մոլդովայի նախագահ է եղել 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի դեկտեմբերը։ Նա ունի ռուսամետ հայացքներ և սերտ համագործակցության մեջ էր մտել այդ երկրի հետ։ Բացի այդ, Դոդոնը բավականին հաճախ հանդիպում էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իր առաջին արտասահմանյան այցը 2017 թվականի հունվարին Դոդոնը կատարել էր հենց Մոսկվա։ Բացի այդ, 2017 թվականի մայիսի 9-ին Դոդոնն արտասահմանյան միակ առաջնորդն էր, որը մասնակցում էր Մոսկվայի Կարմիր հրապարակի մայիսիննյան շքերթին։

2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Դոդոնը պարտվել էր Մայա Սանդուին, որին անվանում էին արևմամետ թեկնածու։

Հիմա, ինչպես հայտնում է Մոլդովայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, նախկին նախագահը կասկածվում է չորս քրեական հոդվածներով. պետական դավաճանություն, պասիվ կոռուպցիա, քրեական կազմակերպության կողմից կուսակցության ֆինանսավորում և անօրինական հարստացում։

Նախորդ շաբաթ Դոդոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Մոլդովայից և մտադիր է պայքարել գործող իշխանության դեմ։ «Իմ դեմ կարող են ինչ-որ բան անել, կարող են խուզարկություններ անել<...>։ Սակայն ինձ չեն կարող վախեցնել, ես մտադիր չեմ փախչել երկրից կամ թաքնվել»,- Դոդոնին մեջբերել է Интерфакс-ը։

Լուսանկարը՝ Sputnik / Стрингер

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter