HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վազգեն Ասատրյան. «Այն, ինչ ես եմ անում, կկոչեի դետալային լուսանկարչություն»

Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի պատկերասրահում, մայիսի 8-ին, գյումրեցի լուսանկարիչ Վազգեն Ասատրյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսն էր «Քաղաքը՝ նկարված հողաթափերով եւ իրական քաղաքը» խորագրով: Ներկայացված էր 32 լուսանկար: Ցուցասրահը բաժանված էր երկու մասի, որի մի հատվածում Վազգենի հորինած գունավոր, զվարճալի ու ամենաանսպասելի դետալներից ստեղծված Գյումրին էր, մյուսում՝ իրականը: «Ինձ համար շատ կարեւոր են մանրուքները: Ես ընդհանուրի մեջ միշտ առանձնացնում եմ դետալ կոչվածը, եւ մի փոքր դետալի շուրջ կառուցում իմ պատկերացրած ընդհանուրը,- բացատրում է Վազգեն Ասատրյանը,- իմ լուսանկարներում կարող են հերոսները լինել ամենասովորական կենցաղային իրերը՝ խրոցը, գդալը, սուրճի բաժակը, շաքարավազի կտորը, անգամ՝ թելի կոճը»:

-Դա լուսանկարելու հատուկ տեխնիկա՞ է, թե՞ ոճ, որ ստեղծել ես քեզ համար,- հարցնում եմ ես:

-Չէ, ես կասեի՝ անճարության ծնունդ է էս ամենը, բայց լավ իմաստով,- Վազգենը բարեհոգաբար ժպտում է,- այն, ինչ ես ստանում եմ երկու կամ երեք օրվա ընթացքում, ֆոտոշոփ կամ անիմացա իմացող ցանկացած մեկը կարող է մի երկու ժամում սարքել: Գուցե լինեն մարդիկ, որ մտածեն, թե ինչու եմ այդքան բարդացրել կյանքս, կասեմ՝ սա էլ իր հետաքրքրությունն ունի, չի թողնում միտքդ ժանգոտի, լուծումները ոչ թե համակարգչային ծրագիրն է առաջարկում, այլ ինքդ պիտի գտնես, ստեղծես:

-Նմանվում է Մյունհաուզենի՝ սեփական մազերից ձգելով ճահճից դուրս գալուն,- դիտողությունս զվարճացնում է զրուցակցիս:

-Կա նման բան: Ճիշտն ասած, ուզածիս հասնելու համար ես երկու ճանապարհ ունեի. կամ` պիտի ֆոտոշոփ սովորեի, կամ՝ ստեղծագործեի «մերկ ձեռքերով»: Ծրագիր սովորելու հանրավորություն չկար այդ ժամանակ, որոշեցի ընտրել երկրորդ ճանապարհը:

Իսկ ամեն ինչ սկսվեց համավարակի օրերին, երբ սահմանափակումներով պայմանավորված՝ մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում էին տանը: Անգործ` սենյակից սենյակ քայլելու, սառնարանի դուռը բացել-փակելու փոխարեն, ուզեց հասկանալ, թե ինչպես ժամացույցի թվատախտակը փրկի սուրճի բաժակում խորտակվելուց: «Սա իմ երազանքների ֆոտոն է,- նկատում է զրուցակիցս,-ժամացույցի թվատախտակը սիլիկոնով ամրացրել եմ բաժակի հատակին, հետո լցրել եմ տաք սուրճը: Տաքությունից սիլիկոնը հալվում է ու թվատախտակը բարձրանում է վերեւ: Երրորդ փորձից նոր լուսանկարել եմ, քանի որ հալվելու պրոցեսը շատ արագ էր տեղի ունենում, եւ իմ ուզած կադրը չէի ստանում: Լուսանկարների համար, որպես ֆոն, հիմնականում օգտագործում եմ գունավոր թուղթ՝ գույներն ու երաժշտությունն իմ աշխարհն են»:

Առաջին փորձերը պսակվեցին հաջողությամբ եւ Վազգենը որոշեց լուսանկարների շարք անել՝ առանց տնից դուրս գալու, այսպես ասած՝ հողաթափերով: Պատերազմի օրերին նվիրված երկու շարք ունի՝ «Պատերազմ եւ խաղաղություն» եւ «Համաշխարհային բրենդները դեմ են պատերազմին»:

«Պատերազմի օրերն էր, լուսանկարիչ ընկերներիցս մեկն առաջարկեց գնալ Շուշի՝ պատերազմը վավերագրելու: Ես, ճիշտն ասած, հրաժարվեցի, որովհետեւ համարում եմ, որ պատերազմը լուսաբանելու համար էլ պիտի մարդը հմտություններ ունենա, ու ինձ նման չպատրաստված անձը չպետք է նման տեղերում հայտնվի՝ դառնալով բեռ կողքինների համար: Ասի՝ տուր ընձի երկու օր ժամանակ ես պատերազմի կոնտեքստով տունը նստած ֆոտոներ էնեմ:  Բլոկնոտս բացեցի, սկսեցի ֆոտոները գրել, շարքը բաժանեցի երկու մասի ու իմ ոճի մեջ արեցի ֆոտոներ, որոնք հետո համացանցում բավական քննարկումների առիթ դարձան,- պատմում է զրուցակիցս,- նաեւ ուզեցի ապացուցել, որ պարտադիր չէ լինես իրադարձության կիզակետում, պարտադիր չէ հասնես ռազմի դաշտ, որ ցույց տաս պատերազմի պատճառած ցավը: Ես ուրիշ լուծում գտա՝ առանց արյուն, մահ, ավեր նկարելու ցույց տվեցի պատերազմի արհավիրքները»:

Վազգենը ցույց է տալիս համացանցում թերեւս ամենաշատ արձագանք գտած ու քննարկված լուսանկարը, որտեղ պատկերված են նպատակին հասնելու ճանապարհներն ու արդյունքը: «Էստեղ պատկերված է պարկուճ, որից բարձրացած ճյուղը չորացած է եւ գրիչ, որից ծիլ տված ընձյուղները կանաչ են: Առաջինն ինչպես հասկացաք պատերազմն է ու բերած հետեւանքները, երկրորդի դեպքում` գրիչը բանակցությունների ճանապարհն է, որ կարող է երկար տեւել, սակայն տալ դրական արդյունք: Ես ընթացքն եմ համեմատել՝ պատերազմի ու խաղաղության հասնելու»:

Վազգենը 10 տարի է՝ զբաղվում է լուսանկարչությամբ: Գյումրեցի 29-ամյա լուսանկարիչը չունի մասնագիտական կրթություն: Մեկ տարի սովորել է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում: Ուսումը թողել է՝ որոշելով, որ գեղարվեստական լուսանկարչության ասպարեզում այն իրեն ոչինչ չի տալիս` անտեղի տարիներ է կորցնելու: Վազգենը խոստովանում է, որ այդ ժամանակ մասնագիտական ընտրությունը զարմացրել է ոչ միայն ծնողներին, այլեւ դասընկերներին: Ինքնամփոփ, սեփական աշխարհում ապրող լռակյաց տղան ոչ մի կերպ չէր ասոցացվում արվեստագետ հասկացության հետ: Դպրոցում սովորում էր միայն այն առարկաները, որոնք իրեն էին հետաքրքրում: Ծնողները վաղուց էին համակերպվել այն մտքի հետ, որ Վազգենն ամենաշատը դառնա «ռեմոնտ» անող: Եվ ոչ ոք չէր նկատում այն անհագ սերը, որ տղան ուներ ֆոտոխցիկի նկատմամբ: Մի օր էլ, գրականության ուսուցիչը որոշում է հերթական անգամ դասը չսովորած Վազգենին ոչ թե 2 նշանակել, այլ նրան սպասվող ապագան նկարագրել:

«Եվ 45 րոպե ես կանգնած մնացի գրատախտակի մոտ, իսկ դասարանը նստած լսում էր իմ տխուր ապագայի նկարագիրը, որտեղ բավական թշվառ վիճակում էի ես, ըստ իմ ուսուցչի: Բայց ասեմ, որ շատ շնորհակալ եմ այդ օրվա դասի համար, այն շատ բան փոխեց իմ մեջ,- Վազգենը ժպտում է,- ես 17 տարեկանում ընդունվեցի ինստիտուտ, հետո կտրուկ որոշեցի թողնել: Եթե արածս քայլի սկիզբն ուրախացրել էր մերոնց, կրթությունը թողնելը դարձավ սկանդալի պատճառ: Որոշեցի մի քանի ամիս ապրել Կրաշեն գյուղում՝ տատիկ-պապիկի մոտ: Ասեմ՝ դրանք իմ կյանքի լավագույն 7 ամիսներն էին: Հետո վերադարձա, մի որոշ ժամանակ աշխատեցի խաղալիքի վաճառասրահում: Մի օր էլ աշխատավայրից զանգեցի եղբորս, խնդրեցի, որ մորս հետ գնան ու ֆոտոխցիկ գնեն 300 հազար դրամի սահմաններում»:

Լուսանկարել Գյումրին, ժամերով՝ տեսախցիկը ձեռքին կամ ոտնակի վրա դրած սպասել հարմար կադրի, փնտրել քաղաքում իր ուզած տեսարանն ու սպասել ճիշտ լուսավորության, անգամ՝ եղանակի: Վազգենն ազատ ստեղծագործող է: Ասում է՝ ինստիտուտը թողնելու պատճառներից մեկն էլ թերեւս այն էր, որ հասկացել էր՝ երբեք օպերատոր չի դառնա եւ թիմային աշխատանքն իրենը չէ: «Ազատությունն ինձ օգնում է ստեղծագործել: Չկա պարտադրանք, ժամային գրաֆիկ, միջանձնային փոխահարաբերություններ: Ճիշտ է, ֆինանսական առումով մի փոքր տուժում եմ, բայց դե ինչպես գիտենք ազատությունը գին ունի,- նկատում է Վազգենը,- ես երեւի էն երջանիկներից եմ, ում թիկունքն ամուր է ընտանիքով: Մերոնք միշտ պատրաստ են հարմարվել, ընդառաջել, հարցեր չտալ, չպահանջել ինձնից անհնարինը»:

Ազատ ստեղծագործողի կարգավիճակը որքան էլ որ հաճելի է, ամեն դեպքում սեփական անկյուն ստեղծելու ծրագրեր ունի Վազգենը: «Մի օր, մեր ավագ ընկեր լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանը հարցրեց, թե՝ «դուք, օր ֆատոգրավներով կհավաքվիք, բացի հարսնիքից, ուրիշ բաների մասին կխոսա՞ք»: Ու ես հասկացա, որ ինքը ճիշտ է՝ մեզնից մեծ մասն իրար կտեսնի հարսնիք նկարելու ժամանակ ու հենց էդ հարսնիքներն են, որ փող կբերեն, բայց լուսանկարչին չեն բարձրացնե: Ես շատ կուզենայի, որ մեզ էլ վերաբերվեին, ինչպես գեղանկարիչներին՝ ակնածանքով,- Վազգենի ձայնը դառնում է մտահոգ,- ուզում եմ քաղաքում ունենալ փոքր անկյուն, կկոչվի ատելյե, թե ինչ, դեռ չգտեմ, բայց այն պետք է ծառայի նաեւ մյուս լուսանկարիչներին: Վայր, որտեղ կկարողանանք հավաքվել, քննարկումներ անել, փորձով կիսվել: Քաղաքում նման տեղ չկա: Դա իմ ապագա ծրագիրն է: Նաեւ ուզում եմ, որ մեր քաղաքի լուսանկարիչները ցուցահանդեսների միջոցով սեփական աշխատանքները ներկայացնեն: Հիմա, եթե հարցնեք, թե 5 բալային համակարգով որ գնահատելու լինեմ իմ ցուցահանդեսը, ի՞նչ գնահատական կդնեմ, ես կասեի՝ 2+: Շատ խի՞ստ եմ, գուցե, բայց գոնե առաջին քայլը կատարել եմ»:

Գլխավոր լուսանկարում՝ Վազգեն Ասատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter