HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորը փոփոխություններով առաջարկվում է քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամսից դարձնել մեկ տարի: Պատգամավորը նախագիծը ներկայացնելիս հիշատակեց բոլոր այն քննիչ հանձնաժողովները, որոնք ձևավորվել են տարբեր գումարման խորհրդարաններում և որոնց ժամկետը երկարաձգվել է:

ՔՊ-ական պատգամավորներն անդրադարձան ընդդիմության ձևավորած «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի` պատերազմի ժամանակ հանգանակած միջոցների վերաբերյալ քննիչ հանձնաժողովի գործունեությանը` նշելով, որ ընդդիմությունը, չկարողանալով որևէ ապօրինություն պարզել, մնաց միայն շահարկումների դաշտում: Ըստ Արուսյակ Ջուլհակյանի` դա պետական մարմինները վարկաբեկելու հերթական փորձն էր ընդդիմության համար, որին այնքան անլուրջ վերաբերվեցին, որ չեկան ժամկետը երկարաձգելու նիստին:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտում է նիստերի աշխատանքը, նրանք փողոցային պայքար են իրականացնում:

Նախագծի հեղինակ Սերգեյ Բագրատյանը համաձայնեց պատգամավորի դիտարկման հետ, որ նպատակը շահարկում էր և ուրիշ ոչինչ: Բագրատյանի խոսքով` հանձնաժողով հրավիրված որևէ պաշտոնատար անձ չի հրաժարվել մասնակցությունից, և երբ ընդդիմադիր պատգամավորները հասկացել են, որ հիմնադրամի միջոցների որևէ յուրացում չի եղել, փորձել են հարցը շահարկման դաշտ տանել:

Ջուլհակյանն արձագանքեց` խնդիրը ոչ թե ժամկետներն են, այլ քննիչ հանձնաժողովների կարողությունների, համապատասխան փորձագետների բացակայությունը:

Սերգեյ Բագրատյանը համաձայնեց` ամենակարևոր հարցն այն է, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովները համապատասխան ռեսուրսներ չունեն, չեն կարողանում տարբեր փորձագետների հրավիրել:

«Բայց օրենքում նշված չէ, որ միջոցներ պետք է տրամադրվեն, միակ ռեսուրսը, որ անվճար է, ժամանակն է, որ կարող ենք տալ հանձնաժողովին»,- ասաց Բագրատյանը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց անցումային դրույթներով հնարավորություն տալ 44-օրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի գործունեության վրա ևս տարածել նախագծով առաջարկվող փոփոխությունները: Նա նշեց, որ տաս հազարից ավելի փաստաթուղթ են ուսումնասիրում:

Նախագծի հարակից զեկուցող, Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ եթե նախագծի հեղինակը դեմ չէ, կարող են նախագծի առաջինից երկրորդ ընթերցում քննարկել այդ առաջարկը:

Լիլիթ Ստեփանյանն էլ առաջարկեց նախագծով ամրագրել, որ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը չի կարող ավելին լինել, քան 18 ամիս:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը ևս հանձնաժողովի համապատասխան կարողությունների բացակայության մասին խոսեց` ասելով, որ պետք է մտածեն այդ հարցը լուծելու մասին, այլլապես ստացվում է, որ ամիսներով աշխատում են, սակայն անարդյունավետ:

Նախագիծը երկար քննարկումներից հետո առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter