
Նիկոլ Փաշինյան. «Մինչև այս պահը հաստատված 39 գերի ունենք»
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձավ Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը: Պատգամավորը հիշեցրեց, որ Միշելն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձնելու խնդրին:
Պատգամովրը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում նրանց վերադարձնելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանեց, որ Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը գերիների և պահվող այլ անձանց վերադարձին է վերաբերել:
«ԵՄ-ի և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումն այն է, որ գերեվարված մեր հայրենակիցները օր առաջ պետք է վերադարձվեն, փորձում ենք այդ հարցում էլ մաքսիմալ ջանք գործադրել, որ օր առաջ խնդիրը լուծենք»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի` Ադրբեջանը անընդհատ փորձում է լրացուցիչ պայմաններ առաջ քաշել, սակայն Հայաստանը համաձայն չէ այդ պայմաններին:
«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ բոլոր պահվող անձինք՝ ռազմագերիները, պատանդները պետք է վերադարձվեն: Այդ իմաստով որևէ նոր բան տեղի չի ունեցել: Եվ ցավոք սրտի, մենք մինչև այս պահը հաստատված 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո: Եվ մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք: Ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունը և ճնշումն ապահովելն է, որ մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ այն քննարկումներին, թե հնչում են տեսակետներ, որ գերեվարված հայրենակիցների հարցը պետք է նախապայման դարձնել քաղաքական պրոցեսների համար: Փաշինյանը սակայն այն կարծիքին է, որ հումանիտար հարցերը քաղաքական հարցերին պետք չէ կապել, դրանք առանձին են:
Մեկնաբանել