
Հայ օգնության ֆոնդը 27 դրամաշնորհ է տրամադրել գիտության ոլորտի ներկայացուցիչներին
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը։ Այս մասին ասվում է ՀՕՖ-ի հաղորդագրությունում։
2000 թվականից գործող ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհուրդն այս տարի ներկայացված 139 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 27-ը։ Ընտրված գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են 19-ը՝ կանայք, իսկ խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 88 է։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:
«Մեծ հպարտություն ենք ապրում, որ ANSEF-ը, 22 տարի շարունակ հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է հովանավորել հայաստանցի գիտնականներին ու փորձ է անում նաև իր ավանդն ունենալ գիտության մեջ զարգացման առումով։ Չկա սփյուռքում որևիցե այլ կառույց, որն աջակցում է գիտությանն ու գիտական ուսումնասիրությունները․ այս առումով ANSEF-ը անգնահատելի ավանդ ունի։ ANSEF-ի յուրօրինակությունը նաև նրա մեջ է, որ գիտական ոլորտի սահմանափակում չունի ու հովանավորում է նաև հայագիտական թեմաները։ Վստահ եմ, որ դուք նույնպես ձեր աշխատանքով նպաստելու եք գիտության զարգացմանը, և հույս եմ հայտնում, որ մեր համագործակցությունը առաջիկա մեկ տարում շատ ակտիվ ու հետևողական կլինի»,- նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։
ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2022-ին 13 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 7 դրամաշնորհ՝ քիմիայի, 2-ը՝ ֆիզիկայի, 2-ը՝ աստղաֆիզիկայի, 1-ական՝ կենսատեխնոլոգիայի, կենսաինֆորմատիկայի և կենդանաբանության։
Մեկնաբանել