HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ընդդիմությունը ԱԺ-ից պահանջում է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարություն ընդունել

Այսօր՝ մայիսի 25-ին, վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները շարունակել են բողոքի ակցիաներ իրականացնել։ Անհանազանդության ակցիաների 31-րդ օրը ընդդիմադիրները շրջափակել են նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրը՝ պահանջելով, որ նա իր տեսակետը հայտնի երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է՝ իրենց նպատակն է, որ որևէ աշխատակից չմտնի նախագահական շենք: 

«Ինչո՞ւ ենք շրջափակել նախագահականը, որովհետև երկրում մի ամիս է պրոցեսներ են տեղի ունենում, համաժողովրդական շարժում է, իսկ էստեղի նստած անձը իրականությունից կտրված է: Ինքը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ընդամենը ՔՊ-ի ներկայացուցիչն այս շենքում։ Նախագահը ոչ մի կերպ չի արձագանքում ազգադավ ծրագրերին, որովհետև ինքն այս շենքում հայտնվել է հենց այդ նախապայմանով: Նիկոլը Կառավարության նիստում հայտարարեց, որ մեզ պետք է նախագահ, որը կկիսի մեր թիմի հետ պատասխանատվությունը»,- ասել է նա։

ԱԺ փոխխոսնակը հայտնել է՝ շրջափակված է նաև Անվտանգության խորհրդի շենքը. «ԱԽ քարտուղարն այն հիմնական պաշտոնյաներից է, որ ամեն օր և ամեն կերպ հիմնավորում է այն բոլոր զիջումները, որոնք իրենք պատրաստվում են իրականացնել: Մեր նպատակը շատ պարզ է՝ շրջափակել այս հաստատությունների շենքերը և թույլ չտալ իրենց աշխատանքը, որովհետև իրենք իրենց աշխատանքով նպաստում են այն կորուստներին, որոնք տեղի են ունենում»,- նշել է նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ տեղեկացրել է, որ պատրաստվում են ամեն օր պետական տարբեր կառույցների շենքեր շրջափակել

Որոշ ժամանակ անց շարժման անդամները բացել են նախագահականի և Անվտանգության խորհրդի շենքի մուտքերը:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ իրենց գործողությունների արդյունքում նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի աշխատակիցները չեն կարողացել ներս մտնել, և այլևս անիմաստ է շենքերը շրջափակման մեջ պահելը, քանի որ երկու շենքում էլ մարդ չկա: 

Այնուհետև ընդդիմության երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից։ Հիշեցնենք, որ երեկ էլ ընդդիմադիրները մի քանի ժամով շրջափակել էին ԱԳՆ շենքը։

ԱԺ փոխխոսնակը հայտնել է՝ հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կգումարեն։ Պահանջելու են, որ խորհրդարանը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ հանդես գա։

«Այդ հայտարարության նախաձեռնությունը մեր բոլոր այն քաղաքացիների համար է, որոնք դեռ կասկածում են, որ սրանք դավաճան են և երկիրն ուզում են տանել նոր կապիտուլյացիայի։ Դրա համար մենք պահանջել ենք ԱԺ արտահերթ նիստ և ասում ենք՝ եթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք այդ նիստին և ստորագրեք այդ հայտարարության տակ»,– նշել է նա։

Այնուհետև Իշխան Սաղաթելյանն ընթերցել է հայտարարության տեքստը։

«Հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների կապակցության ՀՀ ԱԺ հայտարարությունը.

Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները՝ հայտարարում ենք․

  1. Հայաստանի Հանրապետությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
  2. Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։
  3. Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։
  4. Հայաստանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերման նախապայմանով։
  5. Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը։
  6. Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև՝ հայության հոգևոր, մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։
  7. Հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միմյանց հետ շաղկապված չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջազգային տրամաբանությամբ»,- եզրափակել է Սաղաթելյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter