HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ իշխանություն ենք տալիս»․ առաջարկվում է խոշորացնել արդեն իսկ խոշորացված մի քանի համայնք

Կառավարությունն առաջարկում է խոշորացնել արդեն իսկ խոշորացված մի քանի համայնք: Այս նպատակով գործադիրն այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում հավանություն տվեց օրենքներում փոփոխություններ կատարելու իր օրենսդրական նախաձեռնությանը։ Կառավարությունը փաթեթը համարեց անհետաձգելի։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ 2016 թվականին սկսված համայնքների խոշորացման արդյունքում մինչև այսօր Հայաստանի 908 բնակավայր միավորվել է 72 համայնքի մեջ:

«Ներկայում կա 72 խոշորացված համայնք և ևս 7 համայնք, որոնք խոշորացված չեն: Դրանք են՝ Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին բնակավայրերը: Առաջարկում ենք այս պահին գործող 13 խոշորացված համայնքը միավորել 5 համայնքի մեջ՝ նկատի ունենալով, որ վերջին տարիներին անընդհատ քննարկումների արդյունքում ավելի հիմնավորված է եղել շրջանային մոդելի նման տարբերակը: Այս որոշումներով վերադառնում ենք շրջանային մոդելին»,- նշեց նախարարը:

Սանոսյանը ներկայացրեց այն համայնքները, որոնք առաջարկում են միավորել։

Դրանք են՝ Արագածոտնի մարզում Թալին և Արագածավան խոշորացված համայնքները: Դրանք միասին կընդգրկեն 34 բնակավայր: Գեղարքունիքի մարզում կմիավորվեն Ճամբարակն ու Շողակաթը՝ ընդգրկելով 19 բնակավայր: Լոռու մարզում նախատեսվում է ունենալ Ալավերդի խոշորացված համայնք, որը կընդգրկի Օձունը, Շնողը, Ախթալան և Ալավերդին՝ 28 բնակավայր միասին: Լոռու մարզում կմիավորվեն նաև Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը՝ միասին 24 բնակավայր: Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Սիսիան և Գորայք խոշորացված համայնքները՝ 36 բնակավայր:

«Այսպիսով, այս 13 համայնքը, որոնք միասին 141 բնակավայր են, առաջարկում ենք միավորել 5 համայնքի մեջ»,- ասաց նախարարը։

Գնել Սանոսյանի խոսքով՝ փոփոխությունը կիրականացվի սեպտեմբերի 25-ին նախատեսված ընտրություններով։

«Ինչո՞ւ ենք հիմա անում, քանի որ այս բնակավայրերի համայնքապետերի և ավագանիների պաշտոնավարման ժամկետը լրանում է նոյեմբերին»,- հայտնեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ սա Կառավարության ուղեգիծն է:

«Բացի տնտեսական արդյունավետությունից, մենք սրանով ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ իշխանություն ենք տալիս: Ժողովրդավարության ավելի մեծ հարթակ ենք բացում: Մենք համայնքների հզորացման գործընթաց ենք սկսել»,- նշեց գործադիրի ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter